Հոկտեմբերի 1-ին ժամը 19-ին Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում տեղի կունենա ՙANALOGON՚ հայտնի սյուրռեալիստական, գիտական ամսագրի 88րդ նոր համարի շնորհանդեսը, որի շրջանակներում նախատեսված են նաեւ ամսագրում տպագրված մի քանի հոդվածների քննարկում։
Գիտական ամսագրում առաջին անգամ լույս է տեսել Հովհաննես Թումանյանի ՙՍուտլիկ որսկանը՚՝ կինոռեժիսոր, կենսաբան, թարգմանիչ Անդրան Աբրահամյանի չեխերեն թարգմանությամբ։ Ինչպես նշեց հեղինակը, պետք է ներկայացնի ՙՍուտլիկ որսկանի՚ եւ քվանտային ֆիզիկայի կապը, ինչի մասին ինքը մտածել է, երբ թարգմանում էր Թումանյանի հանրահայտ գործը։ Թե ինչպիսին է այդ կապը, Անդրան Աբրահամյանն այդ մասին մեկնաբանությունը ոչ միայն տպագրել է իր թարգմանությանը կից, այլեւ կմանրամասնի հոկտեմբերի 1-ին՝ իր ելույթի ընթացքում։
Նշենք, որ Անդրան Աբրահամյանը ՙՊլավ՚ ամսագրում 2015թ. արդեն հրատարակել էր Հովհաննես Թումանյանի ՙՄի կաթիլ մեղրը՚ գործի չեխերեն թարգմանությունը։
Շնորհանդեսի ընթացքում ելույթ կունենա նաեւ ամսագրի հեղինակ, պոետ Մաքս Շչուրը, ով կխոսի բուդդիզմի եւ անարխիզմի մասին։
Քննարկումը կանցկացվի ՙԺամանակի ոսկին՚ խորագրի ներքո։
Երեկոն տեղի կունենա Պրահայի քաղաքային գրադարանի փոքր դահլիճում, Մարիանսկի նամեստի 1 հասցեում։
Մուտքը՝ 50 կրոն։
ՕՐԵՐ