«RyanAir» և «WizzAir» ավիաընկերությունները պատրաստ են 2020 թվականից մուտք գործել Հայաստան.Տաթևիկ Ռևազյան
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
«Ես կոնկրետ արդյունքներ բերել եմ. այդտեղ ընդհանրապես կասկածանք չկա»,- հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Ըստ նրա՝ միայն այն փաստը, որ «RyanAir» և «WizzAir» ավիաընկերությունները պատրաստ են 2020 թվականից մուտք գործել Հայաստան, արդեն իսկ մեծ արդյունք է:
«Ու այդ արդյունքը եկել է նրանից, որ ես ճկուն եմ աշխատել, այսինքն՝ ես չեմ գնացել ասել՝ «Հայաստանի պայմաններն էս ա, ընդունեք կամ մի ընդունեք». ես գնացել եմ, լիքը հարցեր եմ տվել, հասկացել եմ իրենց մտածելակերպը, տարբեր երկրների մասնագետների հետ էլ եմ խոսել, որ հասկանամ՝ ինչ խնդիրներ են առաջացել այդ երկրներում, երբ մուտք է գործել «RyanAir»-ը կամ «WizzAir»-ը»,- նշեց Տ. Ռևազյանը:
Նրա խոսքերով՝ ընդհանրապես նորմալ երևույթ է, երբ բանակցություններ են վարվում նոր ավիաընկերությունների հետ, և դրանք կարող են տարիներ տևել:
Որպես օրինակ՝ Քաղավիացիայի կոմիտեի նախագահը բերեց Վրաստանը, որն արդեն շուրջ հինգ տարի է, ինչ բանակցում է «RyanAir»-ի հետ:
«Շատ հաճախ այս ընկերությունները, որ մուտք են գործում շուկա, շատ արագ մոնոպոլիստ են դառնում: Հինգ տարի թռնում են, հետո կառավարությանն ասում են՝ «եթե էս, էս բաները չանեք մեզ համար, մենք դուրս կգանք». սա մի օրինակ է, որը մենք հաշվի ենք առել և պետք է այնպես անենք, որ դրանք մոնոպոլիստ չդառնան: Դրա համար զեղչեր չենք տալիս ավիաընկերությանը, մենք զեղչը տալիս ենք ուղղության համար: Եթե հիմա մենք չունենք Երևան-Մարսել չվերթ, հինգ տարով մենք ուզում ենք հանել օդի փողը, մինչև այդ շուկան չձևավորվի»,- պարզաբանեց Տ. Ռևազյանը՝ հավելելով, որ օդի փողը սխալ երևույթ է ավիացիայի ոլորտում:
Նա տեղեկացրեց, որ Հայաստան նոր ավիաուղիներ բերելու ամենամեծ խոչընդոտներից մեկը ծախսերի բարձր լինելն է, հետևաբար ինքը պատրաստ է հետագայում բարձրաձայնել և առաջարկել, որպեսզի օդի փողը հանվի բոլոր նոր ուղղությունների համար:
Էլիզա Զախարյան,
«Նոյյան Տապան»