80 տարեկան հասակում Պրահայում իր մահկանացուն է կնքել չեխական էստրադայի եւ փոփ երաժշտության լեգենդ Կարել Գոտտը։ Նա մահացել է երեքշաբթի կեսգիշերից մի փոքր շուտ, իր տանը՝ ընտանիքի շրջապատում: Այս մասին այսօր CTK լրատվական գործակալությանը հայտնել է նրա մամուլի խոսնակ Անետա Ստոլցովան:
«Իմ սրտի խորը վիշտով ես հայտնում եմ, որ երեկ երեկոյան (երեքշաբթի) իմ սիրելի ամուսինը` Կարել Գոտտը լքեց մեզ կեսգիշերից շուտ, ծանր և երկարատև հիվանդությունից հետո: Նա հեռացավ տանը, հանգիստ քնի մեջ, իր ընտանիքի շրջապատում », - գրել է Իվանա Գոտտովան:
Թվիթերի իր էջում արդեն ցավակցություն է հայտնել Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ Գոտտին համարելով մեր ժամանակների ամենամեծ չեխերից մեկը։
2015-ի աշնանը բժիշկները Կարել Գոտտի մոտ ախտորոշեցին ավիշային հանգույցների քաղցկեղ և մեծանուն երգիչն անմիջապես անցավ նպատակային բուժման։ 2016-ի փետրվարի վերջին նա արդեն ստացել էր վեց քիմիոթերապիա, իսկ մարտի 18-ին հայտարարեց, որ քաղցկեղն անհետացել է:
Այնուհետև Գոտտը աստիճանաբար վերադարձավ հանրային կյանքին՝ 2015-ի նոյեմբերի վերջին, եւ անձամբ ստանձնեց քառասուներորդ անգամ չեխական Ոսկե Սլավիկ պատվավոր մրցանակը։
Անցյալ տարվա փետրվարին Գոթը հոսպիտալացվել էր ուժեղ գրիպի պատճառով եւ չեղյալ էր հայտարարել մի քանի ելույթներ։
Գոտտը թողարկել է մոտ երեք հարյուր ալբոմ, առաջինը 1965 թվականին, որոնք վաճառվել են տասնյակ միլիոնավոր քանակությամբ: Վերջին ալբոմը թողարկել է անցյալ տարի։
Երգչի մրցանակների ցուցակը նույնպես երկար է: Օրինակ, նա 42 անգամ արժանացել է չեխական «Ոսկե սլավիկ» մրցանակին, առաջին անգամ ՝ 1963-ին, իսկ վերջինը ՝ 2017-ին: Նախորդ ռեժիմի պայմաններում նա արժանացել է վաստակավոր դերասանի (1977) և ժողովրդական դերասանի (1985) կոչումների, իսկ 2009-ին Նախագահ Վացլավ Կլաուսը նրան պարգևատրել է Չեխիայի ամենաբարձր՝ Ծառայությունների համար մեդալով:
ՕՐԵՐ