Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հուլիսի 2-4-ը Լիբանանում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ տեղի կունենա Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողով, որին իրենց մասնակցությունը կբերեն Սփյուռքի, Հայաստանի ու Արցախի 65-ից ավելի խմբագիրներ ու լրատվական ոլորտի պատասխանատուներ։

Հիշեցնենք, որ 2019 թվականը Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի կողմից հռչակված էր Հայ մամուլի տարի, եւ այս նախաձեռնությունն էլ այդ շրջանակներում կազմակերպվող ձեռնարկներից մեկն է։

Պետք է նշել, որ հայ խմբագիրների նման հավաք  առաջին անգամ կազմակերպվել է դեռեւս 2000-ականների սկզբին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում, ապա Հայաստանում անցակացվել են Լրագրողների համահայկական մեկ տասնյակի հասնող համաժողովներ։

Անթիլիասում անցկացվող համաժողովի ընթացքում մասնակիցները կքննարկեն Հայաստան-Սփյուռք համագործակցության խնդիրները, հայ մամուլի մարտահրավերները, տեղեկատվական անվտանգությունն ու համահայկական խնդիրների ու միջազգային հանրային կարծիքի ձեւավորման հետ կապված հարցեր։

Կքննարկվեն նաեւ հայ ինքնության պահպանության հարցում հայոց լեզվի եւ մշակույթի դերը, հայ մամուլի բազմակարծության եւ խոսքի ազատության խնդիրները, ինչպես նաեւ հայ մամուլի եւ պահանջաատիրության հետ կապված հարցեր։

Նախատեսված է, որ համաժողովը կանցկացվի Արամ Ա Վեհափառի բարձր հովանու ներքո։ Ներկա կլինի նաեւ Հայաստանի վարչապետի տիկին, ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը, ԱՄՆ, Եվրոպայի եւ Միջին Արեւելքի, ինչպես նաեւ Հայաստանի լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներ ու տնօրեններ։

Չեխիայից համաժողովին կմասնակցեն ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը եւ  orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը։

 

ՕՐԵՐ