Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հուլիսի 10-ին ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով Եվրոպական խորհրդի նախագահին ՀՀ կառավարությունում՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար ԵՄ հետ հարաբերությունների զարգացումն արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: «Պարոն Տուսկ, ուրախ եմ կրկին հանդիպել Ձեզ: Եվրոպական միությունը կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Մենք կարևորում ենք ԵՄ հետ համագործակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացման գործընթացում, և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը կնպաստի մեր փոխգործակցության խորացմանը: Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը ՀՀ-ԵՄ կապերի զարգացման գործում և շնորհակալ ենք Ձեզ արդյունավետ համագործակցության համար», - նշել է ՀՀ վարչապետը:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ ուրախ է գտնվել Հայաստանում և հանդիպում ունենալ ՀՀ վարչապետի հետ: «Պարոն վարչապետ, սա մեր առաջին հանդիպումն է Երևանում: Եվրոպական միությունը ևս կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և Ձեզ հետ սկսած արդյունավետ շարունակական երկխոսությունը՝ ուղղված մեր փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու սերտացմանը», - ասել է ԵԽ նախագահը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը: Հայաստանի վարչապետն անդրադարձել է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ խոսելով անկախ դատաիրավական համակարգի ձևավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Կառավարության ղեկավարը նշել է, որ դատական անկախ համակարգի կայացումը Հայաստանի համար օրակարգային առաջնահերթություն է, և եվրոպական կառույցների, այդ թվում՝ Եվրամիության տեխնիկական և ֆինանսական օժանդակությունն այդ գործընթացին մեծ կարևորություն ունի մեր երկրի համար: Դոնալդ Տուսկը նշել է, որ եվրոպական կողմը լիովին վստահում է ՀՀ վարչապետի և կառավարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների տրամաբանությանը և իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու Հայաստանին այդ բարեփոխումը հաջողելու հարցում:
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ հետագա քայլերին: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է առաջիկայում այս ուղղությամբ առարկայական երկխոսությունը մեկնարկելու հարցում: ԵԽ նախագահ Տուսկն ասել է, որ Հայաստանի վարչապետի ուղերձը կփոխանցի ԵՄ անդամ պետություններին:
Կողմերը մտքեր են փոխանակել ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացման ընթացքի շուրջ, կարևորել դրա գործընթացի շուտափույթ ավարտին հասցնելը: Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ 2019 թ. հունիսի 1-ին ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի իրականացման ճանապարհային քարտեզը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ներդրումային համաժողովի կազմակերպման հնարավորություններին:
Հայաստանի վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խնդիրը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կարգավորելու տրամաբանությանը և երախտագիտություն հայտնել ԵՄ կողմից այս հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը պաշտպանելու համար:
Այնուհետև ՀՀ վարչապետի և ԵԽ նախագահի հանդիպումը շարունակվել է առանձնազրույցի ձևաչափով, որից հետո նրանք հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը շրջել են Երևանում, քայլել Հյուսիսային պողոտայում և այցելել Երևանի Եվրոպայի հրապարակ: Շրջայցից հետո Հայաստանի վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկումը շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Հայաստանի կառավարությունում կայացած բանակցություններից հետո հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարություններով:
Ստորև ներկայացվում է հայտարարությունների տեքստի սղագրությունն ամբողջությամբ.
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան- Մեծարգո պարոն նախագահ,
լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ,
տիկնայք և պարոնայք,
Ես անչափ ուրախ եմ ողջունել նախագահ Տուսկին Հայաստանում: Համեմատաբար կարճ ժամանակահատվածում ես մի քանի առիթ եմ ունեցել հանդիպելու պարոն Տուսկին: Մեր բոլոր շփումները շատ տպավորիչ են եղել՝ անցնելով բարեկամության և կառուցողական երկխոսության մթնոլորտում:
Այսօր ևս մենք ունեցանք շատ արդյունավետ քննարկում: Անդրադարձանք Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի: Մտքերի փոխանակում ունեցանք քաղաքական և ճյուղային, այսպես կոչված, սեկտորալ համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի ներքին կյանքին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ:
Ես վերահաստատեցի օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը:
Հանդիպման ընթացքում ես նաև խոսեցի Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին՝ հիշատակելով անկախ դատաիրավական համակարգ կառուցելու ուղղությամբ մեր ներկայիս գործադրած ջանքերը: Ընդգծեցի, որ այդ առումով Հայաստանը մեծապես կարևորում է եվրոպական հաստատությունների, այդ թվում՝ ԵՄ աջակցությունը և հայտնում իր երախտագիտությունը ցուցաբերվող օժանդակության և գաղափարական զորակցության համար:
Ընդգծեցի ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքական հանձնառությունը:
Երկուստեք նշվեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի մեծ նշանակությունը և եվրոպական երկրների կողմից այն շուտափույթ վավերացնելու կարևորությունը:
Տվյալ պայմանագիրը մի գործիք է, որի իրականացումը ոչ միայն նպաստելու է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, այլ նաև օգնելու է Հայաստանի իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացմանը:
Այս առումով ես ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարության գերատեսչությունները Եվրամիության համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ մշակել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի իրականացման Ճանապարհային քարտեզը: Այն իմ կողմից հաստատվել է հունիսի 1-ին՝ Պայմանագրի ժամանակավոր կիրառման սկզբից ուղիղ 1 տարի անց: Հունիսի 13-ին Պայմանագիրն արժանացավ նաև Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի երկրորդ հանդիպման հավանությանը:
Մենք անդրադարձանք նաև Հայաստան- Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու խնդրին: Իմ կողմից նշվեց Հայաստանի շահագրգռվածությունն այս հարցում, հատկապես, միջանձնային շփումների ընդլայնման անհրաժեշտության տեսանկյունից: Ես դիմեցի նախագահ Տուսկին՝ Եվրամիության անդամ պետություններին այս ուղերձը փոխանցելու խնդրանքով:
Անդրադարձ եղավ նաև Արևելյան գործընկերությանը, որն այս տարվա մայիսին նշեց իր հիմնադրման 10-րդ տարեդարձը:
Մենք զրուցեցինք նաև տարածաշրջանային խնդիրների մասին: Երախտագիտություն հայտնեցի ԵՄ կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումն աներկբայորեն պաշտպանելու համար: Համոզվածություն հայտնեցի ԵՄ այս կեցվածքի շարունակականության հարցում:
Ավարտելով խոսքս, հարգելի գործընկերներ, ցանկանում եմ նախագահ Տուսկին վերստին շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև մեր բոլորի անունից հաջողություն և նորանոր ձեռքբերումներ մաղթել նրան ապագա գործունեության մեջ:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ - Շնորհակալություն, սիրելի պարոն վարչապետ, Ձեր ջերմ ողջույնի և մեր գերազանց քննարկումների համար:
Սա իմ առաջին այցելությունն է Երևան Հայաստանի խաղաղ հեղափոխությունից ի վեր: Ուրախ եմ հիմա գտնվել այստեղ, և Հայաստանի դրական դինամիկան նոր հնարավորություններ է ստեղծել մեր համագործակցության համար: Իմ այցելությունն ապացույցն է այն կարևորության, որը Եվրամիությունը վերագրում է Հայաստանի և տարածաշրջանի հետ մեր հարաբերություններին:
Մեր այսօրվա քննարկումն ընդգծեց մեր գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը: Այն հավակնոտ համաձայնագիր է, որը սատարում է Հայաստանի արդիականացմանը: Եվրոպական միությունը կշարունակի տրամադրել տեխնիկական և ֆինանսական օժանդակություն այս համաձայնագրի իրականացման համար:
Վարչապետը և ես նաև համաձայնեցինք, թե որքան կարևոր է օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և մարդու իրավունքների հանդեպ հարգանքը: Եվրամիությունը ողջունում է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգ ստեղծելու նկատմամբ ուշադրությունը: Կուռ դատական համակարգն էական բաղադրիչ է ժողովրդավարության հասնելու և տնտեսական ու սոցիալական զարգացման համար: Այստեղ ևս Եվրամիությունը շարունակելու է աջակցել փորձագիտական օժանդակությամբ և լրացուցիչ ռեսուրսները մոբիլիզացնելով:
Մենք քննարկեցինք նաև մասնագիտացված հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծումը:
Ճանաչելով կառավարության բարեփոխումների ուղղությամբ ջանքերը՝ Եվրամիությունը համարյա կրկնապատկել է 2019 թվականի համար մեր օժանդակությունը Հայաստանին: Այս միջոցները կօգնեն գերակա ծրագրեր իրականացնել, ներառյալ ենթակառուցվածքային և բնապահպանական: Այս համատեքստում ես սպասում եմ Սևանա լիճ իմ այսօրվա այցելությանը: Եվրամիությունն այստեղ սատարելու է ջրային ռեսուրսների կառավարմանը, ինչպես փոխհամաձայնեցվել էր վարչապետ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած վերջին այցի ժամանակ: Ես առիթ կունենամ նաև այցելել Սևանավանքը՝ մի հուշարձան, որը եվրոպական մշակույթի վրա Հայաստանի հազարամյա ազդեցության ապացույց է:
Այսօր մենք քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի չհանգուցալուծված հակամարտությունը: Եվրամիությունը քաջալերված է այս տարվա զարգացումների դինամիկայով և ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ու մարդասիրական խնդիրների վրա շեշտադրում կատարելու պատրաստակամությամբ: Մենք նաև կիսում ենք Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը շփման գծի երկայնքով վերջին զոհերի ինչպես նաև էսկալացիոն հայտարարությունների վերաբերյալ: Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն՝ վերականգնելու համար այն միջավայրը, որը նպաստավոր կլինի խաղաղության, իրական բանակցությունների համար: Հակամարտությունը ռազմական լուծում չունի, և այստեղ քաղաքական հանգուցալուծում է պետք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին: Եվրամիությունը շարունակում է լիարժեքորեն աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և շեշտադրությանը՝ գտնելու արդար և տևական հանգուցալուծում՝ ելնելով Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքներից: Եվրամիությունն արդեն սատարում է խաղաղության կառուցման գործողություններին և պատրաստ է սատարել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու միջոցառումներին:
Պարոն վարչապետ, թույլ տվեք ավարտեմ, վերստին ձեզ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար: Ինձ քաջալերում և խրախուսում է Ձեր ղեկավարությամբ առաջընթացը, և ես ուզում եմ հավաստացնել, որ Եվրոպական միությունը շարունակելու է սերտորեն աշխատել Հայաստանի հետ և Ձեզ հետ՝ ի օգուտ բոլոր հայերի:
Շնորհակալություն: