Համատեղ հայտարարություն
Առաջնորդվելով համազգային շահերով, մեր պատկան կազմակերպությունների և հաստատությունների անունից մենք ողջունում ենք Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խմբի, ՄԱԿ-ի Կարծիքի և արտահայտության ազատության աջակցության և պաշտպանության հարցերով հատուկ զեկուցողի և ՄԱԿ-ի Ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման խրախուսման և չկրկնվելու երաշխիքների հարցերով հատուկ զեկուցողի համատեղ գործողությունը, այն է՝ իրենց մանդատների շրջանակում Թուրքիայի Հանրապետության կառավարությանը համատեղ հարցապնդում հղելը:
Այս համատեղ հարցապնդումը կարևոր քայլ է Թուրքիայի Հանրապետությանը պահանջ ներկայցնելու գործընթացում, որ վերջինս հաշտվի սեփական անցյալի հետ և, նախ և առաջ, կատարի ճշմարտության հաստատման, զոհերի արդարության և վնասի փոխհատուցման իրավունքն ապահովելու համար քննություն իրականացնելու իր պարտավորությունը:
Ընդգծվում է, որ խախտումների վերաբերյալ նշված փաստաթղթում շարադրված պնդումները վերագրվում են Թուրքիային՝ հայկական փոքրամասնության վրա 1915-1923թթ. ներազդած ողբերգական իրադարձությունների և այդ բնակչության նկատմամբ առաջացած հետևանքների առումով:
Հարցապնդումը մտահոգություն է հայտնում թուրքական պետության ժխտողական դիրքորոշման, որոշ արտահայտությունների վերաբերյալ կարծիք ունենալու և արտահայտելու ազատությունը սահմանափակող օրենսդրության, ինչպես նաև զանգվածային տառապանքների, դաժան վերաբերմունքի ու մարդկանց մահվան հանգեցրած 1915-1923 թթ. հայերի բռնի տեղահանության առնչությամբ ճշմարտության հաստատման և արդարադատության ապահովման հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ:
Այն նաև ընդգծում է, որ այս իրավիճակն ազդում է զոհերի եւ նրանց սերունդների արժանապատվության վրա։
Դիմող կողմերը միջնորդել են, որպեսզի Թուրքիայի Հանրապետության կառավարությունը դիրքորոշում հայտնի ներկայացված հարցապնդման վերաբերյալ, մասնավորապես.
- Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել Թուրքիայի կողմից իրողությունը պարզելու համար, ներառյալ 1915-1923թթ. ընթացքում բռնի ներքին տեղահանության, կալանավորման, արտադատական սպանությունների և հարկադրաբար անհետացման ենթարկված հայերի ճակատագիրը կամ գտնվելու վայրը պարզելու համար:
- Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել ապահովելու համար այդ իրադարձությունների մասին ճշմարտությունն իմանալու տուժածների և, ընդհանուր առմամբ, հասարակության իրավունքը, ինչպես նաև ապահովելու համար արդարության և կրած վնասի հատուցման տուժածների իրավունքը:
- Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել այդ իրադարձությունների հետևանքով զոհված հայերի մարմինների գտնվելու վայրերը, ըստ հնարավորինս, հայտնաբերելու համար:
- Տեղեկատվություն տրամադրել 2017 թվականին օրենսդրության ընդունման պատճառների մասին, որն օրենսդիրներին արգելում է որոշակի արտահայտություններ անել։ Պարզաբանել, թե ինչպես է դա համատեղելի մարդու իրավունքների միջազգային իրավունքի հետ, մասնավորապես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ) 19-րդ հոդվածի հետ:
- Ներկայացնել մանրամասն տեղեկատվություն հայերի դեմ հանցագործությունների մասին հայտարարությունների համար անձանց պատժելու նպատակով Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի կիրառման դեպքերի մասին:
Թուրքիայի կառավարությունը 2019 թվականի մայիսի 17-ին կտրականապես հրաժարվել է պատասխանել այդ հարցերին՝ ի հակադրություն ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության ընթացակարգերի:
Մենք բարձր ենք գնահատում Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խմբի և երկու հատուկ զեկուցողների կողմից ՄԱԿ-ի այդ ընթացակարգերի գործադրումը և մեր աջակցությունն ենք հայտնում սույն աննախադեպ և նշանակալից գործընթացին հետամուտ լինելու ձեռնարկումին:
Չնայած նրան, որ այս գործընթացը չի փոխարինում ցեղասպանության ճանաչմանը կամ նշված ժամանակահատվածում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հետևանքով հայերի կրած կորուստների, այդ թվում նրանցից բռնազավթված գույքի լրիվ և համարժեք հատուցմանը, այնուհանդերձ ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության համապատասխան մարմինների գործողությունները էական առաջընթաց են ճշմարտության բացահայտման և մարդկությանը հասցված այդ բաց վերքի դիմաց հատուցման ճանապարհին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին - Ն. Օ. Ս. Տ. Տ. Գարեգին Բ կաթողիկոս (Վաղարշապատ, Հայաստանի Հանրապետություն)
Կաթողիկոսարան Մեծի Տանն Կիլիկիոյ - Ն. Օ. Ս. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոս (Բեյրութ, Լիբանան)
Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհուրդ (ԱՄՆ)
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ԱՄՆ)
Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցություն (ԱՄՆ)
ՄԱԿ-ի մարմինների Համատեղ հարցապնդման ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղումով՝ https://spcommreports.ohchr.org/TMResultsBase/DownLoadPublicCommunicationFile?gId=24294
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը (Հ.Բ.Ը.Մ.) աշխարհի մեծագոյն ոչ-շահամէտ հայկական կազմակերպութիւնն է, նուիրուած հայեցի ինքնութեան եւ ժառանգութեան պահպանումին եւ մշակումին՝ կրթական, մշակութային եւ մարդասիրական ծրագիրներով: Միութեան գործունէութիւնները բարերար ազդեցութիւն կը բերեն տարեկան 500,000-է աւելի անձերու կեանքերէն ներս, Հայաստանի ու Արցախի մէջ եւ Սփիւռքի տարածքին: Իր հիմնադրութենէն ի վեր, Հ.Բ.Ը.Մ.ը հաւատարիմ մնացած է համայն հայութեան բարօրութեան ապահովումին ուղղուած իր գլխաւոր առաքելութեան: Յաւելեալ տեղեկութիւններու համար՝ այցելեցէք www.agbu.org կայքէջը: