10.10. 2020ին՝ 10մլն նորատունկ Հայաստանում
Երևան. Երևանի Դվին հյուրանոցային համալիրի համերգային սրահում մեկնարկեց Գլոբալ նորարարության առաջին ֆորումը։ Աշխարհը փոփոխվում է, ու այդ փոփոխությունը կատարվում է չափազանց արագ, ուստի պետք է ոչ միայն պատրաստ լինենք այդ փոփոխություններին, այլ հնարավորինս ուղղորդողի դերում հայտնվելն, ինչն ի զորու է անել Հայաստանը։ Ահա այն հիմնական ուղերձը, որ տվեցին ֆորումի բացման խոսքում ու վերլուծություններում երեք համահիմնադիր խոսնակներ Արմեն Օրուջյանը, Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի գիտության և տեխնոլոգիայի հիմնադրամի (FAST Foundation for Armenian Science and Technology) հիմնադիր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը կարևորեց ֆորումի սկսվող աշխատանքներն ու շեշտեց, որ երկրագնդի ստեղծման համեմատ մաթեմատիկորեն չափազանց փոքր թիվ է մարդկության ողջ պատմությունը, իսկ տեխնոլոգիական զարգացման տարիների քանակն, համապատասխանաբար, պարզապես՝ չնչին մինչդեռ մարդկությունը հասել է զարգացման այսօրվա մակարդակին։ Նա ենթադրեց, որ ապագայի մարդն այսօրվա մարդուց կտարբերվի այնքան, որքան մենք նախամարդուց. «Մենք միաժամանակ անիծված ու օրհնված ենք ապրելու ներկա արագ փոփակերպումներով անցումային ժամանակաշրջանում»։
Ռուբեն Վարդանյանի կարծիքով կյանքն իմաստ ունի, երբ ապրում ես էկոհամակարգում ու գտնում որոշակի հարցերի պատասխաններ։ Նշելով, որ զարգացման հիմքը քրտնաջան աշխատանքն է ու ինքնակրթությունը ողջ կյանքի ընթացում, նա կարևորեց նաև միմյանցից սովորելու հանգամանքն, ցանցային կապեր հաստատելը։
Նուբար Աֆեյանը ևս նշելով, որ Հայաստանը գտնվում է չորս քաղաքակրթությունների խաչմերկում, չափազանց կարևորեց ցանցային կապերը, համագործակցությունը միմյանց վստահող մարդկանց միջև։ Հետաքրքիր զեկույցն ամփոփելիս կարծես կանխատեսելով ունկնդիրների շրջանում ձևավորվող հավանական տպավորությունը ասաց, որ եթե ձեզ թվա, որ մենք զբաղված ենք գիտաֆանտաստիկայով, հոգ չէ, իրենք հենց այդ նպատակն են հետապնդում։ Անշուշտ, պարզ է ակնարկը. չէ որ ամեն մեծ գիտական թռիչք երևակայության թռիչքն է ապահովում։ Դրան մեր օրերում ավելացել է նաև արհեստական բանականությունը, որը Նուբար Աֆեյանն անվանում է աճեցրած բանականություն։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի խոսքի ամենահիշող մասն անշուշտ Հայաստանում հաջորդ տարի ծրագրված մեծ ծառատունկի մասին էր. տասը միլիոն ծառ՝ իբրև ողջ հայության միասնության խորհրդանիշ։ ,,Մեր կառավարությունը շատ ամբիցիոզ մի ծրագիր է մշակել, որը պիտի իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում,- ասաց վարչապետը։
Սրահը լի էր ոչ միայն տարբեր նորարական տեխնոլոգիաների մասնագետներով, փորձագետներով, նախարարներով ու բազմաթիվ լրագրողներով, այլ նաև զինվորներով, որ առաջին հայացքից զարմանք էր պատճառում։ Բայց միայն առաջին հայացքից, մինչև այն պահը, երբ պարզեցինք, որ նրանք Հայաստանի պաշտպանության նախարարության ծրագրավորողներն են։
Իբրև ամփոփում նշենք, որ ներկայացված ելույթների ու բանախոսների ցանկը չափազանց հետաքրքրական է ու բավական ազդեցիկ։ Ֆորումն աշխատանքները կշարունակի մինչև հոկտեմբերի 18ը։ «Ավրորա» մարդասիրական ծրագիրը փաստորեն ընդլայնում է գործունեության սահմանները։
Աննա Կարապետյան
Երևան
Լուսանկարները՝ ՀՀ կառավարության մամուի ծառայության