Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 Մեր ժամանակների վիրտուոզ ջութակահարներից մեկին՝  Սերգեյ Խաչատրյանին երեկ հոտնկայս ծափահարեց չեխ եւ օտար բարձրաճաշակ հանդիսատեսը, ինչին Սերգեյը հակադարձեց Գրիգոր Նարեկացու ,,Հավուն, հավուն,,ի կատարմամբ՝ հայկական միջնադարյան մեղեդիներով լցնելով քարացած հայացքներով լի Ռուդոլֆինումի  հանրահայտ սրահը։ Սեպտեմբերի 27-ի համերգը, որը նաեւ ուղիղ հեռարձակվում էր Չեխական ռադիոյով, երկար կհիշվի ներկա հանդիսականների կողմից։

Շոստակովիչի ջութակի թիվ 1 կոնցերտի կատարումը ՝ Սերգեյ Խաչատրյանի եւ Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, իրոք,  բացառիկ երեւույթ էր Պրահայի երաժշտական կյանքում։  

 Դժվար էր հավատալ, որ նման բարդ ստեղծագործության կատարումը կարող է ջութակի միջոցով դառնալ այդքան հասանելի՝ միեւնույն ժամանակ հիպնոսացնել դահլիճում ներկա դասական երաժշտության սիրահարներին։  Սերգեյ Խաչատրյանի այս կատարումը սովորական ելույթ չէր, առօրյա կատարում չէր։ Դա ապրված ստեղծագործության բացահայտում էր, խաչատրյանական բացահայտում։ Խոսքերով դժվար է նկարագրել այն մոգական լիցքը, որ նա կարողացավ հասցնել ունկնդիրներին, քանի որ այդ պահի զգացողությունը կարելի էր զգալ միայն դահլիճում։ 

Ջութակի նման տիրապետում ես վաղուց չէի լսել։ Թեեւ 2016-ին նույն դահլիճում  նա արդեն ներկայացրել էր Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը եւ նույն ոգեւորությամբ ոտքի հանել հանդիսականներին, բայց Շոստակովիչի մեկնաբանությունը կարելի է ասել անգերազանցելի էր։

Իհարկե, այդ հարցում նրան վարպետորեն օգնեց նաեւ չեխական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր  Ալեքսանդր Լիեբրիխի հմուտ ղեկավարությամբ։  

Ով կմտածեր, որ հանրահայտ Դավիթ Օյստրախին նվիրված եւ վերջինիս կատարմամբ առաջին անգամ 1955 թվականին Լենինգրադում հնչած կոնցերտն, այսօր՝ գրեթե 65 տարի անց, եվրոպական հանդիսատեսին ամենաբարձր մակարդակով  կներկայացնի մեր հայրենակից Սերգեյ Խաչատրյանը։

 

Իզուր չէ, որ հայ տաղանդավոր ջութակահարն ընտրվել է Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի 2019-2020 համերգաշրջանի հիմնական/ռեզիդենտ/ երաժիշտ։

 Չնայած գերհոգնած վիճակին, նա իր ելույթից հետո վերադարձավ դահլիճ՝ ունկնդրելու համերգի երկրորդ մասը.  Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը կատարեց Անտոնին Դվորժակի 8-րդ սիմֆոնիան, որն իր լավատեսություն սփռող մեղեդիներով եզրափակեց համերգաշրջանի բացման երեկոն։  Դիրիժոր Ալեքսանդր Լիեբրիխն /Alexandr Liebreich/ հիանալի թեթեւությամբ ղեկավարեց մեծանուն չեխ կոմպոզիտորի այդ հրաշալի ստեղծագործությունը։

Սեպտեմբերի 27-ին Խաչատրյանն արդեն չորրորդ անգամ ելույթ ունեցավ Պրահայում, իսկ սեպտեմբերի 12-ին չեխական Օստրավայում բացեց Յանաչեկի անվան միջազգային երաժշտական փառատոնը։

Առաջիկայում Եվրոպական տարբեր քաղաքներում ելույթներից հետո, հոկտեմբերի 20-ին ծրագրված է Սերգեյ Խաչատրյանի համերգը Ճապոնիայում։

Իսկ  Չեխիայի երաժշտասերներին  հաճելի անակնկալ է սպասվում մյուս տարի։ 2020 թ-ի ապրիլին եւս երկու համերգ Պրահայի Ռուդոլֆինումում՝ այս անգամ Բրամսի ջութակի կոնցերտը Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ։

 

Հակոբ Ասատրյան

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի

Հ.Գ. Սերգեյ Խաչատրյանի հետ ՕՐԵՐ-ի ծավալուն հարցազրույցը կարող եք ընթերցել մեր ամսագրի հաջորդ համարում։