Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ՕՐԵՐ-ի հրատարակության 20 տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք  համաշխարհային օպերային արվեստի հայազգի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկին՝  սոպրանո  Հասմիկ Պապյանին եւ նրա  ստեղծագործական գործունեությանը։  Հայաստանի ժողովրդական արտիստի  հետ բազմաթիվ հարցազրույցներն ու նրա մասին հիացական հոդվածները զարդարել են մեր ամսագրի էջերը։

Այսօր անզուգական երգչուհու  ծննդյան տարեդարձի առթիվ որոշեցինք ներկայացնել մի քանի հատվածներ ՕՐԵՐ-ում լույս տեսած տարբեր տարիների հարցազրույցներից որոնք բացահայտում են Հասմիկ Պապյան անհատի եւ  արվեստագետի կապն իր Հայրենիքի  հետ։ Տասնամյակներ են անցել բայց նա իր նվիրումի եւ անսահման սիրո մեջ մնացել է նույնը։

Ներկայացնում ենք  հատվածներ միայն այն հարցազրույցներից որոնք հիշատակվել  են նաեւ ՕՐԵՐ ամսագրի շապիկներին։ Ի դեպ, նա  մեր մշակույթի այն անգերազանցելի մշակն է, ում լուսանկարը ՕՐԵՐ-ի շապիկին հայտնվել է 5 անգամ՝ 4 անգամ մեծադիր եւ մեկ անգամ էլ փոքր լուսանկարներով։ 

ՕՐԵՐ, 2001 թվական,  թիվ 9-10

Ամեն անգամ բեմ ելնելիս աշխատում եմ առավելագույնն անել, որովհետեւ մեր` երաժիշտներիս, երգիչներիս գործը շատ դժվար է, կարող  ես հարյուրավոր անգամներ շատ հաջող երգել, բայց անպայման կհիշվի մեկ անգամ անհաջող կատարումդ: Այդ իմաստով ծանրաբեռնվածությունը եւ պատասխանատվությունը շատ մեծ է: Ամեն անգամ ինչ-որ բան ավելանում է արդեն կատարվածի վրա՚:

ՕՐԵՐ, 2001թվականթիվ  9-10

Հայաստանից դուրս ապրող իմ հայրենակիցներն ինչ որ ձեւով կգտնեն իրենց ճանապարհը կամ իրենց որոշումները կիրագործեն։ Մաղթանքս հայրենիքում ապրող իմ հայրենակիցներին եմ ուղղում, որովհետեւ իմ զգացումները եւ բոլոր տեսակի ապրումներն ավելի շատ կապված են Հայաստանում ապրող հայերի հետ։ Ծեծված խոսքեր պետք է ասեմ, բայց Հայաստանում ապրողներին մաղթում եմ համբերություն, երբեք չկորցնել այն հերոսական ոգին, որ այս 10-12 տարիներին օգնեց դժվար ճանապարհը հաղթահարելու։ Ինձ թվում է, որ դժվարն արդեն անցել է, հիմա շատ ավելի լավ օրեր պիտի գան։ Համոզված եմ։ Իմ ամբողջ ընտանիքը Երեւանում է։ Շատ ուրախ եմ դրա համար։ Դա ինձ համար հույս է, լավատեսություն։ Ես միշտ ասել եմ՝ իմ դրսում լինելը պայմանավորված է մեծ բեմերով, իմ մասնագիտությամբ, ես երկարատեւ գործուղման մեջ եմ, վերադառնալու եմ, որ մեր ընտանիքը մի օր, անշուշտ, միասին է լինելու։

ՕՐԵՐ, 2004 թվականի  թիվ 11-12

Ես կուզենայի Հայաստանը վերադառնա  այն ժամանակներին, երբ գիտակցվում էր, թե ինչքան կարեւոր է մշակույթը մարդկանց համար։  Չեմ ուզենա վերադառնալ կոմունիստական ժամանակներին, բայց կցանկանայի լինի մի այնպիսի ժամանակաշրջան, երբ  հայ ազգի ու ժողովրդի ապագայի համար տեր կանգնեն մեր մշակույթին։

Ընդհանրապես, այն երեխան, ով դասական երաժշտություն է լսում մանկուց, Մոցարտ ու Բախ է լսում, աթոռ չի կոտրի ու վատ արարք թույլ չի տա։ Առաջ, գրեթե ամեն տանը դաշնամուր կար, հիմա ասում են շաբաթական մեկ անգամ այդ դաշնամուրները վաճառվում են եւ բեռնատար մեքենաներով ուղարկվում են Իրան։  

Ինչ վերաբերում է օպերային, այն տխուր վիճակում է։  Մարդիկ չեն պատկերացնում, որ չի կարելի ինչ որ այլ գործերի հետ  նաեւ օպերա  տնօրինել։ Պետք է դրանով հիմնովին զբաղվել։  Հետո քանի՞ մշակույթի նախարար պետք է փոխվի։  Չէ՞ որ ամեն մի անցած տարին երգելու սպասող երաժշտի համար կորած  տարիներ են։  Քանի Գոհար Գասպարյաններ ու Ռուբեն Ահարոնյաններ ենք արդեն կորցրել։  Շատերը կարողանում են դուրս գալ,դիմակայել, հաստատվել, բայց շատերն էլ ի վիճակի չեն։  Մի՞թե Հայաստանում հնարավոր  չէ նրանց համար նորմալ պայամաններ ստեղծել, որ իրենց դրսեւորեն։

ՕՐԵՐ, 2012 թվականի  թիվ 10-12

Մեր ազգը, մեր հողը շատ բերրի է։ Ծնվում են տաղանդավոր երեխաներ։ Մենք ամեն իմաստով պետք է լինենք առաջնակարգ։ Եթե մի ուրիշ ազգի ներելի է միջակությունը, ապա մեզ՝  ոչ։  Նույնիսկ փողոցը անցնելիս պետք է ուշադիր լինենք,խոսելիս, շփվելիս։ Ամեն ինչում պետք է լինենք կատարյալ կրթված ու բարեկիրթ։ Որպեսզի կարողանանք հաղթել ոչ թե օտարամոլ, այլ հարգալից, այլ ավելի արժանապատիվ ու ինքնավստահ կարողանանաք սիրել ու գնահատել մեր արժեքները, որոնք չենք կարողանում գնահատել։ Եվ ամենակարեւորը մեր լեզուն պահպանել, մեր լեզվամտածողությունը։ Այն, ինչ որ մեր հեռուստատեսությունն է հրամցնում, դա աններելի է։ Աշխարհին հավասարի իրավունքով պետք է ներկայանանք։ Մեզ պետք է քաղաքակիրթ ու արժանապատիվ միջոցներով հաղթել դիմացինին եւ մտնել համաշխարհային կյանք։

ՕՐԵՐ,  2016  թվականի  թիվ  5-8

Արդեն լրացել է իմ բեմական գործունեության 30 տարին։  Պատրաստվում եմ վերադառնալ Հայաստան։ Ես չեմ պատկերացնում այստեղ՝  բարեկեցիկ Եվրոպայում մնալ։  Շնորհակալություն, որ ինձ այստեղ հնարավորություն տրվեց սովորելու, ինքնակատարելագործվելու, կայանալու, հարստանալու, եւ հիմա ժամանակն է այդ ամենը հետ տանելու։ Իմ մի ոտքն արդեն Հայաստանում է։  Իսկապես ես այդպես եմ տեսնում, որ բոլորը պետք է գնան, հատկապես Հայաստանում ծնված եւ մեծացած մարդիկ, որոնց այդ հողը տվել է նման հնարավորություն։  Պետք է հետ գնանք եւ վերադարձնենք մեր պարտքերը մեր երկրին, մեր ժողովրդին։  Ես արդեն ասել էի, որ երկարատեւ գործուղման մեջ էի։  2000 թվականին Թել Ավիվում երգում էի, հետո մեկնեցի Երուսաղեմ, ուր ուխտագնացություն էր կազմակերպվել։ Այնտեղ հանդիպեցի Սիլվա Կապուտիկյանին, նա գիրք նվիրեց եւ ցանկություն հայտնեց,  որ բոլոր ճամփաներս Հայաստանից սկսվեն։ Այն ժամանակ դա դժվար էր պատկերացնել, կոմունիկացիաների առումով դժվար էր,  հիմա ոչ մի խնդիր չկա։ Եթե պետք լինի, ապա Հայաստանից կարելի է մեկնել հյուրախաղերի։  Հողի ուժը պետք է զգալ։  

ՕՐԵՐ-ի խմբագրակազմը շնորհավորում է սիրելի Հասմիկ Պապյանին եւ մաղթում առողջություն, անձնական երջանկություն եւ բեմական կյանքի երանելի ակնթարթներ։

 

ՕՐԵՐ