Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Սիվիլիթաս հիմնադրամի խորհուրդն ուրախ է հայտարարելու հիմնադրամի նոր տնօրենի պաշտոնին Աբո Պoղիկեանի նշանակման մասին։ 2008-ին հիմնադրումից ի վեր՝ Սիվիլիթասը եղել է քաղաքացիական հասարակության զորացման առաջամարտիկը՝ խթանելով հրապարակային քննարկումների մշակույթը, իրականացնելով սոցիոլոգիական հարցումներ ու հետազոտություններ, նախաձեռնելով անդրսահմանային բազմաթիվ ծրագրեր։ Հիմնադրամի ամենաազդեցիկ ծրագիրը ՍիվիլՆեթ նորարար մեդիա հարթակի ստեղծումն էր, որը նոր չափանիշներ ու միտումներ է հաղորդել հայաստանյան լրատվադաշտին։

Պարոն Պօղիկեանը ծնվել է Լիբանանի Այնճար քաղաքում, ապրել և ուսանել Լոս Անջելեսում և վերջին երեք պատմական տասնամյակների կեսից ավելին բնակվել Հայաստանում։ 

«ՍիվիլՆեթը, որը ստեղծվել է Հայաստանի կյանքում նշանակալից փոփոխությունների հասնելու համար, այժմ տեղեկատվության և վերլուծության միջազգայնորեն հայտնի երկլեզու աղբյուր է՝ Սիվիլիթաս հիմնադրամի կարևորագույն նվաճումը։ «ՍիվիլՆեթի գործունեությունն ավելի լայն և բազմակողմանի է դառնալու՝ շնորհիվ Աբո Պoղիկեանի փորձառության և բացառիկ անձնվիրության այն հավատամքին, որ մեզ առաջ է մղում՝ արդար հանրություն, բաց երկիր, որտեղ անհատը կարող է բարգավաճել ու իր նպաստը բերել մարդկության բարօրությանը»,- ասել է Սիվիլիթասի հիմնադիր-տնօրեն Սալբի Ղազարյանը։ 

1980-ականներին Աբո Պoղիկեանը հայ գրականության ոլորտում իր դոկտորական ատենախոսության վրա էր աշխատում լուսահոգի պրոֆեսոր Ավետիս Սանճեանի մոտ, սակայն ընդհատեց ուսումը՝ ստանձնելու Լոս Անջելեսի «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը։ Նրա ղեկավարությամբ օրաթերթը մեծ զարգացում ունեցավ և դարձավ Սփյուռքի կարևորագույն երկու լրատվամիջոցներից մեկը։

1990-ին՝ Խորհրդային Միության վերջին օրերին, երբ սկսվել էր Ղարաբաղյան շարժումն ու քաղաքական զարթոնքը, երբ թափ էր հավաքում Արցախի վերամիավորման և անկախության ընթացքը, Աբո Պօղիկեանը եկավ հայրենիք և մի քանի լրատվամիջոց հիմնադրեց, այդ թվում՝ «Երկիր» օրաթերթը։ Նա ստեղծեց նաև ՀՅԴ մամլո դիվանը, որն ամենօրյա կարևոր տեղեկատվություն էր տրամադրում Ղարաբաղյան ճակատից, ապա՝ նորանկախ Հայաստանից։ Որպես «Երկիր» օրաթերթի հիմնադիր ու խմբագիր՝ նա հավատարիմ մնաց անկախ լրագրության սկզբունքներին և կարողացավ ապահովել Հայաստանի ու տարածաշրջանի մասին հավաստի լուրերի ու վերլուծությունների մատուցումը միջազգային հանրությանը, որը դրա կարիքն առանձնապես ուներ։

«Արցախյան շարժումով խանդավառ էր ամբողջ ազգը: «Ասպարեզ»-ը, որու խմբագիրն էի այդ օրերուն, «Դեպի երկիր» կը քարոզեր, ու կարելի չէր Լոս Անջելես նստած հանգիստ խղճով այդ հորդորով ժողովուրդին դիմել: Նաեւ պատմական իրադարձություններուն անմիջական մասնակցություն ունենալու ցանկությունը անդիմադրելի էր»,- ասել է Աբո Պօղիկեանը։

2008-ին վերադառնալով Միացյալ Նահանգներ՝ Պօղիկեանը կրկին ստանձնեց «Ասպարեզ»-ի խմբագրությունը և ընդլայնեց թերթի հնարավորությունները, տարածումը և բազմակողմանի լուսաբանումը։ Մինչև այս ամիս նա «Ասպարեզ»-ի հետ էր։

Սիվիլիթաս հիմնադրամի խորհուրդը վստահ է, որ Աբո Պօղիկեանը կազմակերպությունը կհասցնի նոր բարձունքների։ «Հայաստան վերադառնալը նպատակ էր: Վերադառնալ ՍիվիլՆեթի ընտանիքին մաս կազմելու ճամփով՝ ինձի համար թարմ ու իմաստալից նոր փորձառություններու առիթ կը նկատեմ, որ միեւնույն ատեն պարտավորեցնող է: Նվիրումով ու մասնագիտական բարձր մակարդակով աշխատողներու խումբին մաս կազմելու հեռանկարն ալ իսկապես կ՝ոգեւորէ զիս»,- ասել է Պօղիկեանը։

ՍիվիլՆեթն իր երեք տասնյակ աշխատակիցներով կենտրոնացած է ուղիղ հեռարձակումների, հետաքննական, իրավապաշտպան և լուծումների տանող լրագրության վրա։ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ամենատարբեր անկյուններից երկլեզու՝ հայերեն և անգլերեն լուսաբանումը, տվյալների վրա հիմնված վերլուծությունները ՍիվիլՆեթի աշխատանքի հիմնաքարն են։ 2013-ին ՍիվիլՆեթը հայաստանյան միակ լրատվամիջոցն էր, որ Սիրիայում տեղից լուսաբանում էր տեղահանված քեսապցիների խնդիրը։ ՍիվիլՆեթի՝ 2018-ի Թավշյա հեղափոխության օրերի շուրջօրյա ուղիղ հեռարձակումն ունեցել է 16 միլիոն դիտում։ Իր գործունեության ամբողջ ընթացքում ՍիվիլՆեթը լուսաբանել է քաղաքացիական բազմաթիվ մեծ ու փոքր ցույցեր ու բողոքներ, աջակցել սեփական իրավունքների համար պայքարելու անհատի ու հանրության գիտակցության բարձրացմանը, ինչն ի վերջո նպաստեց 2018-ի հաջող ու սահուն քաղաքական վերափոխմանը։

«Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Սիվիլիթասը հիմնադրեց մի ժամանակահատվածում, երբ մեծ էր քաղաքացիական հասարակության գործունեության և ազդեցության ընդլայնման կարիքը։ Այսօր Սիվիլիթասը կարող է և պետք է նոր դեր ստանձնի որպես հետազոտական և վերլուծական կենտրոն։ ՍիվիլՆեթն այդ գործի անբաժան մասն է, որը հանրությանը տալու է հայության առջև ծառացած մարտահրավերների նրբին ու բարդ բացատրությունները՝ հայերեն ու անգլերեն։ Աբո Պօղիկեանի փորձը և նվիրումը հրաշալի համադրություն են այս նպատակին հասնելու համար»,- ասել է Սալբի Ղազարյանը։

Աբո Պօղիկեանը Սիվիլիթաս հիմնադրամի տնօրենի պաշտոնը կստանձնի 2019-ի սեպտեմբերի 1-ին։
 
Մինչ այդ, արդեն մի հայտարարություն էր հրապարակել Ասպարեզ օրաթերթը՝ Աբո Պողիկյանի պաշտոնը թողնելու մասին։ 
 

«Ասպարէզ»ի Երկարամեայ Խմբագիր Աբօ Պողիկեան Կը Հեռանայ Պաշտօնէն

 

ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ.- «Ասպարէզ» օրաթերթի երկարամեայ խմբագիր Աբօ Պողիկեան, որ ներկայիս թերթին տնտեսական հարցերու տնօրէնն է, 1 Սեպտեմբերին պիտի հեռանայ իր պաշտօնէն, Հայաստան հաստատուելու նպատակով։

Անոր՝ «Ասպարէզ»ի մէջ պաշտօնավարութիւնը տասնամեակներու վրայ կ՛երկարի։ 1985ին ան դարձաւ թերթին հայերէն բաժինի խմբագիրը, զգալիօրէն ընդարձակելով թերթին լրատուական ծաւալը եւ ընթերցողներու թիւը։ 1990ին ան հաստատուեցաւ Հայաստան, ուր հիմը դրաւ ՀՅԴի մամլոյ եւ տեղեկատուական կեդրոնին, որուն նպատակն էր ամէնօրեայ լուրեր հաղորդել  նորանկախ Հայաստանէն, ինչպէս նաեւ Արցախի ազատագրական պայքարի ճակատներէն։ Կեդրոնը նաեւ ստանձնած էր Հասատանէն եւ Արցախէն լրատուութիւն կատարելու համար ժամանող օտար լրագրողներուն թարգմանական, փոխադրութեան եւ այլ ծառայութիւններ մատուցելու  պարտականութիւնը։

Պողիկեան նաեւ դարձաւ Հայաստանի ՀՅԴի պաշտօնաթերթին՝ «Երկիր»ին հիմնադիր խմբագիրը։ Ան նաեւ մաս կազմած է «Երկիր Մեդիա» պատկերսփիւռի կայանի վարչութեան։

Միացեալ Նահանգներ վերադառնալով, Պողիկեան 2008ին վերստանձնեց «Ասպարէզ»ի խմբագիրի պաշտօնը։

Անոր պաշտօնավարութեան ընթացքին սկսան լոյս տեսնելու թերթին Հինգշաբթի օրուան գունաւոր եւ ընդարձակուած թիւերը, որոնք ձրիաբար կը բաժնուին Կլենտէյլի, Պըրպենքի եւ Լա Քրեսենթայի համայնքներուն մէջ։ Նոյն ժամանակ, թերթը վերածուեցաւ հայ համայնքը եւ հայրենիքը յուզող կարեւորագոյն հարցերուն շուրջ տարբեր կարծիքներու արտայայտման բեմի, ի մի բերելով համայնքի մտաւորականները, գրողները եւ գործիչները։

Պողիկեանի առաջնորդութեամբ, յատկանշական ոստում արձանագրեց նաեւ թերթին համացանցային կայքին հայերէն բաժինը, թերթը հասանելի դարձնելով աշխարհի տարածքին։ Նաեւ, օրաթերթին կարեւորագոյն լուրերուն թուայնացած տարբերակը սկսաւ հայերէնով առաքուելու ընթերցողներուն։

«Մեծապէս երախտապարտ ենք Աբոյին կողմէ «Ասպարէզ»ին ցուցաբերած անսասան նուիրումին, որուն արդիւնքը տեսանելի է Արեւմտեան Միացեալ Նահանգներու եւ ամոբղջ աշխարհին հասնող այս թերթին ապրած բարգաւաճման մէջ», կը յայտնէ թերթին գործունէութիւնը տնօրինող Հայկական լրատուական ցանցի ատենապետ Աւետիք Իզմիրլեան՝ աւելցնելով. «Յաջողութիւն կը մաղթենք իր ապագայ ծրագիրներուն մէջ, վստահ ըլլալով, որ ան պիտի շարունակէ հայութեան արդար իղձերուն եւ Հայկական Հարցի պաշտպան մնալ, ուր որ երթայ եւ ինչ նախաձեռնութեան ալ դիմէ»։

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէն եւս իր բարեմաղթութիւնները կը փոխանցէ Աբօ Պողիկեանին, իր մեկնումի սեմին։

«Երախտապարտ ենք Աբոյին, որ յատուկ ջանք թափեց «Ասպարէզ» օրաթերթը վերածելու իւրայատուկ հարթակի մը, որ համայնքը համախմբեց Դաշնակցութեան տեսլականին եւ նպատակներուն շուրջ, որոնց վերջնական թիրախը կը մնայ սպասարկել հայ ժողովուրդին», կը յայտնէ ՀՅԴի Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի համաատենապետ՝ տոքթ. Քարմէն Օհանեան՝ աւելցնելով. «Աբոյին յաջողութիւն կը մաղթենք իր ապագայ նախաձեռնութեանց մէջ եւ վստահ ենք, որ օրաթերթը պիտի շարունակէ ընդարձակուիլ եւ բարգաւաճիլ շնորհիւ իր տեսլականին եւ նուիրումին»։

«Ասպարէզ»ի խմբագրական կազմը, վարչութիւնը եւ անձնակազմը Պողիկեանին լաւագոյնը կը մաղթեն իր ասպարէզի յաջորդ հանգրուանին ընթացքին։

 

 

ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը շնորհավորում է պարոն Պողիկեանին  Հայաստան վերադարձի եւ նոր գործունեության առիթով եւ մաղթում նորանոր ձեռքբերումներ։ 

 

ՕՐԵՐ