Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Իսպանիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի հարցազրույցը

- Պարոն դեսպան, ի ՞նչ ծրագրեր ունեք հայ-իսպանական կապերի զարգացման եւ ամրապնդման հարցում: Իսպանիայում գործում են մի շարք հայկական միություններ,ասոցիացիաներ, մշակութային կենտրոններ,որոնցից մեկը`  Կատալոնիայի "Արարատ" հայկական ասոցիացիան է, որը ներկայացնում եմ ես։

Ո ՞ րն է մեր կազմակերպությունների դերը դեսպանատան նոր որդեգրած աշխատանքային ծրագրերի ու քաղաքականության շրջանակում։

- Հայ-իսպանական հարաբերությունները վերջին տարիներին բնականոն զարգացում են ապրել, սակայն առկա է մեծ ներուժ երկկողմ համագործակցությունն առավել ամրապնդելու և առավել արդյունավետ դարձնելու համար: Այդ գործում իրենց նպաստը կարող են բերել նաև Իսպանիայի հայ համայնքային կառույցները՝ դեսպանության հետ մշտական աշխատանքի շնորհիվ:

Օրեր առաջ ես և մեր դեսպանության անձնակազմը հյուրընկալեցինք հայ համայնքի ներկայացուցիչներին և կարող եմ վստահաբար ասել, որ հանդիպումը բավականին արդյունավետ էր և իսկապես հաջողվեց անկեղծորեն քննարկել մեր համագործակցության հնարավորություններն ու համայնքային խնդիրները:

Անշուշտ, ցանկալի կլիներ, որ հանդիպման հրավերին արձագանքեին առավել մեծ թվով մեր հայրենակիցներ, սակայն ուզում եմ հատուկ ընդգծել, որ բոլոր նրանց, ովքեր այդ օրը ինչ-ինչ պատճառներով չկարողացան ներկա գտնվել հանդիպմանը, մշտապես սպասում ենք դեսպանությունում՝ իրենց հուզող հարցերը քննարկելու համար:

- Պարոն դեսպան,գաղտնիք չէ,որ Բարսելոնան Իսպանիայի ամենահայաշատ քաղաքներից մեկն է,եթե ոչ առաջինը։ Այստեղ ապրող ու աշխատող մեր հայրենակիցները սկսած առօրյա հարաբերություններից մինչեւ իրավական փաստաթղթերի եւ այլ խնդիրների դաշտ, մեղմ ասած անպաշտպան են։ Ցանկացած նման հարցի դեպքում բարսելոնահայերը պետք է գնան Մադրիդ։ Արդյոք ձեր ծրագրերում չե՞ք նախատեսում այստեղ հյուպատոսություն բացել, որն իրավասու կլինի լուծել մեր հայրենակիցների խնդիրները,եւ նաեւ ունենալ այստեղ պատվո հյուպատոս։ Նաեւ չլուծված է մնում  երկու երկրների միջեւ վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման հարցը։

- Իրավացի եք, Բարսելոնան Իսպանիայի ամենահայաշատ քաղաքներից մեկն է և գոհունակությամբ պետք է նշեմ, որ համայնքային կառույցներն այս քաղաքում բավականին ակտիվ և արդյունավետ են աշխատում: Բարսելոնայում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու հարցը մշտապես գտնվել և գտնվում է Հայաստանի Արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում և առաջին իսկ հնարավորության դեպքում, մասնավորապես՝ ֆինանսական, կանդրադառնանք այս հարցի քննարկմանը:

Ինչ վերաբերում է վարորդական վկայականների փոխադարձ ճանաչմանը, ապա կարող եմ ասել, որ այս հարցը գտնվում է մեր երկկողմ հարաբերությունների օրակարգում և դրան մենք անդրադարձել ենք ս.թ. մայիս ամսին Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև Երևանում կայացած քաղաքական խորհրդակցությունների ընթացքում:

Օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կարևորագույն գործառույթներից է իր քաղաքացիների օրինական շահերի պաշտպանությունը և կարող եմ վստահեցնել, որ Իսպանիայում Հայաստանի դեսպանությունն ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա, անում է հնարավորը՝ մեր հայրենակիցներին անհիմն քրեական հետապնդումներից զերծ պահելու համար:

- Շնորհակալություն պարոն դեսպան, թույլ տվեք շնորհավորել Ձեզ եւ Ձեր նոր թիմին։ Մաղթում ենք հաջողություններ Ձեր դժվարին աշխատանքում,հուսով ենք,որ Ձեր անմիջական մասնակցությամբ ու աշխատանքով էլ ավելի կամրապնդվեն հայ-իսպանական կապերն ու հարաբերությունները։

Սարգիս Հակոբյան

Բարսելոնա

հատուկ ՕՐԵՐ-ի համար