Պրահայում ծնված եւ համաշխարհային գրականության մեջ ,,Մուսա լեռան 40 օրը» վեպով մեծ համբավ վայելող հանրահայտ գրող Ֆրանց Վերֆելը մինչեւ հիմա Չեխիայի մայրաքաղաքում չունի իր վաստակին համարժեք հուշարձան։ Ավստրիահայությունը Վիեննայում մի այդպիսի հուշարձան վաղուց է կանգնեցրել։
Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան քանիցս նշել է, որ շատ կցանկանար Վերֆելին նվիրված հուշարձան տեսնել Պրահայում։
Իհարկե, մեծ գրողին նվիրված հուշատախտակ կա տեղադրված Պրահայի կենտրոնի՝ Օպլետալովա փողոցի թիվ 41 շենքի վրա, որտեղ 1903-1912 թթ. ապրել է նա։ Հուշատախտակը դրվել է Ավստրիական գրական ընկերությունը, քանի որ իր ստեղծագործական բուռն շրջանում Վերֆելը բնակվել է Վիեննայում։ Բայց այս հուշատախտակը միակը չէ։ Վերֆելի բրոնզաձույլ գլխաքանդակն ու հուշատախտակ է տեղադրված Հավլիչկովա թիվ 11 հասցեում գտնվող շենքի ճակատին, ուր 1890 թվականի սեպտեմբերի 11-ին ծնվել է պրահայաբնակ հրեա գրողը։
Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները եւ Հայաստանի դեսպանությունը վերջին 8 տարիների ընթացքում ամեն տարի ապրիլի 24-ին ծաղիկներ են դնում այս երկու հուշատախտակների առջեւ եւ հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության թեման միջազգային հանրությանը ներկայացրած անվանի գրողին։
Եվ ահա, Չեխիայի Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ, ակադեմիական նկարիչ Տիգրան Աբրահամյանի նախաձեռնությամբ Վերֆելի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 10-ին գրանցվել է ,,Ֆրանց Վերֆելի ընկերակցություն,, որի նպատակն է գերմանական եւ համաշխարհային գրականության երեւելի դեմքերից մեկի՝ գրականության մեջ էքսպրեսիոնիստական ուղղության առաջամարտիկ գրողի ներկայացումը։
Եվ քանի որ 2020 թվականին լրանում է Վերֆելի 130-ամյակը, նորաստեղծ ընկերությունը դրամահավաք է սկսել, որպեսզի Պրահայում կանգնեցվի մեծանուն գրողին արժանի հուշարձան։
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Տիգրան Աբրահամյանը, դրամահավաքն արդեն սկսվել է եւ ցանկացողները փոխանցումներ կարող են կատարել հետեւյալ հաշվեհամարին՝ 2801643347/ 2010 FIO bank հասցեով։
Միջազգային փոխանցումների համար օգտագործել հետեւյալ բանկային հաշվեհամարը՝ IBAN CZ96 2010 0000 0028 0164 3347
Ընկերությունն արդեն քաղաքապետարանից ստացել է համապատասխան իրավունք եւ առայժմ պետք է հավաքվի առնվազն մեկ միլիոն կրոն, որպեսզի կազմվի մասնագիտական հանձնաժողով, անցկացվի մրցույթ եւ ընտրվի լավագույն նախագիծը։ Նախատեսվում է նաեւ սահմանել երեք մրցանակ՝ 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղը գրաված նախագծերի համար։
Ընկերությունը բացել է ֆեյսբուքյան էջ, որի միջոցով կարող եք ծանոթանալ նախաձեռնության մանրամասներին։
https://www.facebook.com/pg/Spolek-Franze-Werfela-107658247314487/posts/?ref=page_internal
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին իրենց մասնակցությունը բերել այս կարեւոր նախաձեռնությանը։
ՕՐԵՐ եվրոպական ամսագիր