Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 3-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Արմեն Դիվանյանի անվան «Արևներ» մանկապատանեկան անսամբլի ամենամյա 16-րդ մրցույթ-փառատոնը: Այս տարի էլ փառատոնի շրջանակներում բացահայտվեցին նոր փոքրիկ տաղանդներ, ովքեր փայլեցին իրենց ձայնով ու դերասանական անմիջականությամբ։
Անսամբլի գեղարվեստական ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ու նրա բարձրակարգ թիմը այս անգամ էլ հիացրեցին իրենց կատարած աշխատանքով։
16-րդ մրցույթ- փառատոնում հաղթողներ ճանաչվեցին նոր երգերի հեղինակներ Աննա Գզրարյանը, Լիլիթ Հեյբաթյանը, Մարինե Ներսիսյանը եւ Սաթենիկ Գևորգյանը։
Ինչպես նշում է Արփինե Հովհաննիսյանը,փառատոնը կազմակերպվում է մեկ գերնպատակով, որպեսզի երեխաների համար ստեղծվեն մանկական այնպիսի երգեր,որոնք կհամապատասխանեն իրենց տարիքին ու կլինեն հոգեհարազատ:
ՙՀունիսի 4-ից արդեն իսկ նոր երգերի հայտարարություն ենք տվել, քանի որ երգերի հավաքագրումը երկարատև պրոցես է, որի վրա սկսում ենք աշխատել փառատոնից անմիջապես հետո: Ներկայացվում են բազմաթիվ երգեր, որոնցից ընտրվում են 20 առավել հաջողվածները, դրանք գործիքավորում են, երեխաների հետ փորձում ենք, ձայնագրում, բեմականացնում և ներկայացնում փառատոնում: Ամեն տարի 20 նոր մանկական երգ է այս փառատոնի շնորհիվ ծնունդ առնում, կյանք մտնում ու հնչում տարբեր բեմերում: Այդ ամենը ձայնագրվում է տեսաձայնասկավառակում (DVD) և տարածվում ոչ միայն Հայաստանում, այլեւ սփյուռքում: Այս փառատոնը մեծ շարժիչ ուժ է ստեղծագործողների համար, որովհետև նրանց ներկայանալու, ստեղծագործելու, ճանաչվելու հնարավորություն է տալիս։ Փառատոնը նման հարթակ է տրամադրում բոլոր երգերի հեղինակներին։ Այս տարվա փառատոնում էլ հնչեցին գեղեցիկ մանկական երգեր,այնքան լավը, որ հանձնաժողովն ափսոսում էր, որ մրցանակային տեղերը սահմանափակ են: Մանկական երգերի մրցույթում տալիս ենք երեք մրցանակ, իսկ պատանեկանի համար՝ երկու՚,- նշում է Արփինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ մայիս ամսին «Պրահայի աստղեր» միջազգային փառատոնում «Արևներ»ն արժանացան երկու ոսկե մեդալների. մեկը՝ որպես խումբ, մյուսը՝ «Արևների» սան Էլեն Նազարյանը: Խումբը ելույթ է ունեցել նաեւ Վիեննայում, որտեղ Հայաստանի դեսպանատան դահլիճում ջերմ ընդունելության է արժանացել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից:
ՕՐԵՐ