Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հուլիսի 24-ից 25-ը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում։ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Թիֆլիսում հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի եւ վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն, ինչպես մամուլի հետ շփումներում այնպես էլ Վրաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, հատուկ շեշտեց, որ իր գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերվող հարցեր։ Սա հատուկ ենք նշում մի շարք այլ հայտարարությունների ֆոնի վրա, քանզի ՀՀ ԱԳ նախարարը ընդգծված շեշտադրումով է խոսել դրա մասին։ Եւ իրականում, եթե ուշադիր լինենք ապա ակնհայտ երեւում է, որ վերջին շրջանում Վրաստանում եւ Վրաստանի շուրջ տեղի են ունեցել հետաքրքիր զարգացումներ, որոնք չեն կարող չազդել երկրի ներքին ու արտաքին քաղաքականության վրա, որոնք նաեւ անդրադառնում են Վրաստանի անվտանգության տեսլականի վրա։ Այս առումով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարության մեջ կարելի է տեսնել փոխշահավետ համագործակցության ցանկություն հենց երկու երկրների տարածաշրջանային անվտանգությունը ապահովելու գործում, ինչը բացակայում էր նախորդ տարիներին։

Սակայն ի՞նչ է փոխվել վերջին ամիսներին եւ ի՞նչն է ստիպել Հայաստանին ու հատկապես Վրաստանին երկկողմ հարաբերություններում հատուկ շեշտադրումով քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցը։ Իրականում փոփոխությունները բավական աչքի ընկնող են Վրաստան-Ադրբեջան եւ Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում, ինչպես նաեւ այս երկրի ներքաղաքական կյանքում։ Համար առաջին փոփոխությունը այն է, որ Ադրբեջանը սկսել է իր ագրեսիվ քաղաքականությունը ցուցադրել Վրաստանի նկատմամբ Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ, որտեղ վրաց հավատացյալները եւ զբոսաշրջիկները հանդիպել ու հանդիպում են լուրջ խոչընդոտների։ Դրանից բացի, բավական վերջերս ադրբեջանցի սահմանապահները կրկին լարել էին իրավիճակը տաճարի շուրջ։ Այս ամենի հետ մեկտեղ հավաստի տեղեկություններ կան, որ Ադրբեջանը նոր մեծ հարձակվողական ռազմաբազա է կառուցել տվյալ վանական համալիրի մոտակայքում, ինչը Վրաստանի որոշ քաղաքական գործիչներ ընկալում են որպես օկուպացիա այն տարածքների, որոնք դեռ չեն ենթարկվել սահմանազատման։ Ադրբեջանի տվյալ ագրեսիվ պահվածքը ու վերջին տարիների ֆինանսական, քաղաքական ու արդեն իսկ լրատվական էկսպանսիան Վրաստանի նկատմամբ ու միջամտումը երկրի ներքին գործերին ստիպում է այս երկրին վերափոխել իր մոտեցումը իր «ռազմավարական» գործընկերոջ նկատմամբ եւ մտածել ադրբեջանական ու թուրքական էքսպանսիայի մասին Վրաստանում։

Կարծես ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե որքանով մեծ ներդրումներ է արել ու անում Թուրքիան Բաթումում ու ընդհանրապես Աջարիայում եւ նաեւ այն, որ բազմիցս հայտարարել է, թե Բաթումին իբր իրենց է պատկանում։ Թուրքիայի քաղաքականության աջակիցներ կան նաեւ Սամցխե-Ջավախքի Ադիգեն շրջանում։ Քվեմո-Քարթլիում ու Թբիլիսիում ադրբեջանական բնակչության թիվը եւս պրոգրեսիվ արագությամբ օրեցօր ավելանում է։ Եւ դրանից բացի տվյալ մարդիկ մեծ մասամբ աջակցում են նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու կուսակցությանը։ Իսկ ամենահետաքրքիրը այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան բավականին վերջերս պայմանավորվել են, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից օգտվելու է նաեւ Ռուսաստանը, առանց հաշվի առնելու Վրաստանի կարծիքը։ Այս ամենի իմաստը կայանում է նրանում, որ Աջարիայի ու Քվեմո-Քարթլիի մեջտեղում ընկած է Սամցխե-Ջավախք տարածաշրջանը, որտեղից անցնում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, ինչը ֆինանսական շահավետությունից բացի չափազանց խոցելի իրավիճակում է դնում Վրաստանին։ Ահա այս ամենի համատեքստում Թբիլիսիում կամաց-կամաց սկսել են հասկանալ թուրք-ադրբեջանական տանդեմի վտանգը ու այս պարագայում Հայաստանի կարեւոր դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության ու կայունության ապահովման գործում։ Թբիլիսիում շատ լավ հասկանում են, որ առաջին հերթին թուրք-ադրբեջանական միջանցիկ բացումը ու շրջանի հայաթափումը ձեռնտու չէ նաեւ Հայաստանին եւ այդ առումով Երեւանը հրաշալի դաշնակից կարող է լինել Վրաստանին։

Այս ամենի վրա իր ազդեցությունը չէր կարող չունենալ նաեւ վերջին մեկ ամսում Վրաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, որոնց միջոցով ընդդիմությունը հրաշալի կերպով փորձեց ապակայունացնել իրավիճակը Վրաստանում։ Խոսքը ռուս պատգամավոր Գավրիլովի հայտնվելն էր Վրաստանի խորհրդարանի նախագահի բազկաթոռում ուղղափառության վեհաժողովին։ Նույնիսկ վարկած կա, որ Միխեիլ Սահկաշվիլու կուսակցությանը հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը սադրանք կազմակերպելու գործին ֆինանսապես աջակցել է հենց Ադրբեջանը նպատակ ունենալով էլ ավելի վատթարացնել ռուս-վրացական հարաբերությունները, որպեսզի փակվի Ռուսաստանից դեպի Հայաստան գնացող միակ ճանապարհը ու Վրաստանն էլ իր հերթին ավելի մեծ կախման մեջ ընկնի Ադրբեջանից նոր տնտեսական խնդիրների պատճառով։ Վրացական ընդդիմադիր Rustavi 2 հեռուստաընկերության եթերում սկանդալային հաղորդավար Գիորգի Գաբունիայի վիրավորական հայտարարությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, դա վերջին ճիչն էր հունիսի 20-ի ընդդիմության տապալված սադրանքի ընդդեմ «Վրացական երազանք»-ի, ինչի հետեւում եւս չի բացառվում, որ կանգնած լինեին ադրբեջանական փողերը։

Ամեն ինչ պարզ է, ու այս բազմաթիվ իրադարձությունների ֆոնին կրկին վերադառնանք հայ-վրացական հարաբերություններին ու վերոնշյալ հանգամանքներից սնվող անվտանգության բաղադրիչին, որը քննարկման առարկա է դարձել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի միջեւ։ Այս ամենի հետ մեկտեղ կարեւոր է նշել նաեւ այն փաստը, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները հասկանալով Ադրբեջանական էներգակիրներից իրենց կախվածության վտանգը ուզում են մի փոքր բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը բնականաբար չի լինելու այդքան ազդեցիկ, որ ազդի երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումի վրա ու մյուս կողմից կթուլացնի Ադրբեջանից Վրաստանի կախվածությունը։ Դրա համար եւս կարծես բավական լավ նախադրյալներ են ստեղծվում եթե նայենք «Հայրենասերների դաշինք» կուսակցության կապերին Մոսկվայի ուղղությամբ։ Վրաստանում անցկացված սոցիալական հարցումների համաձայն հենց «Հայրենասերների դաշինք» կուսակցությունն է այն ուժը, որը կարող է չորրորդ տեղը գրավել ապագա խորհրդարանում առանց որի հետ կարծես թե «Վրացական երազանք»-ին դժվար լինի միայնակ ձեւավորել կառավարություն։ Ինչ որ է սա եւս վկայում է այն մասին, որ Վրաստանը անելու է քայլեր թուլացնելու թուրք-ադրբեջանական ազդեցությունը երկրի վրա ու այս գործում իր կարեւոր դերակատարությունը կարող է ունենալ նաեւ Հայաստանը, որի հետ նաեւ կարծես արժեքային համակարգ է ձեւավորվել թավշյա ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունից հետո։

Տեսնելով այս իրավիճակը ու քննարկելով տարբեր հարցեր շատ կարեւոր է, որ այս քննարկումները չմնան ճոխ հայ-վրացական սեղանների վրա ու հերթական անգամ չդասվեն ավանդական կենացաճառերի շարքին, այլ վերածվեն իսկական ծրագրերի ու ամենակարեւորը կյանքի կոչվեն ի շահ մեր երկու եղբայրական ժողովուրդների։

 

Էդուարդ Այվազյան

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն