Հունիսի 8-ին երեկոյան ժամը 20-ին պատմական իրադարձություն տեղի ունեցավ Պրահայի կենտրոնական Սուրբ Վիտի տաճարում, ուր Սուրբ Հոգու գալստյան տոնի առիթով Չեխիայում գործող բոլոր օտարալեզու եկեղեցիների ներկայացուցիչները հանդես եկան աղոթքով։
Եկեղեցական արարողության սկիզբն ազդարարեց Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան։ Նա իր խոսքում նշեց, որ սա բացառիկ երեւույթ է, երբ Չեխիայում օտար լեզուներով գործող եկեղեցիների ղեկավարները միասին աղոթում են Սուրբ Հոգու գալստյան առիթով եւ յուրաքանչյուրն իր մայրենի լեզվով։
Աղոթներքն ընդմիջվում էին Սուրբ գրքի երգեցողությամբ, որը կատարում էր Մայր Տաճարի երգչախումբը՝ Յակուբ Կոչի ղեկավարությամբ։ Երգեհոնի մոտ էր Յոզեֆ Կշիցան։
Չեխիան ներկայացնում էին կաթոլիկ, ավետարանչական-բողոքական Հուսիստական տարբեր եկեղեցիների հոգեւոր առաջնորդներ, ինչպես նաեւ Եկեղեցական Էկումենիկ խորհրդի գլխավոր քարտուղար Պետր Յան Վինշը։
Օտար եկեղեցիների թվում էին հայկական, կորեական, ճապոնական, ղպտի, ռումինական, իտալական եւ իսպանական 12 ներկայացուցիչներ։ Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը հրավիրված էր, բայց ներկա չէր։
Չեխիայում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը հայերենով ընթերցեց Ներսես Շնորհալու ,,Հավատով խոստովանինքից,, Սուրբ Հոգու Գալստյանը նվիրված հատվածը։
Արարողությանը ներկա էին նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքի ատենապետ Տիգրան Աբրահամյանը։
Հ.Ա. ՕՐԵՐ
Լուսանկարները՝ Հ. Ասատրյանի