100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներածական խոսքը մամուլի ասուլիսի ժամանակ -Սեպտեմբերի 16, Վանաձոր
Հարգելի լրագրողներ,
ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Նախորդ մեր ասուլիսը, որ տեղի ունեցավ 2019 թ. մայիսի 8-ին, ես սկսեցի Նոր Հայաստանի մասին 100 փաստերի հրապարակումով, և ես կարծում եմ, որ այդ ֆորմատը շատ կարևոր է՝ կառավարության կատարած աշխատանքները և նրա արդյունքները հանրությանը ներկայացնելու համար: Ես մտածում էի, որ սեպտեմբերին, եթե մենք ունենանք ևս 50 փաստ՝ հանրությանը ներկայացնելու, դա կլինի շատ լավ արդյունք, բայց այսօր կհրապարեմ ևս 100 փաստ: Եվ այսպես, 100 փաստ Նոր Հայաստանի մասին -2.
1. 2019 թվականի 7 ամիսների տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի Հանրապետությունում ՀՆԱ իրական աճի ցուցանիշը կազմել է 6.8 տոկոս։ Արդյունաբերությունն աճել է 8.4 տոկոսով, շինարարությունը՝ 4.5 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 8.9 տոկոսով, ծառայությունները՝ 15.2 տոկոսով, միջին ամսական աշխատավարձը՝ 5.9 տոկոսով:
2. 2019 թ. առաջին կիսամյակում հարկային եկամուտներն արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ՝ այսինքն՝ նախորդ տարվա համեմատ ավելի ենք հավաքագրել 152 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր:
3. 2018 թվականի մայիսից մինչեւ օրս ի հայտ է եկել 65 հազար 37 աշխատատեղ (աճը՝ 12 տոկոս): Իմիջիայլոց, ասեմ, որ այս փաստաթղթի պատրաստման ընթացքում այս թիվը 3 անգամ փոփոխություն է կրել, որովհետև սա մի աշխատանք է, որ ՊԵԿ-ն անընդհատ անում է, և այս թվերը դինամիկ փոխվում են: Իմիջիայլոց, որպեսզի ամբողջական լինի պատկերը, ասեմ, որ անցյալ տարվա սեպտեմբերի դրությամբ այս թիվը 32 հազար էր ավելացել, հետո հունվարին մենք որոշակի անկում ունեցանք, հետո փետրվարին դարձավ 52 հազար, հիմա՝ 64 հազար: Նկատի ունեմ որոշակի սեզոնայնության պատմականորեն անկումներ գրանցվում են: Այս պահի դրությամբ այս է թիվը:
Եթե 65 հազար 37 գրանցված աշխատատեղերը բաղդատենք ըստ եկամտային հարկի սանդղակի, պատկերը հետևյալն է. մինչև 150 հազար դրամ եկամուտ ստացած աշխատողների քանակը հիշյալ ցուցանիշում կազմում է 11 հազար 536, 150 հազարից մինչև 2 մլն դրամ եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 52 հազար 874, իսկ 2 մլն դրամից ավելի եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 627։ Ըստ այդմ, 150 հազարից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացող սեգմենտը գերակշիռ մեծամասնություն է կազմում, ինչը լավ ցուցանիշ է:
Ըստ հաստատված տվյալների՝ այս խմբի մարդկանց նախորդ տարվա մայիսից մինչեւ այս տարվա օգոստոս վճարվել է 22 միլիարդ 150 միլիոն դրամ աշխատավարձ: Այս սեգմենտի աշխատողների միջինացված աշխատավարձը շուրջ 400 հազար դրամ է:
Ընդհանուր առմամբ նոր գրանցված աշխատողները այս ընթացքում վճարել են ավելի քան 6 միլիարդ դրամ եկամտային հարկ: Սա հատուկ եմ ընդգծում, որպեսզի այն պնդումները, թե սա ընդամենը վիճակագրական ցուցանիշ է, պարզ լինի հանրությանը. այս մարդիկ կոնկրետ 6 միլիարդ դրամ հավելյալ հարկ են վճարել:
4. 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000 դրամներ) իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով կամ 9.6 տոկոսով:
5. 2019 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 76.4 միլիոն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տրվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 38.5 տոկոսով։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է 208.6 մլրդ դրամով, կամ 21.4 տոկոսով ավելի առեւտրաշրջանառություն։
6. 2019 թվականի հունվար-հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե են գեներացվել 511 մլրդ դրամի հարկային մուտքեր։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 մլրդ դրամի մուտքեր։ Այսինքն, 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14 տոկոս կամ 64 միլիարդ դրամ: 1000 խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած, հանրային որոշակի հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը 2019թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն ավելացրել է պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը: Մասնավորապես, «Ֆլեշ» ընկերությունը 2019-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ, վճարել է 2.8 մլրդ դրամով կամ 58 %-ով ավելի հարկ, «Յուքոմ» ընկերությունը վճարած հարկերի ծավալը գերազանցել է 1 մլրդ դրամով կամ 26 %-ով, «Նատալի Ֆարմ» ընկերությունը` 0.7 մլրդ դրամով կամ 37 %-ով, «Սպայկա» ընկերությունը` 1.4 մլրդ դրամով կամ 117 %-ով, «Սաս-Գրուպ» ընկերությունը` 0.9 մլրդ դրամով կամ 82 %-ով, «Մաքս Պետրոլ» ընկերությունը` 2.2 մլրդ դրամով կամ 122 %-ով, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»` 4.9 մլրդ դրամով կամ 20 %-ով, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` 2.1 մլրդ դրամով կամ 10 %-ով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` 1.3 մլրդ դրամով կամ 20%-ով:
7. 2019 թ. հուլիսի դրությամբ Հայաստանի ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թիվը նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ աճել է 24 հազար 500-ով: 2019 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում գրանցվել են 20 հազար 356 նոր տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում՝ 15 հազար 614 ԱՁ, 4 հազար 653 ՍՊԸ, 89 ՓԲԸ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում նոր գրանցված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ աճը կազմել է 14.4%:
8. «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B1»-ից դարձնելով «Ba3»: Որոշումը հիմնված է «Մուդիզ»-ի այն գնահատականների վրա, որ Հայաստանում տնտեսական աճի ընդլայնվող դիվերսիֆիկացումը, զուգակցվելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ, բարձրացնում է Հայաստանի տնտեսական դիմադրողականությունը: «Մուդիզ»-ն իր հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանում իրական ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կմնա բարձր: Հատկապես կարեւորվել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը, որն առավելապես զբաղված է բարձր տեխնոլոգիաների հետազոտությամբ ու զարգացմամբ եւ հանդիսանում է գիտելիքահեն տնտեսության ուժեղ հիմք:
9. 2019 թ. առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել: Մասնավորապես՝
- Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5 տոկոսով,
- Չինաստանից ժամանածներինը՝ 53.5 տոկոսով,
- Նիդերլանդներից ժամանածներինը՝ 34.9 տոկոսով,
- Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30 տոկոսով,
- ԱՄԷ-ից ժամանածներինը՝ 29.7 տոկոսով,
- Հունաստանից ժամանածներինը՝ 29 տոկոսով,
- Իտալիայից ժամանածներինը՝ 24.4 տոկոսով,
- Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9 տոկոսով,
- Ճապոնիայից ժամանածներինը՝ 22.2 տոկոսով,
- Ռուսաստանից ժամանածներինը՝ 19 տոկոսով,
- Շվեդիայից ժամանածներինը՝ 19 տոկոսով,
- ԱՄՆ-ից ժամանածներինը՝ 15 տոկոսով,
- Ֆրանսիայից ժամանածներինը՝ 13 տոկոսով:
Ընդհանուր առմամբ 2019-ի առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.3 տոկոս աճ: Կենտրոնական բանկի հաշվարկներով՝ այս տարի, արդեն օգոստոսը ներառյալ, նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են ավելի քան 200 միլիոն դոլար ավելի գումար, քան նախորդ տարի, այսինքն՝ նախորդ տարվանը գումարած 200 միլիոն դոլար:
10. 2019-ի հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորված զբոսաշրջիկների թվի հավելաճը կազմել է 60 տոկոս։ Մասնավորապես, եթե 2018 թ. հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորվել էր Հայաստան ժամանողների միայն 20 %-ը (շուրջ 140 հազար զբոսաշրջիկ), ապա 2019թ․ հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորված զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմել է շուրջ 29 %, այսինքն՝ ավելի քան 222 հազար զբոսաշրջիկ: Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ զբոսաշրջային ոլորտում առկա է նաեւ որոշակի որակական աճ, ինչն էլ բերում է հավելյալ արտարժութային մուտքերի։ Կացության կազմակերպմամբ զբաղվող տնտեսվարողների վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 38 %-ով, այսինքն՝ շուրջ 1 մլրդ դրամով: Զբոսաշրջային կազմակերպությունների վճարած հարկերը ավելացել են 53 տոկոսով կամ շուրջ 400 միլիոն դրամով։ Այս թվերը նույնպես կարևոր են, որպեսզի արձանագրենք, որ սա ընդամենը վիճակագրական տվյալ չէ, այլ կոնկրետ տնտեսական ցուցանիշ, որն արտահայտված է կոնկրետ դրամներով, կոնկրետ չափերով:
11. Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է «2019թ. զբոսաշրջության մրցունակության զեկույցը», որի համաձայն՝ Հայաստանը 5 կետով առաջընթաց է արձանագրել և այժմ զբաղեցնում է 79-րդ տեղը, նախորդ՝ 84-ի փոխարեն:
12. 2019 թվականի 7 ամիսների արդյունքներով հաջողվել է տարվա մեկնարկին նկատված արտահանման անկումը հաղթահարել եւ գրանցել 3 տոկոս արտահանման աճ։ Տարեսկզբի միտումները կապված էին Հայաստանի տնտեսության տրանսֆորմացիոն գործընթացների հետ։ Ընդ որում, հուլիսին արձանագրվել է արտահանման 19 տոկոս աճ։ Առաջին յոթ ամսվա կտրվածքով միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումն աճել է 40.9 տոկոսով եւ հանդիսացել արտահանման հիմնական քարշակող ուժը, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումն աճել է 34.4 տոկոսով: Էական աճ են արձանագրել ոսկերչական իրերի արտահանումը՝ 58 տոկոս, մրգային գինիների արտահանումը՝ 41 տոկոս, շոկոլադի արտահանումը՝ 35.1 տոկոս, թարմ ձկան արտահանումը՝ 23.6 տոկոս, տեղական արտադրության հագուստի արտահանումը՝ 17 տոկոս, բուսական ծագման չմշակված գյուղմթերքի արտահանումը՝ 15.6 տոկոս, կոնյակի, ռոմի, օղի, լիկյոր տողով արտահանումը՝ 12.3 տոկոս, ջրերի արտահանումը՝ 10 տոկոս։ Ընդհանուր առմամբ 7 ամիսների ընթացքում արտահանումն աճել է 42.5 մլն դոլարով։
13. 2019 թ. առաջին 8 ամիսներին գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա համեմատ արձանագրվել են հետևյալ փոփոխությունները. ջերմոցային տնտեսությունների մակերեսն ավելացել է 48%-ով կամ 426.2 հեկտարով, կաթիլային համակարգերով ոռոգվող հողատարածքների մակերեսն ավելացել է 56%-ով կամ 1004 հեկտարով, հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարածքների մակերեսը գրեթե կրկնապատկվել է՝ ավելանալով 94.5%-ով կամ 182.2 հեկտարով, սառնարանային տնտեսությունների հզորություններն ավելացել են 26%-ով կամ 15.1 հազար տոննայով:
Որպես այս միտումների կոնկրետ արտահայտություն՝ ուզում եմ արձանագրել հետևյալը, որ այս տարի նախորդ տարվա համեմատ, ջերմոցներում կամ ոչ ավանդական գյուղատնտեսական պայմաններում արտադրվող մի շարք ապրանքների արտահանման ցուցանիշների ահռելի աճ է արձանագրվել: Մասնավորապես, վարունգի արտահանման աճը կազմել է 174 տոկոս, սնկի արտահանման աճը՝ 202 տոկոս, ելակի արտահանման աճը՝ 184 տոկոս:
14. 2019 թվականի հունվարից հուլիս ամիսների ընթացքում տրամադրված հիպոթեկային վարկերը կազմել են 84.5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում տրամադրված հիպոթեկային վարկերի ծավալը 90.5%-ով:
15. 2019թ. հուլիսին 2018թ. հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են 17.1 տոկոսով: 2019թ. հուլիսին 2018 թվականի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքներն աճել են 11.7 տոկոսով: Գործարքների աճը գրանցվել է մարզերի եւ ոչ թե՝ մայրաքաղաք Երեւանի հաշվին:
16. 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: 2019-ի հունիսի դրությամբ վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով:
17. 2019թ. օգոստոս ամսվա վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստները կազմել են շուրջ 2.3 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով շուրջ 230 մլն ԱՄՆ դոլարով: Նշված ժամանակահատվածում աճն ապահովող գործոններից առանձնանում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից շուրջ 351 մլն ԱՄՆ դոլարին համարժեք արտարժույթի առքը, ինչը ներքին շուկայում արտարժույթի ավելցուկի արդյունք է։ Պահուստների ընթացիկ մակարդակը 2013 թվականից մինչ օրս երբեք ավելի բարձր չի եղել։
Իրականում, սակայն, այսօր մենք միջազգային պահուստների պատմականորեն ամենաբարձր մակարդակն ունենք, որովհետև 2013թ. ցուցանիշը կապված է եվրոբոնդերի թողարկման հետ, երբ մենք մեծ քանակությամբ արժույթ ենք բերել և մեր պահուստում արձանագրել ենք: Հիմա տրամաբանորեն, երբ մենք եվրոբոնդերի խմբաքանակը նոր թողարկումը կիրականացնենք, այդ պահից կունենանք Հայաստանի միջազգային պահուստների ամենաբարձր մակարդակը նաև դե յուրե, իսկ այս պահին դե ֆակտո երբեք Հայաստանի միջազգային պահուստներն ավելին չեն եղել:
18. 2018-2019թթ-ի ընթացքում հարկային վարչարարության բարելավման հետևանքով արդեն իսկ զգալի կրճատվում են ստվերային տնտեսության չափերը։ Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի աճը վերջինիս լավագույն մոտարկող գնահատականներից մեկն է, որը 2019թ. սպասվում է, որ կավելանա 1.3-1.5 տոկոսային կետով՝ հասնելով 22.3-22.5 տոկոսի: Նույնիսկ զտելով այս տարվա հարկերի հավաքագրման յուրահատուկ գործոնները (օրինակ, հարկային դրույքների փոփոխությունը, ավտոմեքենաների աննախադեպ ներմուծումը և նման գործոններ)՝ կարելի է պարզ ձևով մոտարկել, որ 2019թ. ընթացքում մենք կունենանք ՀՆԱ-ում ստվերային տնտեսության ավելի քան 3 տոկոսային կետով կրճատում։ Հենց սա է մեզ համար հնարավորություններ բացում վերադարձնել նախկին պարտքերը, ավելացնել կապիտալ ներդրումները և գնալ աշխատավարձերի ու թոշակների աստիճանական բարձրացման ճանապարհով։
Այստեղ ես ուզում եմ մի հավելյալ փաստի մասին էլ խոսել. Արժույթի միջազգային հիմնադրամը, երկար տարիներ Հայաստանի հետ աշխատելով կառավարությունում, ի վերջո, իր ռեկոմենդացիաներում գրել է, որ եթե Հայաստանի Հանրապետությունն, ասենք օրինակ, տարեկան 0.3 տոկոսով հարկեր/ՀՆԱ ցուցանիշն ավելացնի, դա կհամարվի չափազանց լավ արդյունք: Միայն 2019թ. մենք հարկեր/ՀՆԱ արդյունքը հարաբերակացությունն ավելացնում ենք 1.3-ից 1.5 տոկոսով, այսինքն՝ 4 անգամ ավելի բարձր տեմպերով:
19. Երկրում գնաճը պահպանվում է ցածր, կառավարելի մակարդակում եւ, որ ամենակարեւորն է, այն քիչ տատանողական է: 2019 թ. հունվար-հուլիսին միջին գնաճը կազմել է 1.9 տոկոս, իսկ հուլիսին 12-ամսյա գնաճը՝ 1.7 տոկոս։ Այդ ամենն ապահովվում է վերջին ժամանակաշրջանում ազգային արժույթի նկատմամբ վստահության շարունակական բարձրացումը, ինչը շատ կարեւոր է, որ արտահայտվում է նաեւ տնային տնտեսությունների նվազող գնաճային սպասումներում։
Համաձայն ԿԲ կողմից իրականացված հարցումների՝ ներկայում գրեթե բոլոր հարցվածները (95 տոկոսը) ակնկալում են, որ գների կայունությունը կպահպանվի նաեւ ապագայում (1-5 տարվա հորիզոնով), ինչը շատ կարեւոր է մակրոտնտեսական կայունության համար։ Սա նշանակում է, որ տնային տնտեսություններն ու կազմակերպությունները կարող են շատ ավելի լավ պլանավորել իրենց տնտեսական գործունեությունը եւ իրականացվող խնայողություններն ու ներդրումները։ Ազգային արժույթի նկատմամբ վստահության աճն իր արտացոլումն է գտել նաեւ դոլարիզացիայի մակարդակի շարունակական կրճատման մեջ, որը վերջին տարվա ընթացքում նվազել է 4 տոկոսային կետով՝ հուլիսին հասնելով 48.6 տոկոսի։
Սա նշանակում է, որ հայաստանցիների մեծամասնությունը՝ 51.4 տոկոսը, նախընտրում են իրենց ունեցած գումարը բանկերում պահել դրամով, ինչը նույնպես շատ կարեւոր է, քանի որ նվազեցնում է տնտեսվարողների արժութային ռիսկերը եւ նպաստում է ֆինանսական համակարգի կայունության լրացուցիչ բարելավմանը։
20. Ընդունվել է լայնամասշտաբ եւ մասնակցային քննարկումների արդյունքում ձեւավորված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքը, որի արդյունքում՝
- Շրջանառության հարկի շեմը 58.35 միլիոն դրամի փոխարեն սահմանվել է 115 միլիոն դրամ, այսինքն՝ կրկին բարձրացվել է,
- մինչեւ 24 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող միկրոբիզնես համարվող ընկերություններն ազատվում են հարկերից, մի մասն արդեն ազատվել է, ովքեր անցում են կատարել ընտանեկան ձեռնարկատիրությունից, մյուս մասը 2020 թ. հունվարի 1-ից կազատվի,
- ֆիզիկական անձի դեպքում միեւնույն տարվա մեջ ձեռք բերված 2-րդ մեքենան վաճառելու դեպքում հաշվարկվող 20% եկամտային հարկի փոխարեն, սահմանվել է նոր կարգ՝ եթե ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո 365 օրվա ընթացքում, հաշվարկվում է 1% եկամտային հարկ, բայց ոչ պակաս, քան 1 ձիաուժը 150 դրամ: Ձեռքբերման օրվանից 365 օր հետո օտարվելու դեպքում որևէ հարկ չի գանձվում: Այսինքն՝ այստեղ բաժանվել է տրամաբանությունը, որ եթե ակնհայտորեն բիզնես նպատակով է մարդը երկրորդ մեքենան ձեռք բերում և վաճառում, հարկն իջեցվել է, բայց հարկ գանձվում է, իսկ եթե ոչ բիզնես նպատակով, ընդհանրապես հարկ չի գանձվում:
- Հայաստանում գրանցված բեռնատար ավտոմեքենաների համար սահմանված ճանապարհային հարկը վերացվել է,
- ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից թեթեւ մարդատար ավտոմեքենաներով տաքսի ծառայությունների մատուցման գործունեությունն ազատվել է պետական տուրքից,
- Ֆիզիկական անձանց միջեւ իրականացվող՝ անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքներն ազատվել են եկամտային հարկով հարկումից,
- Սահմանվել է 23 տոկոս համահարթ եկամտահարկ, ինչի արդյունքում 2020 թ.հունվարի 1-ից շուրջ 200 հազար մարդու աշխատավարձը կբարձրանա: Այսինքն՝ ֆորմալ առումով աշխատավարձը չի բարձրանա, բայց քանի որ հարկերը կնվազեն, 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա: Իմիջիայլոց, ասեմ, որ շատ զինվորականներ, ում աշխատավարձը հիմա մեկ անգամ բարձրացել է, մեկ անգամ էլ կբարձրանա հունվարի 1-ից այս փոփոխության արդյունքում՝ կախված իհարկե նրանց աշխատավարձերի չափերից,
- Եվ բիզնեսի համար շատ կարևոր փոփոխություն՝ շահութահարկը 2 %-ով նվազել է՝ 20%-ից դառնալով 18%:
21. Հարկային արտոնություն ստանալու համար դիմած նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություների թիվը հասել է 159-ի, որից հարկային արտոնության հավաստագիր է ստացել 113 ընկերություն: Դիմած ընկերությունների 20 %-ի սեփականատերերը հայրենադարձներ են՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նիդերլանդներից եւ այլ երկրներից: Մինչեւ 2022թ. ոլորտում նախատեսվում է ստեղծել 1000-1200 աշխատատեղ՝ միջինը 500.000 ՀՀ դրամ աշխատավարձով: Հարկային արտոնությունը ենթադրում է շահութահարկից ազատում եւ աշխատակիցների աշխատավարձի նկատմամբ համահարթ 10% եկամտային հարկի սահմանում: Սա ստարտափերին մեր աջակցության ծրագիրն է:
22. 2018 թ. հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 12 ներդրումային ծրագրերի, որով նախատեսվել է իրականացնել 34.9 մլրդ դրամ ներդրումային ծրագիր եւ ստեղծել 813 աշխատատեղ։ Մաքսատուրքից ազատման գծով արտոնություն է տրվել 19 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 44.6 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 1271 աշխատատեղ։ 2019 թ. հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 9 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 95.5 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 969 աշխատատեղ, մաքսատուրքից ազատման գծով արտոնություն է տրվել 40 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 153 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 2378 աշխատատեղ։ Այսպիսով՝ 2 ծրագրերի շրջանակում ներդրումների աճը կազմել է 212 տոկոս կամ 3 անգամ, ակնկալվող աշխատատեղերը աճել են 1263-ով կամ 60.6 տոկոսով։
23. Կառավարությունը տնտեսական մի աննախադեպ որոշում է կայացրել. 2835 ընկերություններ ունեն ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդներ, որոնք գոյացել են մինչեւ 2017 թ. հուլիսի 1-ը: Սրանք այն գումարներն են, որ պետությունը ավելացված արժեքի հարկի գծով պարտք է տնտեսավարողներին և այդ պարտքը, ըստ էության, բոլորը գիտեին, որ գրված է սառույցին, այսինքն նույնիսկ օրենքում գիծ էին քաշել, որ բոլորը հասկանան, որ այդ պարտքի վրա խաչ քաշեն: Կառավարությունը շուրջ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու որոշում է կայացրել, ինչը գործնականում կսկսվի ԱԺ-ի կողմից համապատասխան օրենքը ընդունելուց հետո: Առաջարկի իմաստն այն է, որ տնտեսվարողներն այդ գումարները, որոնք ետ ստանալու հույսը վաղուց են կորցրել, ներդնեն մեր տնտեսության մեջ: Սա, ըստ էության, ավելի քան 100 միլիոն դոլարի պետական ներարկում է տնտեսության մեջ, որը մեր երկրի պատմության մեջ նախադեպը չունի:
Դուք գիտեք, ձեզանից շատերն այդ մասին գրել են երկար տարիներ, որ մենք երկրում ունեցել ենք հարկային գերավճարներ հավաքելու պրոբլեմ, այսինքն՝ երբ մարդը հարկային պարտավորություն է ունեցել 50 դրամի, մենք իրեն ասել ենք՝ ոչ, քանի որ հավաքելու խնդիր ունենք, 80 դրամ պետք է տաս: Հիմա երբ մեր կառավարությունն անցած տարի ձևավորվել է, այս գծով պետությունը տնտեսվարողներին ունեցել է 133 միլիարդ դրամի պարտք, և անցած տարվա մայիսից մինչև օրս մենք 124 միլիարդ դրամ անցումային գերավճարի գումարները մարել ենք: Այսինքն՝ պարտքերը մարել ենք, ինչպե՞ս ենք մարել. այդ մարդուն ընթացիկ հարկ է գոյացել, մենք իրեն ասել ենք՝ պետք չէ, դուք այդ հարկերը մի վճարեք, որովհետև դուք այստեղ գերավճար ունեք, և այդ հաշվարկներով 124 միլիարդ դրամ վերադարձրել ենք տնտեսվարողներին: Հիմա այս 2 որոշումների արդյունքում մենք մոտավորապես 500 միլիոն դրամի կոնկրետ ուղիղ պետական ներդրում ենք արել տնտեսության մեջ:
24. 2019թ. մայիս-օգոստոս ամիսներին ՀՀ մարզերում 141 սկսնակ գործարարներ մասնակցել են ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող ձեռներեցության դասընթացների, ներկայացվել են 104 գործարար ծրագրեր, որոնցից 74-ին հասանելի կլինի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցությունը՝ մինչեւ 5 մլն ՀՀ դրամ վարկային երաշխավորության տեսքով: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ֆինանսական աջակցության ծրագրերի շրջանակում 35 սկսնակ գործարարների տրամադրվել է 138,6 մլն ՀՀ դրամի վարկային երաշխավորություն, եւս 40 սկսնակ գործարարների ֆինանսավորումը գտնվում է ընթացիկ փուլում:
Սա էլ այն մարդկանց համար, ովքեր ասում են՝ ասում եք աշխատեք, աշխատեք, բա ոնց աշխատենք՝ ոչ փող ունենք, ոչ գրավ ունենք և այլն: Սա էլ այդ մարդկանց համար ճանապարհն է, որ կարելի է բիզնես-մտահղացումը ձևակերպել, ՓՄՁ ԶԱԿ-ի և այլ կրթական ծրագրերի շրջանակում վերապատրաստում անցնել, վարկային երաշխավորությունն ստանալ, այսինքն՝ պետությունը երաշխավորի, որ այս մարդն, այո՛, ունի գաղափար և արդեն իսկ ունի հմտություններ այդ գաղափարն իրականացնելու, պետության երաշխավորությամբ ստանալ վարկը և իրականացնել բիզնես ծրագիրը:
25. 2019 թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում տրամադրված վարկերի տոկոսադրույքները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են հետեւյալ կերպ՝
- Հիպոթեկային վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նվազել է 0.2 տոկոսային կետով:
- Գյուղատնտեսությանը տրամադրված վարկերի տոկոսադրույքները նվազել են 0.7 տոկոսային կետով։
- Սպառողական վարկերի տոկոսադրույքները նվազել են 0.3 տոկոսային կետով։
26. Կառավարությունը հաստատել է 2019թ. համար 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնք կիրականացվեն մարզերում: Սուբվենցիոն ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ դրանք համաֆինանսավորվում են համայնքների եւ կառավարության կողմից: Տվյալ դեպքում 12.9 միլիարդը տրամադրում է կառավարությունը, 10.3 միլիարդը՝ համայնքները: Այս սուբվենցիաներով անելը շատ կարևոր է նրանով, որ համայնքներն իրենք ստանում ենք շահագրգռություն՝ իրենց ներքին եկամուտներն ավելացնելու: Հանրությունն էլ իմանալով, որ այս ծրագրերը նաև իր վճարած գումարներով են իրականացվում, որակի վրա ավելի նախանձախնդիր հանրային վերահսկողություն է իրականացնում: Ըստ այդմ, այս ծրագրերի շրջանակում՝
- 234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբարեկարգվեն,
- 58 բնակավայրում կիրականացվեն ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,
- 37 բնակավայրում կկառուցվեն կամ կնորոգվեն ոռոգման համակարգեր,
- 42 բնակավայրում կիրականացվի մանկապարտեզների կառուցում կամ հիմնանորոգում,
- 58 բնակավայրում կգործարկվեն էներգախնայող լուսավորության համակարգեր,
- 53 բնակավայրում կկառուցվեն կամ կնորոգվեն հասարակական նշանակության շենքեր,
- 15 բնակավայրում կիրականացվեն գազամատակարարման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,
- 23 բնակավայրում ձեռք կբերվեն հակակարկտային համակարգեր,
- 24 բնակավայրում կիրականացվեն պուրակների, հրապարակների, այգիների կառուցման կամ բարեկարգման աշխատանքներ:
27. Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու որոշում է կայացվել։ Կառավարությունն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ եւ 21,5 հա հող է հատկացրել այս նպատակի համար: Մաքսատան բացումը նախատեսվում է հոկտեմբերին։
28. Ճանապարհների նորոգման ծրագրով այս պահին ավարտված է 62.7 կիլոմետր ճանապարհ, 307 կիլոմետրի շինարարությունը ընթացքի մեջ է: Տարվա արդյունքներով կգերակատարվի 330 կիլոմետր ճանապարհ նորոգելու խոստումը: Այս թվի մեջ չեն մտնում Երեւանում, Գյումրիում եւ մյուս համայնքներում նորոգված ճանապարհները: Խոսքը միայն հանրապետական եւ միջպետական նշանակության ճանապարհների մասին է: Լայնածավալ աշխատանքներ են կատարվել նաեւ համայնքներում. Երեւանում, օրինակ, այս տարի նորոգվել է 70 կմ ճանապարհ:
Այս կետի հետ կապված ուզում եմ մեկ մեկնաբանություն անել. այսօր փաստացի Հայաստանում ինչքան ճանապարհաշինական ներուժ կա, այդ ամբողջը զբաղված է և ապահովված է աշխատանքով: Այս կետի վերաբերյալ ես մի փոքր վերապահում ունեմ. մենք անընդհատ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ բանավեճի մեջ ենք, բայց փաստն այն է, որ մենք այսօր Հայաստանում ինչքան ճանապարհաշինական կարողություն կա, իրենց ապահովել ենք աշխատանքով և գործով: Մենք փաստեր ունենք, որ երբ մրցույթ ենք անում ճանապարհաշինարարության համար, ոչ մի ընկերություն չի մասնակցում մրցույթին, որովհետև այս տարի այնքան աշխատանքն են իրենք ստանձնել և դեռ հարց է՝ այդ աշխատանքը կկարողանան անել, թե ոչ, ահա այսպիսի խնդիր կա: Այսինքն՝ մենք ֆինանսավորման պրոբլեմ չունենք, և, ինչպես արդեն ասել ենք, պլանավորում ենք հաջորդ տարի առնվազն 500 կմ ճանապարհ կառուցենք: Բայց իմ կանխատեսումն հետևյալն է, և ես հույս ունեմ, որ մեր այս պլաններին՝ օրինակ, արտերկրում ճանապարհաշինություն իրականացնող և այդպիսի ընկերություն ունեցող մեր հայրենակիցները, այս մեր հայտարարությանն արձագանքելով, կգան և Հայաստանում գործունեություն կծավալեն, մրցույթների կմասնակցեն, մանավանդ մենք հիմա պատրաստվում ենք կառավարության որոշումներում փոփոխություն անել, որ որակյալ աշխատանք անելու երաշխավորություններ չներկայացնող կամ այդպիսի երաշխավորություններ ներկայացնելու հնարավորություն չունեցող ընկերությունները մրցույթներին մասնակցելու հնարավորություն չունենան:
29. Կառավարությունն աննախադեպ որոշում է կայացրել՝ Անկախության տոնի հիմնական միջոցառումները մարզերում իրականացնելու պրակտիկա ներդնելու մասին: Այս տարի սեպտեմբերի 21-ը պետական մակարդակով կնշվի Գյումրիում, մյուս տարի՝ մեկ այլ մարզում և այդպես շարունակ:
30. Լուծում է ստացել Էջմիածնի կարեւորագույն խնդիրներից մեկը՝ ներքաղաքային տրանսպորտի բացակայությունը, որը տարիներ շարունակ բարձրացվել է էջմիածնեցիների կողմից: Խնդրի լուծումը տրվել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ ակտիվ համագործակցության եւ Ֆրանսիայի Նիս քաղաքի հետ արդյունավետ բանակցությունների շնորհիվ: Արդեն Էջմիածնում են գտնվում Նիս քաղաքի նվիրած IRISBUS եւ RENAULT մակնիշի 6 ավտոբուսները, եւ ընթացքի մեջ է ներքաղաքային ուղեւորափոխադրումներ իրականացնելու լիցենզիա ստանալու գործընթացը: Քաղաքի տոնին ընդառաջ, համայնքապետարանի կողմից էջմիածնեցիները որպես նվեր կունենան իրենց կողմից տարիներ ի վեր բարձրացված խնդրի լուծում՝ ներքաղաքային տրանսպորտ:
31. Պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019 թ. ավելացել են շուրջ 26 տոկոսով՝ կազմելով 313,2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 247,8 մլրդ դրամի դիմաց։
32. ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ է տրամադրել զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար: 2019թ. հունիս-օգոստոսին մոտ 5 %-ով ավելացվել է արեւային էներգիայով սնուցվող մարտական դիրքերի քանակը: 5-10 % ավելացել է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի՝ ներառյալ խոցման միջոցների քանակը: Շփման գծի 5 ուղղություններում բարելավվել է յուրային զորքերի դիրքերը: Առաջնագծում շուրջ 10 %-ով ավելացել են ժամանակակից տեսադիտարկման սարքերի (ցերեկային, ջերմատեսիլ եւ համակցված տեսախցիկների) քանակները: Մինչեւ տարեվերջ մարտական դիրքերի 30-35 %-ը կապահովվեն խմելու ջրով:
33. 2020 թ. պետական բյուջեով ռազմարդյունաբերության ֆինանսավորումը կավելանա 114 տոկոսով:
34. Մեկնարկել է ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպման նոր համակարգը։ Ըստ այդմ՝ զինվորների սննդի կազմակերպումը արտապատվիրակվել է 6 մասնավոր ընկերությունների, ինչի արդյունքում զինվորներն ապահովվում են բարձր որակի սննդով։ 2019 թ. սեպտեմբերի դրությամբ՝ նոր համակարգի անցած զորամասերի թիվը կազմում է 16։ 2020 թ. երրորդ եռամսյակում այս համակարգը կգործի Հայաստանի բոլոր մեծ զորամասերում։
35. Կառավարության որոշմամբ 2019 թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական վարձատրության բարձրացման կոնկրետ ցուցանիշները հետեւյալն են.
-Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս:
-Գնդի հրամ. տեղակալ – 51 հազար դրամ, 12.7 տոկոս:
-Գումարտակի հրամանատար – 88 հազար դրամ, 23 տոկոս:
-Վաշտի հրամանատար – 97 հազար դրամ, 32.6 տոկոս:
-Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 26.2 տոկոս:
-Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս:
-Շարքային պայմանագրային – 23 հազար դրամ, 13.7 տոկոս:
-Սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած) - 49 հազար դրամ, 22 տոկոս:
Վերը բերված թվերը վարձատրության ավելացած մասն են՝ հարկումից հետո: Այսինքն՝ սա այն գումարն է, որ մարդիկ կոնկրետ ամեն ամիս տանելու են հավելյալ իրենց տուն: Կախված ծառայության բնույթից, կոչումից՝ այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել: Այս թվերը կախված են ծառայության բնույթից: Ընդ որում, ավելացումները, կախված ծառայության բնույթից, կլինեն էական և շոշափելի, իսկ նվազեցումները՝ կախված նորից ծառայության բնույթից, կլինեն ոչ էական և ոչ շատ շոշափելի:
36. Ընդունվել է ՀՀ կառավարության որոշում՝ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովությունը 2019թ. հուլիսից 1000-2000 դրամով ավելացնելու վերաբերյալ: Սա շարքայինների գումարներն են:
Իմիջիայլոց, նախորդ կետի վերաբերյալ՝ մենք 4 զորամաս ունենք, որտեղ նրանց կարգավիճակի և իրավական որոշակի խառնաշփոթի պատճառով այնպես էր ստացվել, որ իրենց աշխատավարձերը չէր բարձրացել, բայց մի մասը պաշտպանության նախարարի հրամանով, մյուս մասը՝ կառավարության որոշմամբ կբարձրացվեն, ընդ որում՝ բարձրացված աշխատավարձերը կհաշվարկվեն մյուսների հետ հունիսի 1-ից, այսինքն՝ այն, ինչ հունիսի 1-ից այս շարքում պիտի ստանային և այդ իրավական նրբությունների պատճառով չեն ստացել, հունիսի 1-ից կհաշվարկվի, միանգամից կստանան 3 ամսվա հավելյալ փող: Մի մասի համար այդ որոշումը կայացվել է, մյուս մասն ընթացքի մեջ է:
37. Կառավարության կողմից ընդունվել է որոշում, որով սպայական եւ ավագ ենթասպայական զինծառայողներին հնարավորություն է ընձեռվել 2020 թ. հունվարի 1-ից արտոնյալ հիփոթեքային վարկեր ստանալ: Առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել փաստացի 0 % տոկոսադրույքով, երկրորդային շուկայից՝ առավելագույնը 9 % տոկոսադրույքով, որից 3 %-ը սուբսիդավորվելու է պետական բյուջեից: Երկու դեպքում էլ բնակարանի արժեքի 10 % կանխավճարը վճարվելու է պետական բյուջեից:
38. Զինված ուժերում բուժկանխարգելիչ միջոցառումների, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացման որակի բարելավման արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բուժկետերի դիմելիությունը նվազել է 12,7 տոկոսով, իսկ հիվանդության պատճառով աշխատանքային օրերի կորուստը՝ 21,6 տոկոսով: Պարզ է չէ՞ ինչի մասին է խոսքը. ընթացիկ պրոֆիլակիկ աշխատանքները կատարվում են այնպես, որ զինծառայողների հիվանդանալու դեպքերն ուղղակի նվազել են:
39. 2019-ի ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվել է կանխատեսվածից շուրջ 15 %-ով ավելի քաղաքացի՝ այն դեպքում, երբ ի լրումն անցած տարի հանրակրթական հաստատություններում սովորողներին օրենքով տրված տարկետմանը, ընթացիկ տարում օրենքի փոփոխության արդյունքում տարկետում է տրվել նաեւ միջին մասնագիտական կրթական հաստատությունների շուրջ 400 սովորողների:
40. «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակում ՀՀ ՊՆ հետ պայմանագիր կնքած քաղաքացիների համար այսուհետ պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 2 տարի 3 ամիս՝ նախկին 3 տարվա փոխարեն, ինչը կնպաստի ծրագրի գրավչությանը:
41. ՀՀ կառավարության որոշմամբ՝ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը զինծառայության ստաժում կհաշվառվի կրկնակի չափով:
42. Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները փետրվարից ի վեր բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու, այդ թվում՝ իրականացրել 394 վիրաբուժական միջամտություն: Ականազերծվել է 95․3 հազար քառ․ մետր մակերեսով տարածք։
43. 2019 թ. սեպտեմբերի 1-ից 38 հազար ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով: Հոկտեմբերի 1-ից կբարձրանան հրշեջ-փրկարարների, անտառապահների եւ անտառապետերի աշխատավարձերը։ Հունիսի 1-ից բարձրացվել են «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձերը միջինը 15 %-ով:
44. 2020 թ. հունվարի 1-ից միջինը 10 տոկոսով կավելանան բոլոր կենսաթոշակները:
45. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները եւ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները օգոստոսի 1-ից 50,000 դրամ պատվովճարի փոխարեն կստանան 100 հազար դրամ։ Որոշումը վերաբերում է 397 մարդու:
46. Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ Պաշտպանության բանակի զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար: Այսինքն՝ Արցախի զինթոշակառուների բնակարանային խնդիրները մենք կլուծենք: Բայց այստեղ վատ նորություն էլ ունենք. ճիշտն ասած այն օրվանից, երբ ես այս որոշման մասին իմ ֆեյսբուքյան էջում հրապարակել եմ, Ստեփանակերտում բնակարանների գների կտրուկ աճ է արձանագրվել: Դա մի քիչ հարաբերականորեն լավ է, թե վատ. ամեն դեպքում ստանձնել ենք պարտավորությունը, պետք է իրականացնենք:
47. Զբաղվածության տարածքային կենտրոնների մասնագետների կողմից կապ է հաստատվել շուրջ 12.000 գործատուի հետ, որոնց կողմից ներկայացվել է 7.488 թափուր աշխատատեղ: Կենտրոնների միջնորդությամբ աշխատանքի է տեղավորվել 5.912 աշխատանք փնտրող, նրանցից 1.008-ը՝ զբաղվածության պետական ծրագրերի միջոցով: Աշխատանքի տեղավորվածների թվաքանակում 65.7 %-ը կանայք են, 31 %-ը՝ 16-29 տարեկան երիտասարդներ, 1.8 %-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք: Գյուղատնտեսական սեզոնային զբաղվածները այլեւս չեն զրկվի նպաստից: Որոշման արդունքում միայն «Արտֆուդ» կազմակերպությունն արդեն իսկ աշխատանքի է վերցրել նպաստի համակարգում ընդգրկված 40 աշխատակցի։
48. Կառավարությունը հավանության է արժանացրել 2008 թ. մարտի 1-ից 2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն ցուցաբերելու մասին որոշումը։ Որպես աջակցության ձեւ սահմանվում է դրամական օգնությունը՝ ստացած վնասվածքների պատճառով զոհված (մահացած) անձի իրավահաջորդին 30 մլն դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 մլն դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 մլն դրամի չափերով։
49. Բնակարանային հաշվառման ընդգրկված թվով 37 զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով նախկինում հատկացված ծառայողական բնակարանները վերջիններիս տրամադրվել են անհատույց սեփականության իրավունքով` նվիրատվության կարգով: Ընթացքի մեջ է նման ընթացակարգով եւս 21 բնակարանի տրամադրման գործընթացը:
50. Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ընթանում են երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած թվով 44 ընտանիքի կիսակառույց բնակելի տների շինարարական աշխատանքները, որոնք պետք է ավարտվեն մինչեւ 2019 թ. տարեվերջ, հատկացվել է 460 մլն դրամ: Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան 61 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու համար 2019 թ. բյուջեով հատկացվել է 560 մլն դրամ: Ամփոփվել են աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից հետո կառուցված/տեղադրված ավելի քան 7000 ոչ հիմնական շինությունների փաստագրման արդյունքները, եւ մշակվել է համապատասխան առաջարկությունների փաթեթ: Երկրաշարժից տուժած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար 2020 թ. հատկացվելու է 3 միլիարդ դրամ։ Վերջին տարիների միջին վիճակագրության համեմատ այս գումարը 6-ապատկվել է:
Այսօր էլ այս ծրագրի շրջանակում ես Լոռու մարզում առավոտյան մի քանի տների բացմանը մասնակցեցի: Այս 3 միլիարդ դրամը մենք հատկացնում ենք այն 457 ընտանիքների բնակարանային կարիքները հոգալու համար, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունը այս պահին դե յուրե արձանագրված է: Այսինքն՝ եթե զուտ դե յուրե մոտենանք խնդրին, այս պահին պետությունը պարտավորություն ունի ընդամենը 457 ընտանիքի նկատմամբ: Հիմա 3 մլրդ հատկացնում ենք և պետք է հընթացս հասկանանք, թե այդ 3 մլրդ-ով բոլոր 457-ի խնդիրը կարողանալո՞ւ ենք լուծել, թե՞ ոչ: Եթե պարզվի, որ 3 մլրդ-ը բավարար չի, մենք միջոցներ էլի կտրամադրենք, որովհետև Հայաստանի պետական բյուջեում միջոցների խնդիր գոյություն չունի:
51. Բնակչության սոցիալական խնդիրների լուծման ոլորտում՝ հանրակացարանային տարածքների նվիրատվության ճանապարհով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ լուծվել են 100 ընտանիքի բնակարանային խնդիրները։ Երեւանում վերաբնակեցվել է շուրջ 170 ընտանիք, որոնք նախկինում ապրում էին 4-րդ կարգի վթարային շենքերում: Ծրագիրը շարունակական է:
52. «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շրջանակում զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների եւ աշխարհազորայինների, ծնողազուրկ եւ սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան թվով 4800 երեխաների համար կազմակերպվել է ամառային հանգիստ՝ 3 հերթափոխով:
53. Կառավարությունը հավանություն է տվել նվազագույն աշխատավարձի շեմը 55 հազար դրամից 68 հազար դրամ բարձրացնելու օրենքի նախագծին, որի փոփոխությունները վերաբերելու են մասնավոր ոլորտում աշխատող 45 հազար մարդու, պետական ոլորտում՝ 35 հազար մարդու:
54. Հուլիսից վերագործարկման աշխատանքները սկսեց Թեղուտի հանքավայրը՝ ապահովելով մարզի բարձրորակ մասնագետների համար անհրաժեշտ աշխատատեղեր եւ զուգահեռաբար պատվիրելով պոչամբարի պատվարի ամրության վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություն: Այս պահի դրությամբ ձեռնարկությունում արդեն աշխատում է 940 աշխատակից, առաջիկայում եւս 40 մարդ կընդունվի աշխատանքի: Հիշում եք, որ Լոռվա մարզի նախընտրական հավաքի ժամանակ ես խոստացել էի, որ Թեղուտի հանքավայրը նորից կբացվի, և մարդիկ աշխատատեղ կունենան:
55. Երեւան քաղաքի համայնքային ենթակայության մանկապարտեզների անձնակազմի աշխատավարձը բարձրացել է 20 %-ով։ Մանկապարտեզներից նախկինում օտարված 6500 քմ տարածք է վերադարձվել համայնքին, դրա շնորհիվ շուրջ 1000-ով ավելի երեխա հնարավորություն ունի հաճախելու մանկապարտեզ։
Դուք գիտեք, թե Երևանում ինչ մանկապարտեզային հերթեր են, և ահա 6500 քմ տարածք վերադարձվել է: Հիմա մի շարք քրեական գործեր կան հարուցված մանկապարտեզների սեփականաշնորհումների դեպքերի հետ կապված, և էլի բազմաթիվ տարածքներ կվերադարձվեն երեխաներին:
56. Առողջապահության ոլորտում ստվերը էականորեն կրճատվել է. այս տարվա 7 ամիսների ընթացքում բուժհաստատությունների (պետական եւ մասնավոր) հայտարարագրած շրջանառության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.7 մլրդ դրամով (14 %-ով), հայտարարագրված միջին աշխատավարձը ոլորտի աճել է 30 հազար դրամով (17 %-ով):
57. Մոտ 400 անուն դեղ հուլիսի 1-ից տրամադրվում է անվճար 30.01 եւ ավելի բալ ունեցող նպաստառու ընտանիքներին: Այս արտոնությունից կօգտվի մոտ 200.000 շահառու: Նշված դեղերը օգտագործում են մի շարք քրոնիկ հիվանդությունների դեպքում, օրինակ՝ բարձր ճնշում, դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն:
58. Մինչեւ 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը հուլիսից ամբողջությամբ իրականացվում է պետական պատվերի շրջանակում: 2019 թ.-ից վերականգնվել է ստոմատոլոգիական ծառայությունների անվճար տրամադրումը 0–7 եւ սոցիալապես անապահով մինչեւ 18 տարեկան երեխաների համար։ Չարորակ նորագոյացությունների վիրահությունների աճ է գրանցվել։ 2018 թ. կատարվել է 979 վիրահատություն պետպատվերի շրջանակում, 2019 թ.՝ 2301։ Վիրահատությունները քաղաքացիների համար իրականացվել են անվճար։
59. Սրտի վիրահատական ծառայությունների եւ նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայությունների գծով պետական պատվերի շրջանակում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող շահառուների խմբերն ընդլայնվել են` 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներ, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամներ. սա շատ կարևոր է, այսինքն՝ բանակում ծառայող մեր զինծառայող երեխաների, 18 տարեկանների մասին է խոսքը: Ծնողները սրտի պրոբլեմ ունենալու դեպքում կվիրահատվեն պետական բյոջեի միջոցներով՝ մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքի անդամներ, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ: Շահառուների թիվը մոտ 300.000 է: 2019 թ․ առաջին 7 ամիսներին 316-ով (32 %-ով) ավելի շատ կյանք է փրկվել պետական «Կյանքի ստենտ» ծրագրով։
60. Մյուս կողմից, սրտի ստենտավորման շուկայական գները շարունակում են իջնել։ 2019թ. սեպտեմբերի դրությամբ ՀՀ քաղաքացիները կարող են սրտի դեղապատ ստենտով ստենտավորում իրականացնել 800 հազար դրամով։ 2018 թ. մայիսի դրությամբ՝ 1.1 մլն դրամից ավելի մատչելի գին Հայաստանի Հանրապետությունում չի եղել։ Գների անկման, ինչպես նաեւ պետական լայնածավալ ծրագրերի շնորհիվ գրեթե դադարել է և, ես համոզված եմ, որ առաջիկայում կդադարի սրտի վիրահատությունների համար հարեւան Վրաստան մեկնելը։ Այդ դեպքերը դեռ կան, չենք կարող ասել՝ վերացել են, բայց մենք գնում ենք այդ ճանապարհով:
61. «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 2019թ. հուլիսի 22-ից բացվել է նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած «Ինվազիվ կարդիոլոգիայի՝ միջամտային սրտաբանության եւ ինտերվենցիոնալ ռադիոլոգիայի՝ միջամտային ճառագայթաբանության» բաժանմունքը: Բաժանմունքի բացման օրվանից առ այսօր ստենտավորվել է 30 հիվանդ, կատարվել է 50 կորոնարոգրաֆիա։
62. Կառավարության որոշմամբ 523 միլիոն դրամ է հատկացվել հանրակրթական դպրոցների եւ մարզադպրոցների համար մարզագույք ձեռք բերելու նպատակով: Մինչդեռ 2012-2018 թվականների ողջ ընթացքում պետական բյուջեից այս նպատակով հատկացվել է ընդամենը 420 միլիոն դրամ, այսինքն՝ 6 տարվա ընթացքում տրամադրվել է 420 միլիոն դրամ, մենք միայն այս տարի հավելյալ միջոցների հավաքագրման արդյունքում 523 միլիոն դրամ ենք հատկացրել:
63. 2019 թվականի սեպտեմբերի դրությամբ հանրապետությունում շահագործման է հանձնվել 36 նախակրթարան եւ մանկապարտեզ, որտեղ կհաճախի շուրջ 1250 երեխա: Ընթացիկ տարում հանրապետությունում վերանորոգվում է 162 դպրոց:
64. Կառավարությունն ավելի քան 834 մլն դրամ է հատկացրել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպությանը՝ թվով 284 դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ստեղծման նպատակով:
65. Միջգիտակարգային տվյալների կենտրոնի (Interdisciplinary Data Center) ստեղծման, գիտական սարքավորումների ձեռքբերման եւ մշակույթի ոլորտում կապիտալ ներդրումների համար հատկացվել է ավելի քան 1 մլրդ դրամ: Այսինքն՝ հիմա երբ շփվեք գիտական շրջանակների հետ, հույս ունեմ՝ նրանք կհաստատեն, որ Հայաստանում, համենայն դեպս, տեսանելի անցյալում երբեք գիտական սարքավորումներ ձեռք բերելու համար այսքան պետական միջոց չի հատկացվել:
66. Հանրակրթական դպրոց հաճախող շուրջ 13.000 երեխաների ընդունելությունը 1-ին դասարան իրականացվել է «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով: Ծրագրի իրագործումը բխում է ինչպես սովորողի՝ հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունելության գործընթացն առավել դյուրին, համակարգված, թափանցիկ, մատչելի, մարդկային գործոնի ազդեցությունը նվազագույնի հասցնելու, որոշ դպրոցների արհեստական ծանրաբեռնվածությունը բեռնաթափելու, այնպես էլ՝ կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման անհրաժեշտությունից: Արդյունքում այս տարի 50 %-ով կրճատվել է թերբեռնված կամ գերծանրաբեռնված 1-ին դասարան ունեցող դպրոցների թիվը: Ես ուզում եմ հիշեցնել, որ երբ այս ծրագիրը գործարկվում էր՝ տեխնիկական նոր գործիքը, շատ մեծ աղմուկ-աղաղակ բարձրացավ: Բնականաբար, ցանկացած բան, որ սկզբից գործարկում ես, մինչև մտնում է թեմայի մեջ, մի քիչ լավ չի աշխատում: Իհարկե, նաև որոշ պաշտոնյաներ հասկացել էին, որ սա իրենց կոռուպցիոն եկամուտներից զրկելու է, ու շատ մեծ աղմուկ բարձրացավ, բայց արդյունքն ակնհայտ է:
67. Սովորողների պայուսակների ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու, առողջության պահպանման նպատակով 2019 թվականին իրականացվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-ից 4-րդ դասարաններում գործածվող 11 անվանում եւ 5-ից 12-րդ դասարաններում գործածվող թվով 38 անվանում դասագրքերի քաշի բեռնաթափում՝ դասագրքերը բաժանելով 1-ին եւ 2-րդ մասերի: Սա երկար տարիներ նույնպես Հայաստանում ծնողների կողմից անընդհատ բարձրաձայնվող խնդիր էր, ճիշտ բարձրաձայնվող խնդիր էր, և այդ խնդիրը լուծվեց: Հիմա կտեսնենք՝ ամբողջությա՞մբ է լուծվել, թե՞ ոչ, եթե պարզվի, որ ոչ ամբողջությամբ, կշարունակենք:
68. Կրթության նախարարության եւ տարբեր տնտեսվարող սուբյեկտների համագործակցության արդյունքում քոլեջներում ներդրվում են նոր մասնագիտություններ: Օրինակ՝ Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը, Իջեւանի գինու, կոնյակի եւ Բերդավանի գինու գործարանները ստորագրել են փոխըմբռնման հուշագրեր՝ նոր մասնագիտության` գինեգործություն եւ հյութերի արտադրության, ներդրման վերաբերյալ: Սա նույնպես շատ կարևոր ծրագիր է: Օրինակ, երբ ես ելակի արտահանման աճը ներկայացրեցի, ես չգիտեմ՝ դուք արձանագրել եք դա, թե ոչ, բայց Կոտայքի մարզում՝ Ծաղկաձորում, գործարարների հետ մեր ունեցած հանդիպման ժամանակ խոշոր արտահանողներից մեկն ասեց, որ ինքը հիմա մասնագետի պրոբլեմ ունի. ինքը հիմա ստիպված է Եվրոպայից մասնագետ բերել, ամսական շատ մեծ աշխատավարձ վճարել, որ կարողանա Հայաստանում ելակ արտադրել և արտահանել: Իսկ այս կարգի ծրագրերը շատ կարևոր են, որ Հայաստանում շատ արագ մասնագետներ պատրաստվեն, որը և՛ գործարարին ձեռնտու կլինի, և՛ Հայաստանի Հանրապետությանը:
69. 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարանների հաճախելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով: 2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարաններն ունեցել են 463 հազար 908 այցելու: 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարաններն ունեցել են 607 հազար 797 այցելու:
70. 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թատրոնների (թատերական կազմակերպությունների) հաճախելիությունն աճել է 41 տոկոսով: Եթե 2018 թվականի առաջին կիսամյակում թատրոններ հաճախել է 113 հազար 832 մարդ, 2019-ի առաջին կիսամյակում թատրոն հաճախած քաղաքացիների թիվը կազմել է 160 հազար 423 մարդ: Այստեղ ես ուզում եմ ընդգծել, որ շատ կարևոր է նաև այն ծրագիրը, որ մենք պետական բյուջեի միջոցներով դպրոցականների համար ապահովում ենք տարին մեկ անգամ այցելություն թատրոն, համերգասրահ և թանգարան:
71. Այս տարի սկսվել է ֆուտբոլի փոքր մարզադաշտերի կառուցման ծրագիրը մարզերում՝ Վայոց ձոր, Գեղարքունիք, Տավուշ եւ Շիրակ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս պահին արդեն ավարտել է 8 փոքր խաղադաշտերի կառուցումը, մինչեւ սեպտեմբերի վերջը դրանց թիվը հասնելու է 26-ի, իսկ մինչ տարեվերջ՝ առնվազն 51 փոքր խաղադաշտեր ենք ունենալու։ Առաջիկա տարիներին նման ծրագիր է իրականացվելու նաեւ Հայաստանի մյուս մարզերում։
72. 2019-ի ընթացքում մետաղական օգտակար հանածոների հանքավայրերում, անտառտնտեսություններում եւ հատուկ պահպանվող տարածքներում, փոքր հիդրոէլեկտրակայաններում եւ այլ ոլորտներում պատկան մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում – խոսքը բնապահպանական ստուգումների մասին է - արձանագրվել է 882 իրավախախտման դեպք, կայացվել է 432 վարչական որոշում, կազմվել է վնասի հատուցման 585 արձանագրություն, 227 գործ ուղարկվել է իրավապահ մարմիններին, իսկ ընթացիկ գործերը տեղափոխվել են երկրորդ կիսամյակ։ 2019 թ․ իրականացված վերահսկողության արդյունքում հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 1,661,206,720 ՀՀ դրամի չափով վնաս, եւ կիրառվել է 38,800,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ընթացիկ տարում պետական բյուջե արդեն իսկ մուտքագրվել է 429,094,016 ՀՀ դրամ գումար:
73. 2019 թ. հունիս-հուլիս ամիսներին միայն ապառքների վերաբերյալ ընդերքօգտագործողներին տրվել են 204 գրավոր զգուշացումներ, որոնց արդյունքում տնտեսվարողների կողմից շուրջ 157 միլիոն ՀՀ դրամ վճարումներ են իրականացվել պետական բյուջե, որոնք պահվելու են որպես ռեկուլտիվացիոն ապահովության գումար։
74. Անտառային տարածքներում, ինչպես նաեւ հատումներն արգելված ծառերը հատելու, բուսածածկը ոչնչացնելու համար նախատեսվել են ավելի խիստ պատիժներ՝ սահմանելով մինչեւ 4 մլն դրամի չափով տուգանք, իսկ առանձին դեպքերում նախատեսվել է նախկինում չկիրառվող 3-8 տարի ժամկետով ազատազրկում: Սա Քրեական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններով է:
75. Մեկնարկել է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով անտառների պահպանության պիլոտային ծրագիրը՝ Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք, որոնք կարող են հսկել 2-10 կմ շառավղով տարածքներ՝ կախված անտառի լանդշաֆտից։ Այս սարքը մենք տեսել ենք հենց այս կենտրոնում, էլեկտրոնային սարքեր են, որոնք տեղադրվում են անտառում՝ ծառերի վրա, և 2-10 կմ շառավղով ծառահատման ձայներից այս սենսորը համապատասխան ինֆորմացիան ուղարկում է իրավասու մարմնին:
76. 2019 թ. սեպտեմբերի դրությամբ ոռոգման նպատակով Սեւանա լճից ջրի բացթողումը նախորդ տարվա համեմատ 53 մլն մ³-ով քիչ է կատարվել, իսկ Արփա-Սեւան ջրատարով դեպի Սեւան է տեղափոխվել 17 մլն մ³-ով ավելի ջուր։ Անցյալ տարվա այս օրվա դրությամբ Սեւանա լիճը բարձրացել է 4 սմ-ով։ Ես շաբաթ օրը հայտարարեցի, որ 3 սմ-ով բարձրացել է, 2 օրվա ընթացքում ևս 1 սմ-ով բարձրացել է: Սա նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ այս պահի դրությամբ Սեւանա լճի ջրային պաշարները ավելի են շուրջ 102 միլիոն մ³-ով:
77. Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի փականային ռեժիմի բերման աշխատանքներ, ինչի արդյունքում խնայվել է շուրջ 880 լ/վրկ ջրաքանակ: Սա բավական մեծ թիվ է:
78. Երեւան քաղաքի բյուջեի սեփական մուտքերը եւ, հետեւաբար, ծախսերը 2018 թ. համեմատ ավելացել 2019–ին ավելացել են 10 մլրդ դրամով կամ 50 %-ով: 2019-ի համար եկամուտների 10 % ավելացված պլանը օգոստոս ամսին արդեն գերակատարված է 3 %-ով, այսինքն՝ պլանավորել էին, որ պետք է ավելացնեն 10 %-ով, և պլանավորվածի մեջ 3 % էլ գերակատարել են: Հայտնաբերվել են հարյուրավոր վարձակալական պայմանագրեր, որոնք կնքված են եղել ոչ ողջամիտ ցածր գներով: Դրանք վերակնքվում են, համապատասխանաբար վերանայվում են վարձակալության գումարները:
79. Ստեղծվել է Երեւանի քաղաքապետարանի աղբահանության եւ սանմաքրման համայնքային հիմնարկը, որը համալրվում է ավելի քան 50 աղբատար մեքենաներով, մի քանի տասնյակ ձնամաքրող, ջրցան եւ փոշեկուլ մեքենաներով: Վերջին առնվազն 30 տարվա մեջ Երևան համայնքը նման ծավալի ու տիպի տեխնիկա չէր ձեռք բերել, այսինքն՝ անկախությունից ի վեր Երևան քաղաքում այս ծավալի տեխնիկա ձեռք չի բերվել: Հիմնարկում այս պահին կա ավելի քան 600 հաստիք՝ միջին եւ բարձր աշխատավարձով: Հիմնարկի համար կառուցվում է ժամանակակից կայան, որտեղ աշխատակիցների համար նախատեսված կլինեն հանգստի սենյակներ, լոգասենյակներ, ճաշարան եւ այլն: Այս առիթով ուզում եմ ասել, որ որոշ ուժերի պահվածքը Երևանում աղբի, այսպես ասած, ճգնաժամի ողջ ընթացքում համարում եմ ուղղակի ամոթալի: Դա ուղղակի ամոթալի պահվածք է, և փոխանակ վերհանեն, թե ինչ կոռուպցիոն գործարքների արդյունքում է այդ ամեն ինչը ստեղծվել, թուր ու թվանքն առել են, ընկել 6 ամիս առաջ պաշտոնն ստանձնած քաղաքապետի հետևից, ով 2 ամսում այս հարցը լուծեց, և հիմա ես համարում եմ, որ լուծման ընթացքում է, որևէ կասկած չկա, որ Երևան քաղաքում աղբահանության մակարդակը լինելու է աննախադեպ, Հայաստանի պատմության մեջ Երևան քաղաքն ավելի բարձր մակարդակի աղբահանությունը չի ունենալու, և հիմա ես դա կարող եմ վստահաբար պնդել: Ու ինչո՞ւ էր ամոթալի, որ մտածում էին, որ դա իրենց համար քաղաքական վերակենդանացման շատ լուրջ թեմա է, էլ չէին ասում, որ այդ աղբի թեման, ի վերջո, գնալու է էլի կոռուպցիոն քրեական գործերով, կա որոշակի հավանականություն, որ կհասնի:
80. Երեւանի քաղաքային բյուջեից 500 միլիոն դրամ է հատկացվել «հանրային բյուջեի» գաղափարի իրագործման համար: Այսինքն, քաղաքացիները կարող են գրանցվել ActiveCitizen.am էլեկտրոնային հարթակում, առաջարկել քաղաքի զարգացման իրենց ծրագրերը: Էլեկտրոնային քվեարկության արդյունքում հաղթած ծրագրերը կիրականացվեն այդ 500 մլն դրամի շրջանակում: ActiveCitizen.am-ը նաեւ կկիրառվի որպես քաղաքային հանրաքվեների էլեկտրոնային հարթակ: Սա, ըստ էության, ուղիղ ժողովրդավարության մասին նախընտրական խոստմանն ուղղված քայլ է:
81. «Շտապ բժշկական օգնություն» ծրագրում բնակչությանն առավել արագ եւ որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով այժմ ավելացել է սպասարկող բրիգադների թիվը` 15-ով Երեւանում, ինչպես նաեւ՝ 14-ով մարզերում: Երեւանի համայնքային բյուջեից 90 մլն դրամ է տրամադրվել Շտապ բուժօգնության ենթակայանների վերանորոգման նպատակով։ Ենթակայանները չեն նորոգվել շուրջ 30 տարի: Երեւանի 13 պոլիկլինիկաներում ներդրվել է էլեկտրոնային հերթագրման համակարգ։ Այն շահառուներին հնարավորություն է տալիս, առանց պոլիկլինիկա այցելելու, հերթագրվել իր տեղամասային բժշկի մոտ։
82. Երեւանում ստեղծվել է թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը, սրանով դադարեցվել է շների սպանդի անթույլատրելի պրակտիկան: Թափառող կենդանիները համարակալվում են, ստերջացվում են, նրանց մի մասը հանձնվում է խնամքի։ ՀՈԱԿ-ի համար կառուցվում է կայան, որն ապահովված կլինի ժամանակակից հարմարություններով:
83. Երեւանի 28 փողոց լուսավորվում է էներգախնայող լամպերով, ընդ որում, հաղորդալարերը տեղափոխվում են գետնի տակ: Ընթացքում է Դավթաշեն, Նուբարաշեն, Հալաբյան, Կիեւյան փողոցների լուսավորության արդիականացման գործընթացը (էներգախնայող լուսատուների տեղադրում): Ավարտվել է Բաբաջանյան, Շիրակ փողոցների եւ Կիեւյան կամրջի լուսավորության արդիականացումը: 70-ից ավելի չկարգավորվող հետիոտնային անցումների լուսավորությունը բարելավվում է անվտանգության նկատառումներով: Նույն նկատառումներով 16 հետիոտնային անցումներում տեղադրվում են կարգավորվող լուսացույցներ: Ավարտին են մոտենում Սարալանջի հատվածի, ինչպես նաեւ Սիլիկյան թաղամասում 8 հա եւ Նուբարաշենում 8 հա անտառապատ տարածքի ստեղծման նախագծման աշխատանքները: Աստիճանական քայլերով քաղաքին են վերադարձվում օտարված կամ աղավաղված այգիները՝ Օպերա, Արաբկիր (Մոլոկանի) այգի, Օղակաձեւ այգի եւ այլն:
84. Գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել եւ ամփոփվել է 2019 թ. մայիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի եւ դրա վերականգնման վիճակը. հարուցված 219 քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 25.7 մլրդ դրամ, որից վերականգնվել է 8.9 մլրդ դրամը, 9.4 մլրդ դրամ երաշխավորված է քրեադատավարական գործիքակազմով (գույքի կալանքով): 2018 թ. մայիսից մինչեւ 2019 թ. օգոստոսի 31-ը հարուցվել է նմանատիպ 1665 քրեական գործ, պատճառված վնասը կազմել է 115 մլրդ դրամ, որից 54 մլրդ-ը արդեն իսկ վերականգնվել է: Այս դինամիկան տեսնում եք, ես բազմիցս ասել եմ, որ այս դինամիկան ինձ էլ չի գոհացնում և բավարարում, բայց արձանագրում ենք այն, ինչ կա, և պետք է աշխատել այս թեմայի վրա:
85. 2019 թվականի ապրիլից ի վեր քաղաքացիների կողմից ֆեյսբուքում հրապարակված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման մասին 179 վիդեո հրապարակման հիման վրա կազմվել է 85 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Սա այն բանի համար, որ մենք արձանագրենք, որ այս մեխանիզմը, որ քաղաքացիները նույնպես կարող են վերահսկել երթևեկության անվտանգությունը, սկսել է աշխատել: Իհարկե, դեռ որոշ օրենսդրական փոփոխություններ անհրաժեշտ են՝ այս մեխանիզմն ավելի ամրացնելու համար:
86. 2019-ի առաջին կիսամյակում կենսաթոշակների եւ նպաստների գծով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը խնայել է 3.8 միլիարդ դրամ: Սա այդ ոլորտներում կոռուպցիայի դեմ հետեւողական պայքարի եւ արդյունավետության բարձրացման արդյունք է: Խնայված միջոցները կծառայեն սոցիալական ապահովության ոլորտում այլ, երկար տարիներ չֆինանսավորված ծրագրերի ֆինանսավորման համար: Այսինքն՝ այն գումարները, որ թոշակ, նպաստ և այլն տրվում էին, 3.8 միլիարդ դրամի մասին է:
87. 2019 թվականին Կադաստրի կոմիտեն պետական բյուջե կվերադարձնի շուրջ 1 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ 5 տարիների ընդհանուր գումարը եւ կազմում է համակարգի տարեկան բյուջեի մոտ 25 %-ը: 2019 թվականին Կադաստրի համակարգի ավտոմեքենաների քանակը 2018 թվականի 74-ից 60 %-ով կրճատվել է՝ հասնելով 30-ի, իսկ 2018-2019 թվականներին բենզինի խնայողությունը 140 հազ. լիտր է, որը կազմում է մոտ 50 մլն դրամ, այսինքն՝ ծախսը պլանավորվածից 66 %-ով պակաս է: 2019 թվականի հոկտեմբեր ամսից 893 աշխատակիցներից 547-ը (60%-ը) խրախուսվելու է հիմնական կատարողական ցուցիչի (KPI-ի) հիման վրա՝ քանակական եւ որակական վերլուծության արդյունքում:
88. Կառավարությունում 1 կին նախարար կա, 12 կին փոխնախարար: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 3 տեղակալներից 2-ը կանայք են: ՊԵԿ նախագահի տեղակալներից 1-ը կին է, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալներից 1-ը կին է: Բացի դա՝ կանայք են ղեկավարում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Սոցիալական ապահովության ծառայությունը, Զբոսաշրջության կոմիտեն: Ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Կադաստրի կոմիտեի, ՊՎԾ գլխավոր քարտուղարները կանայք են։ Մեր կառավարությունը կանանց ներգրավվածությամբ գերազանցում է Հայաստանի բոլոր նախկին կառավարություններին: Ավելորդ չէ նշել, որ վերջերս նաև Կենտրոնական բանկի խորհրդի անդամ ընտրվեց կին թեկնածուն:
89. Բարձրագույն դատական խորհրդի կազմն էականորեն թարմացվել է, ընտրվել է ԲԴԽ նոր նախագահ: Որոշում է կայացվել ԲԴԽ բոլոր այն նիստերը, որոնց դռնփակ լինելը սահմանված չէ օրենքով, իրականացնել դռնբաց: ԲԴԽ ներկայացուցիչը, համաձայն Ազգային ժողովի հետ կայացված պայմանավորվածության, կմասնակցի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին, ինչն էականորեն կնպաստի օրենսդրական ակտերի ազդեցության գնահատման համակարգի զարգացմանը:
90. 2019 թ. մայիսի 21-ին գործարկվել է Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը՝ www.azdararir.am կայքը: Ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ կոռուպցիոն դեպքի մասին։ Հաղորդման ստուգման հիմքերի առկայության դեպքում Գլխավոր դատախազությունը հաղորդումը փաստաթղթային տարբերակով ուղարկում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին։ Այս ընթացքում հարթակի միջոցով իրականացվել է 104 ազդարարում, որոնցից ստուգվել է 30 %-ը, ստուգվածներից 23 %-ի դեպքում հարուցվել է քրեական գործ:
91. Կառավարությունը հավանություն է տվել Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որով նախատեսվում է քրեականացնել քրեական ենթամշակույթ կրող խումբ ստեղծելը, ղեկավարելը, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահելը, քրեական ենթամշակույթ կրող խմբին մասնակցելը կամ ներգրավվելը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը։ Նշված հանցակազմերի համար նախատեսվում է 2-12 տարվա ազատազրկում։
92. 2020 թ. հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչեւ 2021 թ. հունվարի 1-ը կնվազեցվեն Արցախում եւ Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։ Արդյունքում 2020 թ. հունվարի 1-ից՝
- Դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ 25 %-ով, այնուհետեւ նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչեւ 30 %,
- Արցախից զանգերի գները՝ շուրջ 40%-ով, այնուհետեւ՝ մինչեւ 45 %,
- տվյալների փոխանցման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների գները՝ շուրջ 50 %-ով, այնուհետեւ՝ մինչեւ 65 %,
- կարճ sms հաղորդագրություններինը՝ շուրջ 65 %-ով, այնուհետեւ՝ մինչեւ 75 %:
Օգոստոսի 1-ից արդեն նվազեցվել են «Բիլայն» եւ «Յուքոմ» ընկերությունների կողմից ելքային եւ մուտքային զանգերի սակագները, 45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է համապատասխանաբար ելքային զանգերի համար՝ 38 դրամ, մուտքայինի համար՝ 25 դրամ, sms կարճ հաղորդագրության համար գործող 60 դրամ սակագնի փոխարեն՝ 40 դրամ: Այս գործընթացի վերջնական նպատակը միասնական գնային համակարգ ունենալն է Արցախում եւ Հայաստանում:
93. Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ Արցախում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» եւ «Տրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպությունները, ինչն էականորեն մեծացրել է ընտրությունների նկատմամբ Արցախի ժողովրդի վստահության մակարդակը: Մեջբերում Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միության» գնահատականից. «Աղաղակող խախտումներ չենք արձանագրել: Խախտումները կրել են ոչ թե վերահսկողական, այլ չիմացության բնույթ: Արձանագրված բոլոր խախտումները, միասին վերցրած, չեն ազդել ընտրությունների ելքի վրա: Հստակ կարող ենք արձանագրել, որ ընտրողներն ունեցել են բոլոր իրավական միջոցները եւ հնարավորությունները՝ իրացնելու քվեարկության իրավունքը: Մեր կողմից դիտարկված տեղամասերից որեւէ մեկում հաշվարկի ժամանակ չի գրանցվել արդյունքները կեղծելու փորձ»:
94. Օգոստոսի 5-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել աննախադեպ հանրահավաք, որի ընթացքում ես ներկայացրել եմ համահայկականության հայեցակարգային գաղափարը:
95. «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտության հեղինակ, ազատամարտիկ Լեոնիդ Ազգալդյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում՝ Հայաստանի իշխանությունների միջնորդությամբ:
96. 2019 թ. առաջին կիսամյակում 2015 թ. առաջին կիսամյակի համեմատությամբ Հայաստանի սահմանահատումների նեգատիվ սալդոն նվազել է 32 անգամ կամ 96,9 տոկոսով։
97. 2019 թ. տարեկան գործողությունների ծրագրի շրջանակում Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը ավելացել է 25 մլն եվրոյով։
98. Գործարկվել է Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը, որը գործարկման էր սպասում արդեն 17 տարի։
99. «Հայավտոճան» տնօրինություն» ՊՈԱԿ-ի լաբորատորիան, որը հանրապետությունում գործող միակ պետական լաբորատորիան է, ճանապարհաշինության աշխատանքների որակի հսկողությունը բարելավելու նպատակով ձեռք է բերել 51 անուն ժամանակակից լաբորատոր իտալական սարքավորումներ՝ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների որակը վերահսկելու համար:
100. Սահմանապահ 23 գյուղերի 280 շրջանավարտների Վերջին զանգի «փարթին» տեղի է ունեցել կառավարական առանձնատների «Կոնդ» համալիրում: Շրջանավարտների համար ելույթ են ունեցել Սիլվա Հակոբյանը, Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Միհրան Ծառուկյանը, Արամ MP3-ը, Սեւակ Ամրոյանը, Նարե Գեւորգյանը, «Դետք» խումբը, DJ Smoke-ը։ Համանման միջոցառում իրականացվել է նաեւ նախորդ տարի: Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ եւ կառավարության ֆինանսավորմամբ՝ վարչապետի հիմնադրամից ՀՀ սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 9-13 տարեկան երեխաներ այցելել են երեւանյան զվարճանքի կենտրոններ, այգիներ, թանգարաններ։ Այս տարի սեպտեմբերի 1-ին մենք՝ ես ու Աննան, այցելել ենք սահմանապահ Վահան գյուղի դպրոցականներին։ Վերջին՝ որպես 100-րդ փաստ սա եմ ընտրել՝ ցույց տալու համար մեր առանձնահատուկ վերաբերմունքը սահմանապահ գյուղերի նկատմամբ, և այդ վերաբերմունքը շարունակվելու է:
Փաստորեն 100 փաստի հրապարակումը մի քիչ ավելի շատ տևեց, քան նախատեսվում էր: Հույս ունեմ, որ ամեն ասուլիսից առաջ մեր հանրությանը ներկայացնելու փաստեր կունենանք: Իրականում 100 փաստի ֆորմատն ենք ընտրել և մեր գործընկերների հետ, ովքեր մասնակցել են աշխատանքին, բավական փաստեր կրճատել ենք, որպեսզի 100-ի մեջ տեղավորվենք: Այս փաստերով մենք ուզում ենք ցույց տալ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, ընդ որում՝ դա տեղի է ունենում բոլոր ոլորտներում, ըստ էության, և այդ ընթացող փոփոխությունները, իհարկե, արդեն իսկ ցույց են տալիս արդյունքներ, բայց այդ արդյունքներն ամեն ամսվա հետ ավելի շոշափելի և տեսանելի են լինելու:
Շնորհակալ եմ: Այժմ կարող ենք անցնել հարցերին: