ՕՐԵՐ-ի հարցերին պատասխանում է Լիսաբոնի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ,, Հայոց լեզու եւ մշակույթ,, դասընթացի վարող եւ Պորտուգալիա-Հայաստան միության բարեկամության խորհրդի անդամ Լիա Խաչիկյանը։ Նա ծնվել ու հասակ է առել Հայաստանում: Ավարտել է Երևանի Ճարտարապետության և Շինարարության Պետական Համալսարանը՝ ճարտարապետի մասնագիտությամբ։ 25 տարեկանում եկել է Պորտուգալիա՝ մասնագիտական կրթությունը շարունակելու նպատակով: Սովորել է ասպիրանտուրայում։
-Ինչո՞ւ տեղափոխվեցիք Պորտուգալիա։
- Եվրոմիության կրթական խոշորագույն ծրագրերից մեկի՝ Էրազմուսի շրջանակներում տեղափոխվեցի Լիսաբոն՝ մասնագիտական այլ հմտություններ ձեռք բերելու հեռանկարով:Կարճ ժամանակ անց տարվեցի պորտուգալերենով: Շատ հարուստ և գեղեցիկ լեզու է: Միշտ նշում եմ, որ իրականում ես սիրահարվեցի այդ լեզվին: Ամեն ինչ մոռացա և սկսեցի խորապես ուսումնասիրել պորտուգալերենը: Հենց պորտուգալերենն էլ երևի թե պատճառ հանդիսացավ, որ շարունակեմ ապրել և աշխատել Պորտուգալիայում:
-Որքան գիտեմ հայկական դասընթացների գաղափարի հեղինակը Պորտուգալիա-Հայաստան միությունն է։ Ո՞վ աջակցեց այն իրականացնելուն։
- Այո՛, ծրագրի հեղինակը Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունն է։ Գաղափարն այն էր, որ հայերենի դասընթացների կազմակերպումը կարևոր քայլ կլինի Պորտուգալիայի և Հայաստանի միջև մշակութային և կրթական կապերի ստեղծման և զարգացման տեսանկյունից: Այդպես էլ ծնվեց ծրագիրը, որը հետագայում ներկայացրինք Լիսաբոնի Համալսարանի Հումանիտար գիտությունների և արվեստների ֆակուլտետի դեկանին , ում կողմից մեծ հետաքրքրություն և ոգևորություն տեսնելուց հետո, անմիջապես անցանք ծրագրի իրականացմանը:
Ծրագրի կայացմանը մեծապես աջակցեց և շարունակում է աջակցել Գալուստ Գուլբենկյան հիմնադրամի Հայկական համայնքների բաժանմունքը: Կարող եմ վստահորեն նշել, որ առանց Գուլբենկյան հիմնադրամի մասնակցության, որը ծրագրի ֆինանսական աջակիցն է, անհնար կլիներ ծրագիրը կյանքի կոչել այդչափ կարճ ժամանակահատվածում և այդչափ հաստատուն կերպով:
-Արդեն մեկ տարի է ընթանում են դասընթացները։ Կարո՞ղ եք նշել որեւէ շոշափելի արդյունք, որ գրանցել եք այս ընթացքում։
-Շոշափելի ածականն այստեղ ինձ շատ պատասխանատու է թվում: Իմ կարծիքով օտար լեզվի ուսուցման գործընթացում դժվար է մեկ տարում որևէ շոշափելի արդյունք գրանցել՝ հատկապես, երբ այդ լեզուն առաջին անգամ է դասավանդվում առհասարակ Իբերյան թերակղզում: Բավականին երկար և համառ աշխատանք է հարկավոր տանել, որպեսզի ակնհայտ դրական արդյունքների մասին վստահորեն խոսենք: Առհասարակ օտար լեզվի ուսուցման ոլորտում մասնագիտական շրջանակներում երեք-չորս տարին համարում ենք բավարար՝ արդյունքների մասին խոսելու համար: Հուսով եմ, մի քանի տարի հետո Ձեր այս հարցին պատասխանել վստահ կերպով դրական ու հպարտորեն:
Այս պահի դրությամբ որպես դրական գովելի արդյունք կարող եմ նշել ծրագիրը հաջողությամբ ավարտած երեք ուսանողների A1 մակարդակից առավել գիտելիքները: Ինչպես և այլ օտար լեզուների, այնպես էլ հայերենի դասավանդման դեպքում մեր ֆակուլտետում առաջնորդվում ենք Օտար լեզվի տիրապետման համաեվրոպական ստանդարտներով: Սա նշանակում է, չափազանց պարզեցված եթե ներկայացնեմ, ապա առաջին փուլը՝ A1-ն ավարտելուց հետո, ուսանողները պետք է կարողանանան օգտագործել առօրյա արտահայտություններ, իրենց ներկայացնել պարզ նախադասություններով և հասկանալ խոսակցի պարզ խոսքը: Հայերենի դասընթացն ավարտած երեք ուսանողների դեպքում արդյունքները սպասվածից առավել էին: Իհարկե, այսօրինակ արդյունքերը միայն մեկ գործոնով չեն կարող պայմանավորվել: Սա հետևանք է ուսանողի կողմից լուրջ մոտեցման, ձգտման, նվիրումով ու սիրով սովորելու և արտակարգ (այստեղ այս ածականից չեմ խուսափում) ունակությունների:
Իմ կարծիքով մեր գրանցած մեծագույն հաջողությունը հենց սա է, որը ևս մեկ անգամ նշեմ երկկողմանի՝ ուսանող-դասախոս, աշխատանքի արդյունք է: Այս տարի A1-ում ունենք վեց նոր ուսանող, իսկ անցյալ տարվա երեք ուսանողը շարունակում են A2 մակարդակում։
- Մեկ տարվա աշխատանքը նաեւ ինչ-որ շտկումների տեղիք է տալիս։ Կան արդյոք զարգացման այլ ծրագրեր, որոնք ցանկություն ունեք իրականացնելու՝ նկատի առնելով այս փորձառությունը։
-Իհարկե: Տարօրինակ կլիներ, եթե սահմանափակվեինք այսքանով: Ծրագրերը շատ են: Ամեն տարի նոր գաղափարներ են ծնվում, բայց ցավոք մեր աշխատանքային ու ֆինանսական ռեսուրսները դեռևս շատ փոքր են: Բոլոր գաղափարները միանգամից կյանքի կոչելն անհնար է:
Այս պահի դրությամբ առաջնայինը դասընթացի կայացումն է, դրան շարունակական բնույթ տալն ու ամուր հիմքերի վրա դնելը: Ցանկացած աշխատանք զարգացման հեռանկարի տեսակետից, իմ կարծիքով, շրջանագծային հետագծի գաղափարով պետք է դիտակել. ուսումնասիրել սխալները, շտկումներ կատարել ու փորձարկել նոր գաղափարները... Եվ այսպես ամեն կիսամյակ, ամեն տարի՝ մինչև որ լիովին, կամ գրեթե լիովին, աշխատող ծրագիր-մոդել կարողանանք ստեղծել:
Հայերենի դասընթացի տեսանելիությունը մեծացնելու ու նաև գործընկերների ցանցը ընդլայնելու նպատակով նախատեսում ենք գալիք ուսումնական տարում հայոց լեզվի և մշակույթի օրեր կազմակերպել Լիսաբոնում: Ծրագրում ենք նաև հայոց լեզվին և մշակույթին նվիրված գիտաժողով կազմակերպել: Գաղափարները դեռևս ձևավորման փուլում են. ձեր թույլտվությամբ առայժմ խուսափեմ պատասխանատու մանրամասներից խոսելուց:
Ինչ վերաբերում է մեծամասշտաբ ծրագրերին, որպես վերջնական նպատակ Լիսաբոնի համալսարանում Հայագիտական ամբիոնի ստեղծումն է:
- Ինչպե՞ս եք ընտրում ծրագրերը, համագործակցո՞ւմ եք արդյոք նմանատիպ հայկական ամբիոնների հետ։
-ՈՒսումնական ծրագրի ընտրությունն ամենաբարդ հատվածն է իրականում: Շատ բան կախված է ուսանողների՝ մասնագիտական լեզվով ասած՝ պրոֆիլից: Քանի որ հայերենը Լիսաբոնի համալսարանում ուսումնական ծրագրում պարտադիր դասավանդվող առարկա չէ, այլ ազատ դասընթաց է, դրան կարող է մասնակցել 16 տարին լրացած ցանկացած անձ: Հետևաբար ուսանողների կազմը, սոցիալ-դեմոգրաֆիկ և լեզվաբանական գիտելիքների տեսանկյունից, ամենաբազմազանն է. 18-ից մինչև 70 տարեկան, լեզվաբանից մինչև երաժիշտ, 10-ից ավելի լեզուներով խոսողից մինչև մեկ օտար լեզու տիրապետող: Բնականաբար ուսանողների պահանջներն էլ ամենաբազմազանն են, լեզվի ու մշակույթի ընկալման և յուրացման ընթացքը կտրականապես տարբեր յուրաքանչյուրի դեպքում: Բացի այդ շատ կարևոր գործոն է մայրենի լեզվի՝ տվյալ դեպքում պորտուգալերենի և թիրախային լեզվի՝ հայերենի համեմատական վերլուծությունը: Նման պարագայում գոյություն ունեցող ծրագրերը պետք է հարմարեցնել լսարանի պահանջին: Ահա թե ինչու եմ ասում, որ ուսումնական ծրագրի ընտրությունն ամենաբարդ փուլն է դասընթացի կազմակերպման գործընթացում:
Այսօրինակ աշխատանքային ենթատեքստում համագործակցել այլ ամբիոնների հետ, որոնց փորձը միշտ չէ, որ համարժեք է, բառիս լայն իմաստով չի ստացվում:
Իհարկե, դժվարագույն խնդիրների առաջ կանգնելիս առաջին հերթին այլ փորձառու մասնագետների օգնությանն եմ դիմում՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում:
Համագործակցության մի փոքր այլ ֆորմատի փորձառություն ունենք Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական Համացանցային համալսարանի հետ: Ծրագրի ուսանողները հնարավորություն ունեն գրանցվելու Հայկական համացանցային համալսարանի առցանց դասընթացներին և այլ հարթակում, զուգահեռաբար, լիովին և այլ մոտեցմամբ սովորել հայերեն: Սա շատ կարևոր գործոն է՝ առավելություն սովորողի համար, բայց պետք է նշեմ, որ ոչ բոլոր ուսանողնորի պահանջներին համապատասխան է: Ինչպես նշեցի՝ շատ կետեր դեռ փորձարկման և շտկումների փուլում են:
- Ի՞նչ գնահատական են տալիս ձեր դասընթացներին պորտուգալացի ուսանողները։
- Հարցին պատասխանեմ երկու տեսանկյունից՝ արձագանքներ դասընթացի առկայության ու արձագանքներ՝ դասընթացի անցկացման վերաբերյալ: Այն, որ պորտուգալացիներն առաջին անգամ հնարավորություն են ստացել հայերեն, ինչպես իրենք են ասում՝ էկզոտիկ լեզու, սովորելու, նրանց միանշանակորեն ոգևորում ու ուրախացնում է: Այնուամենայնիվ այդ «էկզոտիկությունը» որոշակի խնդիրների է հանգեցնում ուսման պրոցեսում: Շատերը լսարան են մտնում առանց իմանալու, որ հայերենն ունի սեփական գիրը: Հենց այստեղ էլ սկսում եմ դժվարությունները: Սա հիասթափության առաջին փուլն է: Հատկապես միջինից բարձր տարիքի ուսանողները հրաժարվում եմ դասընթացից՝ այն համարելով չափազանց դժվար:
Այբուբենը յուրացնելուց հետո գալիս է դժվարությունների երկրորդ փուլը՝ երկար ու հնչյունական կազմով իրենց ականջին անսովոր բառերը յուրացնելու շրջանը: Թեև ավելի քիչ թվով, բայց այս շրջանում ևս որոշ ուսանողներ որոշում են կայացնում չշարունակել դասընթացը: Ովքեր ամենատարբեր մոտիվացիայից ելնելով, այնուամենայնիվ, շարունակում են, կարողանում են արդեն բավականաչափ կարճ ժամանակահատվածում հասկանալ հայերենի կառուցվածքը, շարահյուսական ու խոնարհման առանձնահատկությունները, այսպես ասած՝ լեզվի մաթեմատիկան՝ ալգորիթմները, ըմբռնել լեզվամտածողությունը: Դրանից հետո ուղղակի պետք է փորձել, փորձել, փորձել ու հաճույք ստանալ ուսման ընթացքից:
Այս ամենը ներկայացնում եմ, որպեսզի անցնեմ դասընթացի կազմակերպմանը ու լսարանում կիրառված մեթոդների վերաբերյալ արձագանքներին: Ինձ տրված արձագանքներից ելնելով՝ գնահատականներն ամենատարբերն են: Չկա մի մոդել, որը կարող է գոհացնել բոլորին: Դասախոսի մեթոդիկան միշտ մեկի համար հիասքանչ է, մյուսի համար՝ անպետք մի բան: Արդեն նշեցի, որ ուսանողների պրոֆիլները՝ ընդունակությունները, աշխարհահայցքները, մտածելակերպը, կյանքի հանդեպ դիրքորոշումը ու պահանջները տարբեր են: Ինձ համար բևեռային հեռավորությամբ արձագանքները սպասելի էին: Ինչը, որ կարևոր եմ համարում, յուրաքանչյուր ուսանողի արձագանքին ու պահանջին հնարավորինս ընդառաջ գնալն է:
Ուրախալին այն է, որ դրական արձագանքները գերակշռող են եղել: Վստահ եմ, որ տարեցտարի, վերանայելով սխալներն ու լուծելով առաջացող բարդությունները, բացասական արձագանքների տոկոսը կլինի միանիշ թիվ:
ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ