Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 «Ավրորա» ֆորումի շրջանակում Տաթևի վանական համալիրի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալ Կոմիտաս Վարդապետի 150-րդ տարեդարձին նվիրված բացառիկ ցուցադրությանը:

­­­­­­­­­­­­­­­­­­

Սեպտեմբերի 25, 2019 թ., Երևան, Հայաստան. «Կոմիտաս. հանճարի ճանապարհները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը Տաթևի վանական համալիրի տարածքում՝ ձիթանում, բաց է այցելուների առջև այս տարվա սեպտեմբերից:

Այն կազմակերպվել է 2019 թ. հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում կայանալիք առաջին «Ավրորա» ֆորումին ընդառաջ «Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ» IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Ցուցադրությունն իրականացվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Ցուցադրությունը ներառում է Կոմիտաս Վարդապետի՝ Կովկասում, Եվրոպայում, Օսմանյան կայսրությունում և Եգիպտոսում տարբեր տարիներին արված լուսանկարներ և այդ վայրերում նրա գործունեությունը ներկայացնող տեքստային նյութեր:

Այս ցուցադրության շնորհիվ Տաթևի վանական համալիր այցելող զբոսաշրջիկները ծանոթանում են մեծն Կոմիտասի կենսագրությանը, ով համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը:

 

«Խորհրդանշական է, որ այս ցուցադրությունը բացվում է հենց Տաթևի վանական համալիրում, որը դարեր շարունակ եղել է Հայաստանի հոգևոր, կրթական և մշակութային կարևոր կենտրոններից մեկը: Կոմիտասը նաև մեծ ուսուցիչ ու մանկավարժ էր, ով իր գիտելիքներն ու հմտությունները տարածեց աշխարհի տարբեր անկյուններում»,-նշում է ցուցադրության համադրող, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:

 

Ցուցադրությունը ներկայացնում է Կոմիտասի ճանապարհորդությունների աշխարհագրությունը, հայ և օտարազգի մտավորականության հետ տարբեր քաղաքներում ունեցած շփումները: Լուսանկարներում Կոմիտասի կողքին կարելի է տեսնել հայտնի հայ մտավորականներ Հովհաննես Թումանյանին, Ավետիք Իսահակյանին, Ղազարոս Աղայանին, Արշակ Չոպանյանին, Վրթանես Փափազյանին, Գևորգ Բաշինջաղյանին, Ռուբեն Սևակին և այլոց:

 

Ցուցադրության լուսանկարչական նյութը տրամադրվել է Գուրգեն Գասպարյանի «Կոմիտաս Վարդապետ (1869-1935)» (Երևան, 2014թ.) գրքից:

Կոմիտասի 150-ամյակին նվիրված ցուցադրության մեջ ներառված են նաև Վարդապետին վերաբերող բնօրինակ նյութեր՝ հուշամեդալներ, գրքեր, նամականիշեր և Կոմիտասի լուսանկարներով փոստային բացիկներ:

Ցուցադրությունը այցելուների համար բաց կլինի մինչև տարեվերջ:

«Ավրորա» ֆորումի մասին

 

«Ավրորա» ֆորումը բացառիկ և հավակնոտ նոր ասպարեզ է, որը կոչված է խթանելու դրական զարգացումներ և նպաստելու մարդկության հավաքական ներուժի իրացմանը՝ միտված տեխնոլոգիական, գիտական, կրթական, սոցիալական և մարդասիրական ոլորտների հրատապ մարտահրավերների հաղթահարմանը:

 

Ֆորումի առանցքում են բազմաթիվ միջոցառումներ և քննարկումներ, որոնց շրջանակներում հեղափոխական առաջնորդներն ու աշխարհում փոփոխություն կերտողները կկիսվեն իրենց փորձով, մտքերով և տեսլականով, ինչը կբերի հստակ քայլերի և փոփոխությունների: 

 

«Ավրորա» ֆորումը կկայանա Հայաստանում հոկտեմբերի 14-21-ը: Ֆորումի հեռահար օրակարգը կյանքի կկոչվի գործընկեր կազմակերպությունների հետ՝ գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու և տեղական զարգացում խթանելու համատեղ հանձնառությամբ: Ֆորումի հիմնական գործընկերներն են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամըՀայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունըScholae Mundi համաշխարհային կրթական հարթակըUWC Դիլիջան միջազգային քոլեջը և Ամերիաբանկը։

 

2019թ. «Ավրորա» ֆորումը համընկնում է Հայաստանի պատմության յուրահատուկ շրջանի հետ. անցյալ տարի քաղաքական իշխանության խաղաղ փոխանցման արդյունքում Հայաստանը հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում՝ վկայելով, թե ինչպես կարող է կրթված աշխատուժ ունեցող և պայքարի խաղաղ միջոցներին հանձնառու ժողովուրդը հասնել համազգային փոփոխությունների:

 

«Ավրորա» ֆորումը համահիմնադրել են Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը` գլոբալ քաղաքացիների համար այն փոփոխությունների նոր՝ նշանակալի հարթակ դարձնելու ցանկությամբ: Ֆորումն աշխարհին է ներկայանում իր՝  ավելի քան 150 բարի կամքի դեսպաններով՝ գլոբալ առաջնորդներ, որոնք ներկայացնում են քաղաքականության, գիտության, կրթության, գործարարության, ժամանցի, արվեստի և այլ ոլորտներ՝ հանձնառու այսօրվա ու վաղվա սերնդի առջև կանգնած հրատապ և համընդհանուր մարտահրավերների հաղթահարմանը: 

 

***

«Տաթևի վերածնունդ» ծրագրի մասին

 

«Տաթևի վերածնունդ» ծրագրի նպատակն է Տաթևի վանական համալիրի վերականգնումը, տեղական համայնքների զարգացումը և այս վայրի պատմամշակութային և հոգևոր նշանակությանը համապատասխանող անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը։