Առաջին անգամ հիմնադրամում ցուցահանդեսի ցուցանմուշների բացատրությունը տրվել է նաեւ հայերենով
ՕՐԵՐ-ՊՐԱՀԱ- Պորտուգալիայի Գալուստ Կիւլպէնկյան հիմնադրամի կենտրոնական մասնաշենքի սրահներում շարունակվում է ազգային մեծ բարերարի ու նավթարդյունաբերողի կյանքին ու գործունեությանը նվիրված մեծ ցուցադրություն ՝ ,,Մի կյանք, եւ ոչ մեկ ցուցադրություն,, անվանումով, որի պաշտոնական բացումը տեղի էր ունեցել դեռեւս այս տարվա մարտի 23-ին։ Այն նվիրված է Գալուստ Գյուլբենկյանի 150-ամյա հոբելյանին։
Այս առիթով Հիմնադրամի Հայկական համայնքների բաժանմունքը, Պորտուգալիա –Հայաստան բարեկամության միությունը եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր միության Վիրտուալ համալսարանը/AVC/ համատեղ մի տեսահոլովակ են թողարկել, որի միջոցով ներկայացնում են Գյուլբենկյանին նվիրված ցուցադրության մանրամասները։
Ինչպես նշում է Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանը, իրենց նպատակն է ավելի հանրայնացնելու հայ մեծ բարերարի կերպարը, եւ նաեւ հայկական աշխարհին ծանոթացնելու Գյուլբենկյանի գործունեության մանրամասներին։
Տեսահոլովակում միության խորհրդի անդամ, Լիսաբոնի համալսարանի հայոց լեզվի եւ մշակույթի դասընթացի դասախոս Լիա Խաչիկյանը զրուցում է Հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի հետ։ Վերջինս անցնելով ցուցադրության սրահներով ՝մանրամասնում է բոլոր ցուցանմուշները, որոնց թիվը հասնում է մի քանի հարյուրի։ Այստեղ ցուցադրված է թե՜ Գյուլբենկյանի առաջին պորտուգալական շքանշանը, թե՜ անձնական գրություններն ու նամակները՝ թոռանը Միքայել Եսայանին, թե գրքերն ու արվեստի գործերը։ Ինչպես հայտնի է Գյուլբենկյանի արվեստի հավաքածուն՝ մոտ 6400 բացառիկ նմուշներ, ցուցադրվում են Գյուլբենկյանի թանգարանում, որը 1956 թվականին հիմնված հիմնադրամին կից է։ Ցուցադրությունը սկսվում է ,,Կիւլպէնկյան հիմնադրամի ,, ստեղծման պատմական վավերագրերից։
Ռազմիկ Փանոսյանն անցնելով սրահներով, ներկայացնում է Գյուլբենկյանի կյանքի ոչ այնքան հայտնի կողմերը։ Մասնավորապես, բացի նավթից ու արվեստի գործերից, նա սիրել է նաեւ բնությունը։ Դրա վկայությունն է ֆրանսիական Դովիլում նրա կառուցապատած շքեղ պարտեզը, բնությանը նվիրված գրքերի մեծ հավաքածուն։ Այստեղ ցուցադրվում են նաեւ նրա հավաքածուի մաս կազմող հայկական գործերը, որոնք թեեւ այնքան էլ շատ չեն, բայց դրանց թվում են հայերեն Աստվածաշունչը, գորգերը։
Ինչպես նշում է Ռազմիկ Փանոսյանը, սա առաջին ցուցադրությունն է Գյուլբենկյան հիմնադրամում, ուր ցուցանմուշների բացատրությունները գրված են ոչ միայն անգլերենով ու պորտուգալերենով, այլեւ հայերենով։
Ցուցադրությունը մաս է կազմում Գյուլբենկյանի 150-ամյա հոբելյանին նվիրված ձեռնարկների ծրագրին, որի շրջանակներում հիմնադրամը հրատարակել է նաեւ նրա ամբողջական կենսագրությունը, իսկ հուլիսի 19-ին՝ նրա մահվան հերթական տարելիցի օրը, կներկայացվի նոր գիրք՝ ,,Գյուլբենկյանի նամակներն իր թոռանը՝ Միքայել Եսայանին,,։ Գրքում անգլերեն եւ ֆրանսերեն գրված նամակների կողքին տեղ կգտնեն նաեւ դրանց պորտուգալերեն թարգմանությունները։
Պորտուգալական լրատվամիջոցներն արդեն լայնորեն լուսաբանել են ցուցահանդեսը, ինչի վկայությունն է նաեւ այցելուների մշտական հոսքը։ Ցուցահանդեսը կգործի մինչեւ դեկտեմբերի 31-ը։
Հ.Ա. ՕՐԵՐ
Պրահա
Տեսահոլովակը կարող եք դիտել այս հղումով։ s://www.youtube.com/watch?v=8hqR1451PEA