Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2019 թ. ապրիլ-մայիս ամիսներին տրվեց «Goodbye Bird» հայ-գերմանական համատեղ խոշոր նախագծի մեկնարկը: Հայ ժամանակակից գրող Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպի հիման վրա կստեղծվի համանուն կամերային օպերա՝ մյունխենաբնակ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի կողմից:

Նախագծի կազմակերպիչն է «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան Մյունխենի քաղաքապետարանի և  Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Օպերայի ստեղծագործական կազմում ընդգրկված են  Արամ Պաչյանը, անիմատոր Եվա Մուրադյանը և մյունխենաբնակ պարուհի-խորեոգրաֆ Լյուբա Ավվակումովան:

Ստեղծագործական խմբի առաջին աշխատանքային փուլը և նախապատրաստական աշխատանքների ներկայացումը կայացավ ապրիլ և մայիս ամիսներին Մյունխենում:

Արամ Պաչյանը և Եվա Մուրադյանը հրավիրվեցին Մյունխենի Վիլլա Վալդբերտա արվեստագետների կացարան, որտեղ աշխատում էին կոմպոզիտորի և խորեգրաֆի հետ օպերայի կոնցեպտավորման վրա:

Արդեն իսկ աշխատանքային առաջին ամսվա ընթացքում ծնվեցին երկու ներկայացում: Առաջինը վեպի որոշ դրվագներից ներշնչված պարային փերֆորմանս էր, որն ուղեկցվում էր Եվա Մուրադյանի անիմացիայով և Արսեն Բաբաջանյանի երաժշտությամբ:

Այն իրականացավ մայիսի 2-ին, Մյունխենի «Schwere Reiter» դահլիճում, «HIER=JETZT»  պարային փառատոնի շրջանակներում: Սրան հաջորդեց մայիսի 3-ին թատերականացված ընթերցում Վիլլա Վալդբերտայի,  «Բաց դռների գիշեր» միջոցառման  ընթացքում: Պաչյանը և Ավվակումովան ընթերցեցին հատվածներ «Ցտեսություն, Ծիտ» վեպից՝ հայերեն և գերմաներեն լեզուներով միաժամանակ: Զուգահեռաբար հարակից սրահում ցուցադրվում էին Եվա Մուրադյանի էսքիզները՝ Արսեն Բաբաջանյանի էլեկտրոնային երաժշտության ներքո: Ներկայացումը կրում էր ինտերակտիվ բնույթ, քանի որ հյուրերը նույնպես ակտիվորեն ներգրավված  էին թատերական գործողության մեջ:

 «Goodbye Bird» միջազգային օպերային նախագծի պրեմիերան պլանավորված է  2020թ. փետրվարին՝ Մյունխենում:

Այն մի կողմից խթանում է կոմպոզիտորի և գրողի համատեղ աշխատանքը, մյուս կողմից նպաստում հայ ժամանակակից արձակի ճանաչելիությանը Գերմանիայում և առհասարակ հայ և գերմանաբնակ արվեստագետների համագործակցության ակտիվացմանը:

Սեփ.Թղթ.

Մյունխեն