Տաուսե Մալակը եզդիական կրոնում ամենամեծ հրեշտակն է, բոլոր հրեշտակների գլխավորը` սիրամարգի տեսքով։ Միշտ նրան շրջապատում են տարբեր առաքելություն ունեցող հրեշտականեր։ Եվ ահա այս հավատալիքային մոտեցումը մղել է գործարար և բարերար Միրզա Սլոյանին նախաձեռնել Տաուսե Մալակի տաճարի կառուցումը։
2015 թվականի ապրիլի 22-ին համայն աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ, նորին սուրբ մեծություն Միրա Միրե Թահսին բեգի գլխավորությամբ տեղի ունեցավ տաճարի հիմնարկեքը։ Եվ ահա 3,5 տարի անց մարմարակերտ տաճարը վեր է խոյացել Մասիսների հայացների ներքո։
«Ուրախ եմ , որ ոչ միայն իմ ,այլև համայն աշխարհի եզդիների երազանքն է իրականություն դարձել,-ասում է Միրզա Սլոյանը,-պատահական չէ, որ այն հայկական հողում է: Չէ ո՞ր այն երկրորդ հայրենիք դարձել տասնյակ հազարավոր եզդիների համար»։
Տաճարի վերաբերյալ որոշ տեղեկություններ է ներկայացնում ճարտարապետ Արտակ Ղուլյանը.«Ինքնատիպ մարմարակերտ կառույց է Տաուսե Մալակի տաճարը։ Տաճարի բարձրութունը 29 մետր է։ Տաճարը ունի մեկ մեծ և յոթ փոքր գմբեթներ, որոնք սկսվում են 8 մետր բարձրությունից։ Մեծ գմբեթը բարձրանում է ևս 7 մետր ուղղագիծ,այնուհետև ևս 11,60 մետր թեք ճառագայթների տեսքով։ Այս ամենին ավելանում է ոսկեզօծ արևը, որի բարձրությունը՝ 2,20 մետր է ։Մեծ գմբեթի արևի ճառագայթների թիվը 24 է, իսկ պատուհանների թիվը՝ 8։Փոքր գմբեթների թիվը 7 է՝ մեկակական պատուհանով։ Յուրաքանչյուրի բարձրությունը 14,65 է՝գումարած 1,30 մ ոսկեզօծ արևը։ Արև կա և տաճարի մուտքային մասում՝ 3,20 մ տրամագծով։ Տաճարը ևս երկու մուտք ունի՝ հյուսիսային և հարավային հատվածից, լայնությունը 18 մետր է երկարությունը` 21»։
Մեր զրույցը շարունակում է շինարարության ղեկավար Համլետ Պողոսյանը։ Նա ասում է, որ տաճարի ներքին մակերեսը հասնում է 200 մետրի։ Ներքին հատվածը ունի կլորավուն խորշեր, որից մեկում տեղադրված է հոգևոր հարթակ:Այստեղից արարողությունների ժամանակ բարձրաձայն աղոթքներ կհնչեն։ Այս հարթակում օնիքսից պատրաստած տարողության մեջ ամփոփված են սուրբ մասունքներ՝ բերված սուրբ Լալըշից։
«Տաճարի դռները փայտից են` արևազարդ, ավելի ճիշտ արևագորգազարդ,- ասում է Համլետ Պողոսյանը,- տաճարի ներսը զարդարում են հատուկ պատրաստված կախովի ջահը և պատերին ձուլված լուսատուները։ Տաճար կարող են ազատ մտնել-դուրս գալ ֆիզիկակական դժվարություններ ունեցողները ևս։ Իսկ կառուցման որակի մասին կդատեն այցելուները: Ես գուցե ինքնագովեստ անեմ և ասեմ, կառուցման նման որակ այլ տեղ փնտրելը շատ դժվար կլինի»։
Այս ամենին կարող են ծանոթանալ բոլոր նրանք, ովքեր կգան Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղ, ուր եզդիական սրբատեղիում սեպտեմբերի 29-ին, ժամը 11.00-ին կմեկնարկեն մի շարք միջոցառումներ, այդ թվում և Տաուսե Մալակի տաճարի օծման արարողությունը։
Կարինե Տիտանյան,
Արմավիր-Երևան