Հոկտեմբերի 16-ին Սլովենիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) իր հավատարմագրերը հանձնեց Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորուտ Պախորին (Borut Pahor)։ Նա Հայաստանի դեսպանն է նաեւ Չեխիայում եւ Սերբիայում։
Բորուտ Պախորը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը և տնտեսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի բարօրություն երկու բարեկամ երկրների և ժողովուրդների։
Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Հովակիմյանը վերահաստատեց իր հանձնառությունն՝ ակտիվ գործունեությամբ և համատեղ ջանքերով նպաստելու հայ-սլովենական հարաբերությունների զարգացմանն ու հետագա խորացմանը։
Առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, ներառյալ՝ երկրում ընթացող բարեփոխումները: Կողմերը նաև մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ, ներառյալ՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործաղությունների վերաբերյալ:
Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հոկտեմբերի 17-ին կայացան նաեւ ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հանդիպումները Սլովենիայի խորհրդարանի Ազգային ժողովի (National Assembly) նախագահ Դեյան Ժիդանի (Dejan Židan) և Ազգային խորհրդի (National Council) նախագահ Ալոյզ Կովշցայի (Alojz Kovšca) հետ:
Կողմերը քննարկեցին երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ընդգծելով դրանց ակտիվացման անհրաժեշտությունը: ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները և երկրում տեղի ունեցող բարեփոխումները:
Հոկտեմբերի 15-ին դեսպան Ա.Հովակիմյանը իր հավատարմագրերի պատճեն հանձնեց Սլովենիայի Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական արարողակարգի տնօրեն, դեսպան Նատաշա Պրախին (Nataša Prah):
ՕՐԵՐ