Հունիսի 8-ին ժամը 17։00-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Ծխական խորհրդի հովանավորությամբ տեղի կունենա պոետ, երգահան և երգիչ Արեգ Նազարյանի հեղինակային երեկոն։ Հրավիրատոմսեր պատվիրելու համար պետք է զանգահարել 777810881 հեռախոսահամարով։
Արեգ Նազարյանը ծնվել է Երեւանում, մասնագիտությամբ թարգմանիչ է։ Աշխատել է Հայաստանում՝ միջազգային հումանիտար ծրագրերում, այժմ ապրում եւ աշխատում է Բելգիայում՝ Բրյուսելում։
ՕՐԵՐ-ի հետ զրույցում երգահանը պատմեց իր ստեղծագործական գործունեության մասին.
- Հանգավորված ու ռիթմավորված տեքստեր սկսել եմ գրել դեռ վաղ հասակից։ Շատ էի լսում հեղինակային երգ և իսպանական երաժշտություն։ Բնականաբար, մի օր պիտի սկսեի կիթառ նվագել։ Կիթառիս ուսուցիչը, լուսահոգի Ավետիք Պետրոսյանը, ասում էր, որ կիթառն իրեն դարձրել է դժբախտ մարդ։ Բայց երբ նա նվագում էր, իր դեմքից հասկանում էի, որ այդ արտահայությունը ուղղակի ավելորդ պաթոսից խուսափելու համար էր ասում։ 1990-ականներից սկսեցի ելույթներ ունենալ։ Առաջին բեմական ելույթս Երևանի Ճարտարապետների միության համերգային դահլիճում էր, որտեղ ամեն ուրբաթ տեղի էին ունենում Արարատ Բոբիկյանի կազմակերպած «Համերգ մոմի լույսով» երեկոները։
Համերգի սկզբունքը հետևյալն էր՝ առաջին մասում ելույթ էին ունենում արդեն հայտնի և կայացած բարդերը՝ Էդուարդ Զորիկյանը, Արմեն Մովսիսյանը, Վահան Արծրունին, Հախվերդյանը, Ֆորշը։ Երկրորդ մասը տրամադրվում էր դահլիճում նստած հանդիսատեսին։ Ցանկացած ոք կարող էր բեմ բարձրանալ և կատարել իր ստեղծագործությունը։ Իմ սերնդակիցներից շատերի համար դա կարևոր վայր ու ժամանակահատված էր։
Հետագայում ընկերներիս հետ սկսեցինք մասնակցել տարբեր ռադիո և հեռուստահաղորդումների, ելույթներ ունենալ Երևանի տարբեր փոքրիկ բեմերում՝ Փոսի թատրոնում, գեղարվեստաթատերական ինստիտուտում, այլ բուհերում, հեղինակային երգի փառատոններին … Աստիճանաբար սկսեցի նաեւ երգերս ձայնագրել։
-Ի՞նչ թեմաների շուրջ եք գրում, ո՞րքան երգ եք գրել այս տարիների ընթացքում։
- Երգերս չեմ հաշվել, որովհետև հները ժամանակի հետ մոռանում եմ։ Ես հիմա երևի մի 50 երգ ունեմ։ Եթե մի տասը տարի առաջ ինձ հարցնեին, երգերի քանակը՝ կրկին նույնը կլիներ, բայց դրանք կլինեին արդեն ուրիշ երգեր։ Երգերիս թեմաները շատ տարբեր են։ Ունեմ լիրիկական, նաեւ քաղաքացիական դիրքորոշումներ արտահայտող տեքստեր, կատակ-երգեր էլ կան, մտորումներ, հուշեր ու հույսեր կան, բայց բոլոր երգերս կապված են Հայաստանի հետ, թե՛ իրենց սյուժեով, թե՛ երաժշտական երագներով։
Անգամ եթե ելույթներ եմ ունենում արտասահմանում, փորձում եմ առաջին հերթին գերմանացուն, շվեդին, կանադացուն, ֆրանսիացուն, ռուսին, ֆինլանդացուն փոխանցել հայկական երանգ, տրամադրություն, մթնոլորտ։
-Իսկ ի՞նչ ծրագրով եք հանդես գալու Պրահայում։
-Վերջերս Բեռլինում համերգից հետո մի ամերիկացի կին ինձ ասաց․ «Ես զգացի, ինչպես են սիրում Հայաստանը»։ Հետեւաբար, Պրահայում նախատեսված այս երեկոյի ընթացքում էլ կփորձեմ խոսել ամենանվիրական բաների մասին։ Կզրուցենք, կմտածենք միասին, կկատակենք, մի քիչ կտխրենք, կուրախանանք, լույսով կկիսվենք իրար հետ։ Սիրով սպասում եմ բոլորին։