Սեպտեմբերի 8_ին, Միսլատայի ԷԼ ՍԻԴ դպրոցում տեղի ունեցավ Իսպանիայում առաջին կիրակնօրյա դպրոցի նոր՝ 2019_2020 ուսումնական տարվա մեկնարկի հանդիսավոր արարողությունը։
Հեռավոր 2004 թվականի այս օրերին հիմքը դրվեց Իսպանիայի թագավորությունում առաջին հայկական դպրոցի, որը հընթացս պիտի վերածվեր երկրում հիմնված առաջին հայկական կազմակերպության՝ Արարատ Հայկական միության, որն իր հիմնադրման առաջին իսկ օրվանից ստանձնել է հայապահպանության, հայ ինքնության պահպանման և հայկական մշակույթի զարգացման ու տարածման դժվարին, սակայն հաճելի ազգանվեր գործը։
Ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս, նորեկ և անցած տարիներից հաճախող երեխաները հայոց լեզվին ու Հայաստանին նվիրված բանաստեղծություններով մուտք գործեցին հայկական կրթօջախ՝ ազդարարելով ուսումնական տարվա մեկնարկը։
Բացման խոսքով հանդես եկան ուսուցիչներ Էվելինա Վարդևանյանը, Աստղիկ Սաղաթելյանը, Գայանե Ղազարյանը և Արարատ Ղուկասյանը։ Վերջիններս իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին այն 28 աշակերտների ծնողներին, ովքեր ուծացման դեմ պայքարում իսկական հերոսներ են։
Աշակերտներն այդ օրը ստացան նաեւ գրենական պիտույքներ, որից հետո բոլորը մասնակցեցին արդեն ավանդական դարձած համտեսին։ Եվս մեկ տարի բարի երթ մաղթենք հայկական կրթօջախին և նրանում ուսանող սաներին։
Սեփ. Թղթ.
ՕՐԵՐ