Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 

 

Մայիսի 28-ին ,,Պրահայի գարուն,, միջազգային հեղինակավոր փառատոնի շրջանակներում  Հանրային տան Սմետանայի դահլիճում առաջին անգամ հանդես եկավ  ավստրիաբնակ տաղանդավոր ջութակահար Էմանուել Ճգնավորյանը։

Նա  Պրահայի սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց Սիբելիուսի Ջութակի եւ նվագախմբի համար կոնցերտը, որը ղեկավարեց հայտնի ռուս դիրիժոր Ալեքսանդր Վեդերնիկովը։

Դահլիճը բռավոներով ու հոտնկայս ծափահարություններով  կրկին ու կրկին բեմ հրավիրեց հայ տաղանդավոր ջութակահարին, ով շնորհակալություն հայտնելով նման ջերմ ընդունելության համար, ծրագրից դուրս կատարեց Կոմիտասի ,,Կռունկը,,։  Թե՛ կատարումը, թե՛ դահլիճի ցնծալի ընդունելությունը անհնար է բառերով նկարագրել։ Ստրադիվարիի 17-րդ դարի ջութակի կոմիտասյան մեղեդիները  իրավամբ հուզեցին բոլոր ներկաներին։ Դա մի խորհրդանշական նվեր էր Կոմիտասի 150-ամյակին։ Հարեւանությամբ նստած չեխ երաժիշտներն անմիջապես հետաքրքրվեցին՝ ով է  Կոմիտասը։ 

Համերգից հետո , ՕՐԵՐ-ի հետ զրույցում Էմանուելը չթաքցրեց, որ ինքն էլ է գոհ հանդիսատեսից եւ Պրահայում իր առաջին ելույթից։ Ու քանի որ նա  առաջին անգամ էր Պրահայում եւ շատ է հավանել քաղաքը, ապա չի բացառվում, որ ապագայում կրկին վերադառնա Չեխիայի մայրաքաղաք։ ,,Չափազանց գեղեցիկ է Պրահան,,- ասաց նա

Հիշեցնենք, որ 24- ամյա Էմանուել Ճգնավորյանը անվանի կոմպոզիտոր եւ դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին է, ծնվել է  եւ հասակ է առել Վիեննայում՝ երաժշտական ընտանիքում, համարվում է արդի երաժշտական աշխարհի ամենախոստումնալից  եւ տաղանդավոր երիտասարդ ջութակահարներից մեկը։

Նա դեռեւս 5 տարեկանից սկսել է ջութակ նվագել, իսկ ութ տարեկանում տվել է առաջին մենահամերգը։ Նրան մեծ ճանաչում բերեց 2015 թվականին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում  կայացած Սիբելիուսի անվան ջութակահարների մրցույթի երկրորդ մրցանակը, եւ  ,,Սիբելիուսի կոնցերտի լավագույն կատարող,,  պատվավոր մրցանակը։ Իսկ 2014-ին  նա մասնակցեց Ֆրից Կրեյսլերի միջազգային մրցույթին՝ դառնալով առաջին ավստրիացի ջութակահարը, ով հասել էր եզրափակիչ փուլ եւ նվաճել երրորդ տեղը։ Այս հաջողություններին հետեւեցին միջազգային այլ մրցանակներ։

Էմանուել Ճգնավորյանի հետ բացառիկ հարցազրույցը ՕՐԵՐ ամսագրում տպագրվել է դեռեւս 2015 թվականին՝ Ավստրիահայ համայնքին նվիրված հատուկ համարում։

 

Ավելացնենք միայն,  որ երեկ Սմետանայի դահլիճում կայացած համերգի երկրորդ բաժնում հնչեց Սերգեյ Պրոկոֆեւի ,,Ալեքսանդր Նեւսկի,, կոնտատան, որի փայլուն կատարումը ապահովեցին մեցցո-սոպրանո Լուցիե Հիլսխերովան, Պրահայի ֆիլհարմոնիկ երգչախումբը եւ Պրահայի սիմֆոնիկ նվագախումբը Ալեքսանդր Վեդերնիկովի ղեկավարությամբ։ Այս ազդեցիկ ստեղծագործությունը չեխական երգչախումբը երգեց բնագրով՝ ռուսերեն եւ լիովին արդարացրեց հանդիսատեսի սպասելիքները։

Հաջորդ հայկական թեման հունիսի 2-ին է։ Փառատոնի շրջանակներում կհնչի Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի եւ նվագախմբի համար կոնցերտը։

 

Հ.Ա. ՕՐԵՐ

Պրահա

Լուսանկարները՝ Հակոբ Ասատրյանի, ՕՐԵՐ