Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հոկտեմբերի 1-ին Մարդկային Զարգացման Միջազգային Կենտրոնում տեղի ունեցավ Գագիկ Եգանյանի «Միգրացիոն գործընթացների կառավարման հիմունքները» գրքի շնորհանդեսը։

Գագիկ Եգանյանը 1999թ-ից մինչև 2018թ․ հունիսը հանդիսացել է Հայաստանի պետական միգրացիոն ծառայության պետը,  իսկ մինչ այդ ՀՀ սոցիալական ապահովության նախարարը։

Միգրացիոն ծառայությունում աշխատած տարիներին իրականացրած նախաձեռնություններից էր նաև ուսանողների համար միգրացիոն հարցերով ուսումնական դասընթացի ծրագրի մշակումը։ Սկսած 2010թ-ից նա այդ ծրագիրը նա դասավանդում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ինչպես նաև Հայ-Ռուսական սլավոնական ու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարաններում մագիստրատուրական ծրագրերով սովորող ուսանողների
համար։
Անցած տարի նա լրամշակել էր  նշված  ծրագիրը՝ նրանում դրույթներ նախատեսելով ու համահունչ դարձնելով ԵՄ-ի փորձագետների կողմից Վրաստանի ու Մոլդովայի համալսարանների համար մշակված նույնանուն ծրագրից։  Վերջինս այս տարվա մարտին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտխորհրդի որոշմամբ երաշխավորվել էր տպագրության՝ որպես ուսումնական ձեռնարկ։

Շնորհանդեսին ելույթ ունեցան միգրացիոն ոլորտի ճանաչված մասնագետ Ռուբեն Եգանյանը, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանի միգրացիոն կարողությունների հզորացմանը և սահմանների կառավարմանը» ծրագրի ղեկավար, ՀՀ-ում Նիդեռլանդների պատվո հյուպատոս Կարել Հոֆստրան, Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը, Կովկասյան հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր  Հեղինե Մանասյանը, ճանաչված հասարակական-քաղաքական գործիչ, դոկտոր, պրոֆ. Սերգո Երիցյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, դոկտոր, պրոֆ. Ամատունի Վիրաբյանը։ Հայաստանի համար միգրացիոն երևույթի կարևորությամբ պայմանավորված բոլոր ելույթ ունեցողները շեշտադրեցին գրքի խիստ կարևորությունը և արդիականությունը, քանզի այդ երևույթի վերաբերյալ հանրությունը չունի բավարար տեղեկացվածություն և շատ դեպքերում հնչեցվող կարծիքները կամ արվող եզրակացություններն ունեն զգացմունքային բնույթ, այլ ոչ թե՝ մասնագիտական։

Ներկաները ջերմորեն շնորհավորեցին Գագիկ Եգանյանին այս կարևոր նախաձեռնության համար և մաղթեցին, որ նա դասախոսական գործնեությանը զուգահեռ ուսումնական ձեռնարկներ մշակի ժուռնալիստիկայի, իրավագիտության, տնտեսագիտության ֆակուլտետներում սովորող ուսանողների համար։
Ներկաները  նաև  գոհունակությամբ արձանագրեցին, որ Գագիկ Եգանյանը
լինելով երկարամյա պետական պաշտոնյա իր այդ գործնեությունը արդյունավետ զուգորդել է հետազոտական ու գիտական աշխատանքների հետ, և այսօր նա արժանիորեն համարվում է այդ բնագավառի միջազգային հեղինակություն վայելող, ճանաչված մասնագետներից մեկը։ Նա 2018թ-ին ընտրվել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամ, ժողովրդագրական ու գենդերային հարցերի հանձնաժողովի
նախագահ։

Կարինե Տիտանյան

Երեւան