Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
 
Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) սեպտեմբերի 28-ին Փարիզում հանդես կգա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին: 
 
 Համերգը կկայանա Փարիզի նեոդասական ճարտարապետության ոճի Սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցում - ÉGLISE DE LA MADELEINE: 
 
  Երեկոյին կհնչեն Կոմիտասի և նրա ժամանակակիցների՝ Ռավելի և Դեբյուսիի ստեղծագործությունները: 
 
  Ծանոթացնելով Կոմիտասյան երգարվեստին՝ ի ցույց կտրվի XX-րդ դարի  եվրոպական երաժշտական նոր մտածելակերպի ազդեցությունը, ստեղծագործական մտքի պատկերավոր ներշնչանքը։ 
 
 Ծրագիրն ավելի հետաքրքրական և յուրահատուկ դարձնելու համար առաջին անգամ թե՛ Կոմիտասի, թե՛ Ռավելի, և թե՛ Դեբյուսիի վոկալ-դաշնամուրային ստեղծագործությունները ֆրանսիական նվագախմբի մեկնաբանությամբ, հատուկ այս համերգի համար, գործիքավորելու աշխատանքը հանձն է առել Պետրոս Շուժունյանը: 
 
 Համերգին հանդես կգա նաև սիրված սոպրանո Աննա Կասյանը: 
 
 Ադամ Բարրոյի համար շատ կարևոր էր Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ այս համերգով հետաքրքրել ոչ միայն ֆրանսաբնակ հայ ունկնդրին, այլ նաև՝  նոր մեկնաբանությամբ հրամցնել ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները ֆրանսիացիներին, միևնույն ժամանակ՝ արժևորելով՝ նաև հայ երգը:
 
 Տեղեկացնենք, որ համերգի իրականացմանն աջակցել են Ֆրանսիայի Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները, Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատունը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF), 
AYP FM ռադիոընկերությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը (UGAB), Փարիզի քաղաքապետարանը: