Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին Երևանում՝Կասյան 3 հասցեում տեղի ունեցավ հայտնի գրող, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի  հուշաքարի բացումը, որի կողքին Պարույր Սեւակի, Մկրտիչ Արմենի, Համո Սահյանի,  եւ այլ հայտնիների հուշաքարերն էին:

Այս որոշումը կայացվել էր Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ: Միջնորդությունը ներկայացրել էին Պերճ Զեյթունցյանի ընտանիքի անդամները։

Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս եւ թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը 1971-2017 թվականներին հենց այս շենքում է ապրել ու ստեղծագործել:

Ինչպես նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արձակագրի հիմնական գործերը կապվում են այս շենքի հետ՝ նրա դրամաները, վեպերը, վիպակները:

«Իր հսկայական ավանդը ներմուծեց մեր ժամանակակից  գրականության մեջ եւ ինչին էլ ձեռք զարկեց, հրաշալի գործեր ստեղծեց»,-ասաց նա:

Գրողների միության նախագահը, սակայն, մտահոգվում է, որ մենք մեր գրողներին լավ չենք ճանաչում: «Դասագրքերում փնտրես՝ Պերճ Զեյթունցյանի անունը դժվար թե գտնես, որովհետեւ կաղապարներ են դրված եւ անհնար է այդ կաղապարները ջարդել, որ հասկանան՝ հայ գրականությունը չի եկել ու 50 տարի առաջ կանգնել մի կայարանում, որից հետո ամայություն է»:

Արարողությանը ներկա էին նաեւ գրողի ընտանիքը, մի շարք մտավորականներ, արվեստի ներկայացուցիչներ: Դերասան Տիգրան Ներսիսյանը նշեց, որ իր համար այսօր շատ ուրախալի եւ հուզումնալից օր է:

«Այն ամենը, ինչ թողել է նա, այն հսկայական գրական ժառանգությունը, մնայուն արժեք է մեր ազգի, հասարակության, բոլորիս համար»,- ասաց նա:

Հուշատախտակի քանդակագործը Արման Նազարյանն է, իսկ հովանավորի անունը հայտնի չէ, չի  ցանկացել, որ հրապարակվի:

Փոքր ուշացումով արարողությանը միացավ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը, որն իր խոսքում նշեց.«Շատ կարեւոր է, որ մենք մեր ազգային արժեքների հիշողությունը կենդանացող, մշտապես նրանց ներկայությունը մեզ հիշեցնող ակցիաներ ենք իրականացնում»:

Ժամանակին այս նույն շենքում բնակվել են Պարույր Սեւակը, Գուրգեն Մահարին, Համո Սահյանը, Մկրտիչ Արմենը եւ շատ այլ հայտնի մտավորականներ:Պերճ Զեյթունցյանը շուրջ 35 գրքի հեղինակ է: Նրա երկերից են՝ «Արշակ Երկրորդ», «Ոտքի′, դատարանն է գալիս», «Կլոդ Ռոբերտ Իզերլի» և այլն: Հեղինակի պիեսները բեմադրվել են Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային և Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում: 

Գարիկ Ավետիսյան