Թերևս ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանին կարելի է նման բնութագրեր տալ, քանի որ չեմ հիշում Լոռու մարզում որևէ ժողովրդական տոնախմբություն, որին մասնակցած չլինի «Հորովել» համույթի մենակատարը և իր քաղցր ու գրավիչ ձայնով դյութած չլինի հանդիսատեսին։
Նրա երգացանկը շատ լայն է, ընդգրկում է ժողովրդական և գուսանական երգերի լավագույն նմուշները։ Այս ամենի մեջ ևս մեկ անգամ համոզվեցի՝ ներկա լինելով Ստեփան Դալլաքյանի ծննդյան 70 -ամյակի և բեմական գործունեության 50-ամյակի առթիվ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կազմակերպված հանդիսավոր երեկոյի ժամանակ։
Ինչպես նման դեպքերում է ընդունված՝ շնորհավորանքի և գնահատանքի բազում խոսքեր հնչեցին, իսկ երբ ինձ բեմ հրավիրեցին, առաջին հերթին հիշեցի այն համագործակցությունը, որ ունեցանք Ստեփան Դալլաքյանի հետ գուսան Սարգիս Զաքարյանին նվիրված գիրքը տպագրության պատրաստելիս։
Անմիջապես դժվարության հանդիպեցինք.գուսան Զաքարյանի երգերը հիշվում էին բանավոր, առանց նոտաների, իսկ դրանց թիվը մեծ չէր . մեկ տասնյակից մի փոքր ավելի։ Իմ խնդրանքը Ստեփան Դալլաքյանին և երաժշտագետ Էլմիրա Կռոյանի մեկն էր՝ փնտրել,գտնել, հավաքել, ինչու չէ ձայնագրել գուսան Զաքարյանի անզուգական երգերը։
Արդյունքներն իրենց սպասեցնել չտվեցին՝ ձայնագրվեց գուսանի 18 երգը, իսկ նոտագրվեցին 30-ից ավելի գործեր, որոնք ևս փրկված պետք է համարել։ Ու ամեն անգամ, երբ ձեռքս եմ վերցնում գուսան Զաքարյանի «Ամեն գիշեր ունի լուսաբաց.....» գիրքը, կարծես, Ստեփանի կատարումներն են հնչում։
Իսկ Ստեփան էլ ,«Հորովելը» ևս իրենց երգացանկում ընդգրկում եւ մշտապես գուսան Զաքարյանի ստեղծագործությունները կատարում են։ Էլ չեմ խոսում «Թումանյան» երգի մասին,որը հիմնի նման հնչում է թումանյանական միջոցառումներում։
Բացառություն չէր վերջին՝սեպտեմբերի 15-ին անցկացված «Թումանյանական օրը», որին ներկա էին աշխարհի տարբեր երկրներում ապրող Թումանյանի շառավիղները և ոգևորությամբ էին լսում Ստեփան Դալլաքյանի կատարումը։
Հետո էլ սիրված երգիչը պիտի շարունակեր երգել նրանց համար, իսկ դա կարող էր նոր առկայծումներ առաջացնել մայրենիին չտիրապետող շառավիղներից ոմանց մոտ։
Վահագնեցի երգիչը իր հող ու ջրի զավակն է, բնության իրական սիրահար և նա գուսան Զաքարյանի գովերգած Լոռվա սարերն ու ձորերը հենց այնպես չգիտի,այլ անցել է դրանցով,շոշափել ամեն մի քար ու թուփ։
«Ամեն անգամ սարից ուձորից վերադառնալով տուն ,ավելի ու ավելի եմ կառչում ազգային,ժողովրդական,գուսանական երգին, քանի որ դրանցով պարտական ենք պահպանել ու փայփայել մեր ակունքները»,- մի առիթով ասել է Ստեփան Դալլաքյանը։
Եվ դրանք սոսկ խոսքեր չեն,այլև գործելակերպ առանց որի երգիչը չի պատկերացնում իր արվեստի զարգացումը, ընդհարապես ժողովրդական երգարվեստի նկատմամբ հասարակական ուշադրությունը։ Հաճելի է, երբ սիրված երգչի նկատմամբ մեծ հարգանք ու սեր կա։ Եվ դրա վկայությոնը այն ջերմ մթնոլորտն էր,որ թևածում էր դահլիճում, ամեն մի երգի կատարումից հետո՝ անկախ դրանից հոբելյարն էր երգում, թե նրա գործընկերները՝ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանը, Արմեն Ներսիսյանը, Երգչուհիներ Անահիտ Սահակյանը, Սուսաննա Ջաղինյանը, Արփինե Մամյանը, Հասմիկ Թորոսյանը, գուսան Աստղանուշը։ Հանդիսատեսը ներկա եղավ հայ երգի տոնահանդեսի, որի առանցքում էր ժողովրդական երգի անզուգական կատարողի՝ Ստեփան Դալլաքյանի ստեղծագործական ոգին և էությունը։
Ավելի քան վստահ ենք,որ այս հոբելյանները պարզապես ստեղծագործական մի հագրվան են, որն իր պտղաբեր շարունակությունը կունենա Ստեփան Դալլաքյանի ստեղծագործական հաջորդ 50 տարում։ Մեզ մնում է ասել՝ բեղուն հունձք։
Սերգո Երիցյան,
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ,
բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր