Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Պաշտոնական այցով Բելգրադ ժամանած՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է Հայաստանի և Սերբիայի նախագահների առանձնազրույցը, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակությունների մասնակցությամբ: Միեւնույն Սերբիա պալատում շարունակվել է Հայաստանի նախագահի հանդիպումը Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ։  Այնուհետեւ պատվիրակությունը մեկնեց Ազգային Ժողով, ուր Հայաստանի նախագահը հանդիպեց Սերբիայի ԱԺ  նախագահ Մայա Գոյկովիչի հետ։ Պաշտոնական հանդիպումներից հետո նախագահ Սարգսյանը հյուրընկալվել է նաեւ Սերբիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում, իսկ այնուհետեւ հանդիպում ունեցել Միհայլո Պուպինի անվան համալսարանում։ Վերջինիս տնօրեն Սանյա Վրանյեշը շատ հետաքրքրական ձեւով ներկայացրեց իրենց կողմից իրականցվող բազմավեկտոր ծրագրերը, որոնք հիմք են հանդիսանում արդյունաբարության եւ նոր տեխնոլոգիաների զարգացման համար։ 

«Պատիվ է ընդունել Ձեզ այստեղ, - նշել է Սերբիայի նախագահը՝ դիմելով Հայաստանի նախագահին և հայտնելով առանձնազրույցից իր տպավորությունները:- Զգացեք Ձեզ ինչպես տանը: Դուք, որպես ոչ միայն հիանալի քաղաքական գործիչ, այլև գործարար նախկինում մեծ աշխատանքներ եք իրականացրել: Ես իսկապես տպավորված էի տարբեր հարցերի շուրջ Ձեր ունեցած գիտելիքներով»: Հիշատակելով Սերբիայում մեծ ժողովրդականություն վայելող «Վեր կաց, Սերբիա» երգը, որի հեղինակը երկար տարիներ Սերբիայի հեռուստառադիոյի երաժշտական հաղորդումների խմբագրությունը ղեկավարած հայազգի Վարդգես Բարոյանն է, Ալեքսանդար Վուչիչն ասել է․ «Մենք սիրում ենք հայ ժողովրդին և Հայաստանը: Դուք դրանում կարող եք համոզվել ցանկացած տեղ գնալով և ցանկացած մեկի հետ խոսելով: Շատ հպարտ ենք Հայաստանի հետ մեր ունեցած լավ հարաբերություններով: Կարծում եմ՝ վաղուց արդեն ժամանակն է անցնել գործնական քայլերի»: Նա մասնավորապես նշել է, որ քաղաքական հարաբերությունները մեր երկրների միջև մշտապես լավ մակարդակի վրա են եղել: «Սակայն պետք է քայլեր ձեռնարկենք դրանք ավելի լավը դարձնելու համար: Դրա առաջին քայլերից մեկը կարող է լինել Երևանում նոր դեսպանատուն բացելը, - ասել է Սերբիայի նախագահը: - Միևնույն ժամանակ, խոսելով հստակ քայլերի մասին, պետք է քննարկենք, թե միասին ինչ կարող ենք անել թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում: Ունենալով երիտասարդ տաղանդավոր անձինք՝ պետք է օգտագործենք նրանց գիտելիքները»:

Շնորհակալություն հայտնելով Սերբիա այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ալեքսանդար Վուչիչին պաշտոնապես հրավիրել է Հայաստան՝ նշելով, որ ուրախ կլինի նրան հյուրընկալել մեր երկրում: «Գալով Հայաստան՝ վստահ եղեք, որ տուն կունենաք, ինչպես ես այստեղ,- ասել է նախագահ Սարգսյանը: - Դա տուն է բարեկամների համար, քանի որ ես ընկերությունը լուրջ եմ ընդունում, ինչպես բոլորը Հայաստանում: Ես ցանկանում եմ, որ Հայաստանն ավելի մոտենա Սերբիային: Թերևս մենք մի քանի տարի կորցրել ենք, սակայն կարող ենք շատ արագ վերականգնել այդ ամենը:

Համաձայն եմ՝ որ կան մի շարք ոլորտներ, որոնք հատկապես կարևոր են մեր համագործակցության տեսանկյունից՝ նոր տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, մաթեմատիկական մոդելավորում և այլն: Մենք ցանկանում ենք Հայաստանը ներդաշնակեցնել ապագայի հետ, նոր տեխնոլոգիաներ բերել Հայաստան»: Հանրապետության նախագահն ասել է, որ այդ ամենը մեծ ջանքեր են պահանջում, այդ թվում՝ զարգացնելու կրթական համակարգը: «Պետք է տնտեսապես գրավիչ լինել, ունենալ ավանդույթներ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում: Բացի այդ, պետք է ապահովել խոշոր ընկերությունների ներկայությունը: Կարծում եմ՝ սա է ապագան, - ասել է նախագահ Սարգսյանը: - Հայաստանում մեծ ջանքեր ենք ներդնում՝ ստեղծելու գաղափարներ, սովորեցնելու նոր տեխնոլոգիաները: Հպարտ կլինեմ Ձեզ և Ձեր գործընկերներին ներկայացնել դրանք»: Հայաստանի նախագահը նշել է, որ մեր երկրում առաջ է մղվում ստարտափների մշակույթը, և ներկայացրել Հայաստանում կազմակերպվող Seaside ստարտափը, որն ամեն տարի մեկ շաբաթով մեկ հարկի տակ է հավաքում հարյուրավոր անձանց: «Նախաձեռնել ենք նաև ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը, որի շրջանակում ուրախ կլինեինք տեսնել սերբական ընկերություններ կամ ինստիտուտներ Հայաստանում, ինչպես նաև լավ կլիներ, եթե հայկական ընկերություններն այցելեն Սերբիա,- ասել է նախագահ Սարգսյանը: - Մենք տարբեր առումներով շատ նմանություններ ունենք՝ մեր ամենամեծ ռեսուրսը մարդկային ռեսուրսն է: Ես կանեմ հնարավոր ամեն բան, որ այս մակարդակով մեր կապը շարունակվի»:

Նախագահ Սարգսյանը ողջունել է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման և Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության դեսպանության բացման սերբական կողմի որոշումները՝ նշելով, որ դրանք երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ կարևոր քայլ են։

 

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչը հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը.

«Մեծարգո պարոն նախագահ,

Նախ և առաջ կցանկանայի Հայաստանի պատվիրակության և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել Ձեր հրաշալի երկիր այցելելու հրավերի, ինչպես նաև ջերմ ընդունելության համար:

Մեր ժողովուրդներն ունեն դարավոր պատմական և մշակութային կապեր, որոնք այսօր՝ 21-րդ դարում վերաճում են դինամիկ միջպետական հարաբերությունների՝ հիմնված մեր երկրների ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլականի վրա։

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ իմ գործընկերոջ հետ կառուցողական ու արդյունավետ քննարկումներ ունեցանք, որոնք մեր մյունխենյան հանդիպման շարունակությունն էին։ Բանակցությունների օրակարգը բավականին հագեցած էր և լայն։ Երկուստեք վերահաստատեցինք հարաբերություններն ամրապնդելու մեր հանձնառությունը և նոր էջ բացելու ցանկությունը։

Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը մեր այսօրվա քննարկումների արդյունքում համագործակցության հնարավոր նոր ճանապարհներ է բացում գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների ու նորարարության, լեռնամետալուրգիայի և շատ այլ ոլորտներում: Պետք է աշխատենք նոր նախաձեռնություններն իրականություն դարձնելու համար։

Հավատացած եմ, որ մեր համագործակցության շարժիչ ուժերից են նորարարությունը և բարձր տեխնոլոգիաները: Այդ իսկ տրամաբանությամբ մեր պատվիրակության կազմում ընդգրկել եմ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների: Մենք նպատակ ունենք երկու երկրների այդ ոլորտները բերել սերտ համագործակցության:

Խոսելով տնտեսական համագործակցության մասին՝ ցանկանում եմ կարևորել նաև ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները։ Լիահույս ենք, որ այս տարվա հոկտեմբերի 25-ին ԵԱՏՄ և Սերբիայի միջև կստորագրվի ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Ուրախ եմ, որ դա տեղի կունենա այն շրջանում, երբ Հայաստանի Հանրապետությունը նախագահում է ԵԱՏՄ-ում։

Ուզում եմ նաև հիշեցնել, որ 2017 թվականին Հայաստանը Եվրոպական միության հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ է բացում հայ-սերբական համագործակցության համար։

Տիկնայք և պարոնայք,

Պարոն Նախագահի հետ քննարկեցինք նաև տարածաշրջանային և միջազգային կարևորություն ունեցող տարբեր հարցեր։ Երկուստեք ընդգծեցինք միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման և կանոնավոր խորհրդակցությունների անհրաժեշտությունը։

Առանձնակի կարևորեցինք մշակութային կապերը։ Այս շրջանակում, կարծում եմ, շատ էական է, որ ես կրկին շնորհակալություն հայտնեմ Սերբիայի կառավարությանը, անձնապես պարոն նախագահին․այսօր հայտարարվեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն առանց արտոնագրի կարող են այցելել Սերբիա: Սա կարևոր նշան է մեր համագործակցության համար:

Միաժամանակ, այսօր ինձ տեղեկացրին, որ մոտ օրերս պետքարտուղարն այցելելու է Հայաստան, և խոսվելու է մինչև տարեվերջ մեր երկրում Սերբիայի Հանրապետության դեսպանություն բացելու մասին: Սրանք պատահական քայլեր չեն, սրանք քայլեր են՝ ուղղված երկու կողմերի համագործակցությանը:

Խոսելով մարդկային շփումների կարևորության մասին՝ կցանկանայի նշել, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա մեզ օգնության ձեռք մեկնած եղբայրական սերբ ժողովրդի անգնահատելի աջակցությունը, որը ցուցաբերվեց 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքները վերացնելու ժամանակ։ Վաղն այցելելու եմ Ավալա՝ մեր երախտագիտությունը հայտնելու այն օդաչուներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո հայ ժողովրդին օգնություն ցուցաբերելիս: Հայաստանը և հայ ժողովուրդը երախտապարտ են բարեկամ սերբ ժողովրդին։

Մեծարգո պարոն նախագահ,

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ ջերմ ընդունելության և հայ-սերբական հարաբերությունների զարգացման նկատմամբ Ձեր ուշադրության և քայլերի համար: Հույս ունեմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք պաշտոնական այցով հյուրընկալելու Ձեզ Հայաստանում»: