Զրույց «Փարիզյանս ժելե»-ի հիմնադիր Կարինե Հովեյանի հետ
Մասնագիտությամբ բժշկուհի Կարինե Հովեյանը ուներ սիրելի հոբի. պատրաստում էր դոնդողյա տորթեր՝ հիացնելով այն փորձողներին: Աստիճանաբար այդ հոբին վերածվեց բրենդի, որը չնայած դեռ մեկ տարի է, ինչ շուկայում է, բայց արդեն հասցրել է շատերի կողմից սիրելի դառնալ: Մեր հյուրն այսօր «Փարիզյանս ժելե»-ի հիմնադիր Կարինե Հովեյանն է: Շատ համեղ ու քաղցր զրույց ունեցանք Կարինե Հովեյանի հետ իր աշխատանքային միջավայրում, որտեղ նա և՛ պատրաստում էր տորթերը, և՛ պատասխանում մեր հարցերին:
-Ողջո՜ւյն, Կարինե, «Փարիզյանս ժելե» -ն նոր է շուկա մտել, որպես բրենդ, և մեզ հետաքրքիր է՝ ինչպե՞ս ստեղծվեց միտքը, ո՞վ էր այս գաղափարի հեղինակը:
-Դա այնքա՜ն հետաքրիր պատմություն է: Ես էլ բոլոր տնային տնտեսուհիների նման մեծացնում էի իմ երեխաներին, զբաղած էի առօրյայի գործերով: Այդ գործերի մեջ ինձ ամենաշատը դուր էր գալիս դոնդողյա տորթերի պատրաստումը: Ընտանիքիս անդամները հաճույքով էին ուտում ու միշտ գովաբանում ինձ: Անգամ երբ մեր ընտանիքի հյուրերն ու բարեկամներն էին գալիս, ինձ ասում էին՝ էն քո համով տորթից պատրաստել ես, չէ՞: Սա հոբի էր ինձ համար: Ես ոգևորվում էի իրենց խոսքերից ու նոր դիզայններ մտածում, միշտ նոր ու ավելի հետաքրքիր լուծում էի գտնում ինքս ինձ համար: Այս ամենը բիզնես դարձնելու գաղափարը երեխաներինս ու ամուսնունս էր: Նրանք ինձ այս հարցում շատ-շատ են օգնել ու աջակցել: Սա խենթ ու հետաքրքիր գաղափար էր, որին ես համաձայնեցի առանց վայրկյան մտածելու: Հիմա ես ունեմ իմ փոքրիկ, բայց շատ սիրելի բիզնեսը:
- Ասացիք, որ միշտ նոր դիզայներական լուծումներ էիք գտնում տանը, իսկ այդ լուծումներն ավելացե՞լ են հիմա՝ բիզնեսում:Դուք ունե՞ք տարբեր մարդկանց համար լուծումներ:
-Գիտե՞ք, մարդիկ միշտ սիրում են տարբերվել, լինել ինքնատիպ ու ցույց տալ իրենց անհատականությունը: Մեր դոնդողյա տորթերն էլ հենց այդպիսինն են՝ կարծես մի անհատականություն լինի ամեն տորթը: Ինձ համար տորթ պատրաստելն իսկական արվեստ է: Յուրաքանչյուր դոնդողյա տորթ պատրաստելիս փորձում եմ ստեղծագործաբար մոտենալ: Երևի հենց դա է պատճառը, որ մենք մեր սպառողին առաջարկում ենք այդքան շատ տեսականի: Ունենք ամենատարբեր միջուկներով դոնդողյա տորթեր՝ սերուցքային, կաթնաշոռային, վելյուր, շոկոլադե, ընդեղենով: Բացի միջուկների բազմազանությունից մենք ունենք թեմաների բազմազանություն: Այստեղ է, որ ես կամ մեր պատվիրատուն գործի ենք դնում մեր երևակայությունը և ստանում հիանալի տարբերակներ: Ահա՛, տեսնո՞ւմ եք՝ մանկական դոնդողյա հավաքածուներ են բաժակների մեջ, իսկ կողքին էլ տորթը: Շատ գեղեցիկ տեսք ունեն նաև ընդեղենով դոնդողյա տորթերը, սա էլ սիրելի է դարձել: Ցանկանում եմ նաև առանձանցնել մեզ համար շատ կարևոր եռաչափ մոդելավորման տորթերը, Հայաստանում միայն մենք ենք կիրառում այս ձևաչափը:
- Շատերը դոնդողներից չեն օգտվում, քանի որ տեղյակ չեն դրանց առավելությունների մասին: Դուք ի՞նչ տեսակի դոնդող եք օգտագործում Ձեր տորթերը պատրաստելիս:
-Դոնողը շատ սպիտակուցներ ունի, նաև՝ ածխաջրեր: Մեր դոնդողյա տորթերը «փրկություն» են նաև այն աղջիկների համար, ովքեր չեն կարող հրաժարվել քաղցրից, բայց նաև ուզում են գեղեցիկ կազմվածք ունենալ. դոնդողը դիետիկ մթերք է համարվում: Այն ոչ միայն կարգավորում է լյարդի աշխատանքը, ամրացնում եղունգներն ու մազերը, այլև երիտաարդացնում և կարգավորում է քունը: Իսկ երբ բարձր որակի հումքով ես աշխատում և՛ համն է լավը լինում, և՛ տեսքը: Մենք ֆրանսիական դոնդողը գնում ենք արտերկրից՝ ճանաչում և վստահություն ունեցող ընկերություններից: Ընդհանրապես, մենք աշխատում ենք բարձր հումքով: Բացի ֆրանսիականից, մենք նաև օգտագործում ենք իտալական սերուցք և իտալական շոկոլադ: Այս դոնդողյա տորթերը փոխարինում են ավանդական տորթերին: Բացի այդ մեր արտադրանք լիցենզավորված է, և սպառողը կարող է վստահ լինել իր ընտրության հարցում:
-Տիկին Հովեյան,խոսեցիք ավանդական տորթերին փոխարինելու մասին: Արդյոք փոխվե՞լ է, արդյոք մարդիկ նախընտրո՞ւմ են նորարական լուծումները:
-Իհարկե՛ ինչպես արդեն նշել էի մի քիչ առաջ յուրաքանչյուր մարդ սիրում է տարբերվել, իսկ մեր դոնդողյա տորթերը տալիս են այդ հնարավորությունը:Ինչպես տեսնում եք մենք այստեղ ունենք ամենատարբեր դիզայնով տորթերը: Տեսե՛ք, սա էլ Ձեր գալուց մի քանի րոպե առաջ եմ ավարտել, (հեղ. ցույց է տալիս ատամիկ տորթը) ատամհատիկի համար է:Այս գործում շատ կարևոր է նաև այն ոգևորությունը և բարձր տրամադրությունը: Վստահ կարող եմ ասել, դա տորթի թե՛ տեսքից, թե՛ համից զգացվում է: Կարող են և՛ ծննդյան տոներին պատվիրել, և՛ առանց հատուկ առիթի՝ուղղակի որևէ հաճելի քաղցրություն ուտելու ցանկության դեպքում: Պատրաստում ենք նաև հարսանեկան ու նշանադրության համար նախատեսված դոնդողը բաժակներում: Դրանք ավելի շատ ֆուրշետային տարբերակներ են: Օգտագործելու տեսանկյունից չափազանց հարմար են, ամեն մարդ վերցնում է իր բաժակը: (հեղ. ցույց է տալիս բաժակները): Մենք ունենք նաև մրգային տարբերակներ, այստեղ ցանկանում եմ շեշտել, որ միայն թարմ մրգերից ենք պատրաստում ու սեզոնային մրգեր ենք օգտագործում: Նշեմ նաև, որ քաղցրի ֆուրշետի սեղանը կարող է պատրաստված լինել միայն մեր դոնդողյա հավաքածուներով: Մարդիկ կարող են այցելել մեր խանութ, կամ էլ օնլայն պատվիրել: Երբ նոր էինք սկսել գործը պատվերները միայն օնլայն էինք վերցնում, այժմ ունենք նաև մեր մասնագիտացված խանութը:
-Հատկապես ի՞նչն է Ձեզ ոգևորում Ձեր աշխատանքում:
-Դե, իմ գործը նաև տարբեր մարդկանց հետ շփվելն է: Շատ թոռնիկներ են մեզ գրում, իրենց տատիկ-պապիկների համար տորթ պատվիրում: Հետն էլ պարտադիր շեշտում են՝Ձեր այն թիվ դոնդողյա տորթերից կպատրաստեք: Մեզ այնքա՜ն են դիմում սիրահար զույգերը: Հաճախ եմ զգում նրանց ոգևորությունը՝ լավը անելու, անակնկալ մատուցելու համար, ու գիտե՞ք, դա ինձ անչափ ուրախացնում է: Ես էլ իմ հերթին փորձում եմ շատ-շատ սեր դնել այդ իմ գործի մեջ: Իսկ երբ մայրիկների համար են ինչ-որ բան պատվիրում, խնդրում են տորթի վրա անպայման գրել «Մամ ջան»: Միթե սա հիասքանչ չէ:
-Տիկին Հովեյան, իսկ ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր նույնպես ցանկանում են սկսել իրենց բիզնեսը:
-Պետք է շատ մեծ ցանկություն, մարդիկ, ովքեր միշտ քեզ հետ են, քո կողքին, վստահում ենք քեզ ու քո արած գործին: Ես այս ամենը բիզնես չեմ համարում, հիմա էլ պատրաստում եմ այնպես, ինչպես կպատրաստեմ իմ ընտանիքի համար: Պետք է դժվարություններից չընկճվել, միշտ առաջ գնալ ու նոր լուծումներ փնտրել: Իհարկե՛, երբեմն դժվարություններ լինում են, բայց երբ սիրում ես գործդ, ամեն ինչ լավ կլինի:
Մեր զրույցը ավարտվեց, իսկ տիկին Հովեյանը այդ ընթացքում հասցրեց մի համեղ կաթնաշոռային դոնդողյա տորթ պատրաստել մեզ համար:
Yerevaklur