Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում հունիսի 29-ին, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում իրականացվեց «Վարդենիկ համայնքի նոր զարգացման ծրագիր. Տուրիզմ և գյուղատնտեսություն» ծրագրի շրջանակներում «Համայնքի զարկերակ» հասարակական կազմակերպության և «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության կողմից կազմակերպվել էր «Ավելուկի փառատոն»:
Փառատոնին Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» հիմնադրամների հիմնադիր Աննա Հակոբյանը՝ երեք դուստրերի Մարիամ, Շուշան եւ Արփի Փաշինյանների հետ: Աննա Հակոբյանը, ԿԵՀ ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, Վարդենիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը և այլք:
Փառատոնի ժամանակ գործվել է աշխարհի ամենաերկար ավելուկի հյուսքը:
Փառատոնի շրջանակներում նախատեսված էր յուրօրինակ ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ Վարդենիկի, շրջակա համայքների և ՀՀ այլ բնակավայրերի ձեռներեցները հատուկ տաղավարներում ներկայացրեցին իրենց կողմից արտադրված գյուղմթերքը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, փառատոնի կազմակերպիչ Արտուշ Խաչատրյանի, Վարդենիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է 18 տաղավարներով, շփվել փառատոնի մասնակիցների եւ հյուրերի հետ, լուսանկարվել:
Աննա Հակոբյանը դուստրերի հետ մասնակցել է նաեւ աշխարհի ամենաերկար ավելուկի շարանի հյուսման գործընթացին: Աշխարհի ամենարեկար ավելուկի հյուսքը կգրանցվի «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում:
Ավելուկի փառատոնը նախաձեռնվել է Գեղարքունիքի զբոսաշրջային ռեսուրսները բացահայտելու, մարզում օրգանիկ գյուղատնտեսության, գյուղական, իրադարձային, մշակութային տուրիզմի ներուժը զարգացնելու, սոցիալական ձեռնարկություններն ու իրենց արտադրանքը հանրությանը ներկայացնելու նպատակով։ Ավելուկի փառատոնի ընթացքում մեծ կաթսայի մեջ ավելուկ է պատրաստվել տեղի է ունեցել համտես-հյուրասիրություն: Աննա Հակոբյանը շրջել է տաղավարներով:Միջոցառումն ուղեկցվել է ուրախ ազգագրական երաժշտությամբ՝ փառատոնի հատուկ հյուրերն են Ներսիկ Իսպիրյանը և «Գաթա» բենդն, ովքեր իրենց գեղեցիկ ու հայրենասիրական կատարումներով ոգևորել են փառատոնի մասնակիցներին ու հյուրերին։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ ներկայացնելով ԿԵՀ ծրագիրը, շնորհավորեց ներկաներին՝ միջոցառման կազմակերպման ու կայացման համար: «Ուրախ ենք, որ «Համայնքի զարկերակը» լուրջ գործ է արել, ու այս փառատոնն էլ այդ գործիքներից մեկն է:
Գլխավոր գործը համայնքի զարգացման ծրագրի կարևորագույն ուղենիշները փոխելն է: Դրանց մեջ ներառվել է տուրիզմի զարգացումը, օրգանիկ գյուղատնտեսությունը և այդ փոփոխությունները բերելու են փոփոխություններ համայնքի բնակիչների կյանքում: Վստահ եմ, որ սա կլինի վարակիչ օրինակ մյուսների համար և մենք մարզում կունենանք կայուն զարգացում ու համայնքը լավ մոդել կդառնա այլ համայնքների համար»,-ասաց Կարեն Զադոյանը:
«Համայնքի զարկերակ» ՀԿ նախագահ և «Վարդենիկ համայնքի նոր զարգացման ծրագիր. Տուրիզմ և գյուղատնտեսություն» ծրագրի ղեկավար Արտուշ Խաչատրյանը ներկայացրեց փառատոնի առաքելությունն ու նպատակը: «Մենք ցանկանում ենք մեր համայնքներում զարգացնել օրգանիկ գյուղատնտեսույթունն ու գյուղական տուրիզմը: Սա այդ զարգացման առաջին քայլերից մեկն է, որի ընթացքում կարող ենք ներկայացնել տեղական ապրանքանիշերը, որից 18-ն է այսօր ներկայացված»,-նշեց նա:
Վարդենիկ համայքնի ղեկավար Հովհաննես Հովեյանը կարևորելով ծրագիրը՝ նշեց.- «Փառատոնը տարբերվում է գրեթե մյուս բոլոր փառատոններից, քանի որ այն չկրկնվող ու առաջինն է»,-նշեց նա:Փառատոնը նախաձեռնվել է Գեղարքունիքի զբոսաշրջային ռեսուրսները բացահայտելու, մարզում ագրո, գյուղական, իրադարձային, և մշակութային տուրիզմի ներուժը զարգացնելու, սոցիալական ձեռնարկությունները և իրենց արտադրանքը հանրությանը ներկայացնելու նպատակով:
Փառատոնի շրջանակներում հյուրերը համտեսել են Գեղարքունիքի ավանդական ուտեստները՝ Գավառի ավանդական փախլավան, Վարդենիկի կանեփով քյուֆտան, մեծ կաթսայի մեջ պատրաստվող ավելուկի թարմ ապուրը, սարերի տապակած ուտելի բույսերը, ծանոթացել Գեղարքունիքի և ՀՀ այլ բնակավայրերի սոցիալական ձեռնարկատերերին, գյուղական հյուրատնային ծառայություններին, օրգանիկ արտադրությամբ զբաղվող անհատների արտադրանքին ու նրանց գործունեությանը:
Տեղեկանք
Ավելուկը (լատ.՝ Rumex), թրթնջուկ, թթվաշ, մատիտեղազգիների (հնդկացորենազգիներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի և թփերի ցեղից է։ Հայտնի է մոտ 150, Հայաստանում՝ 12 տեսակ՝ ավելուկ սովորական (R. acetosa) կամ թթվաշ, ավելուկ գանգուր (R. crispus), ավելուկ ալպիական (R. alpinus), ավելուկ ավելուկանման (R. acetoselloides), թրթնջուկ փոքր (R. acetosella) և այլն։ Տարածված է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Աճում է մարգագետիններում, նոսրանտառներում, թփուտներում, անտառեզրերիև, լեռնալանջերին, գետափերին, խոնավ վայրերում և այլն։ Աղբոտում է աշնանացան և գարնանացան մշակաբույսերի դաշտերը, խոտհարքները, արոտավայրերը։ Պարունակում է աղաղանյութեր, վիտամիններ, թթուներ, սապոնիններ, ներկանյութ և այլն։
Ավելուկն օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ դիզենտերիայի, լյարդի հիվանդությունների, մարսողության խանգարման ժամանակ և սննդի մեջ (թարմ, չորացրած)։Ըստ համի՝ ավելուկը լինում է դառը եւ քաղցր։Ավելուկը բարբառներում կոչվում է վիլուկ (Տավուշ), ավլուկ (Լոռի), մզուկ (չոր ավելուկ, Ղարաբաղ)։ Ալիշանը հիշատակում է նաեւ սիլխ, ածվոց, Ամիրդովլաթը՝ արաբերեն հումազ բառով, կոչվում է նաեւ ղափաթին, լապատան, որ հունարեն lapathum բառն է։ Ավելուկի երկար ցողունները կոչվում են աժախ կամ խոլո (Թիֆլիս) և գործածվել են իբրև փայտանյութ տանիքները ծածկելու համար։
Ավելուկի մի տեսակը, որն ունի թթու համ, կոչվում է թրթնջուկ, բարբառներում անվանում են նաև թթռտիչ (Ասլանբեկ), թթռնիճ, թթոկիչ, գառան ականջ (Սեբաստիա)։ Խաշած թրթնջուկի տերևները դնում են լնդերին, արմատից կարմրավուն ներկ են ստանում, տերեևներով մաքրում են պղնձե ամանները, հյութով՝ թանաքի բծերը։
Ավելուկը ժողովրդական բժշկության մեջ ամենից շատ տարածված դեղաբույսերից է, բուժական նպատակներով գործածում են ավելուկի արմատը, տերևներն ու սերմերը։ Փորացավի ու միզակապության ժամանակ փորին խաշած ավելուկ են դնում, կամ էլ ձեթով տապակում են և ուտում։ Լուծի դեպքում խաշած ավելուկ են ուտում, իսկ ցրտից ուռած վերքին դնում են կաթով խաշած ավելուկ։
Ավելուկի ջուրը խմում են՝ թոքախտի, փորացավի, միզակապության, սերմի թուրմը՝ թոքաբորբի ու հազի, սերմի ու գոմեշի կաթի խառնուրդը՝ ամլության ժամանակ։ Քոսի դեպքում շապը և ավելուկի արմատը ծեծում ու քսում են մարմնին։ Արմատը գործածում են նաև ստամոքսի, մաշկի ու թոքերի հիվանդությունների ժամանակ։ Ալիշանը նշում է, որ ջրային ավելուկը մասնավորապես օգնում է փորկապությանը, իսկ ծեծած հունդը գինու հետ ազդում է հոգեվիճակի վրա՝ «զսիրտն ուրախ առնէ»։
Ծեծած հում սերմը խառնում են գինու հետ ու խմում ստամոքսի ու որովայնի ցավերի դեպքում, իսկ ջրախառնուրդը ժահարի դեղ է, որը չեզոքացնում է թույնը։Սննդի մեջ գործածում են ավելուկի թարմ և չոր տերևները։ Մասնավորապես Խարբերդում կերել են միայն թարմ տերևները։ Պասի շրջանում ավելուկից պատրաստված կերակուրները հայերի մեջ պարտադիր են եղել։
Գարիկ Ավետիսյան