Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Վիեննայի Սուրբ Հռիփսիմէ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ս.թ. մայիսի 19-ին Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի հայրապետական պատվիրակ Տիրան սրբազանը, որ օրեր առաջ Գարեգին Բ Ամենայն հայոց հայարապետի ձեռամբ եպիսկոպոսկան օծման արժանացավ, մատուցեց իր անդրանիկ եպիսկոպոսական պատարագը:

Իր խոսքում Տիրան եպիսկոպոսն անդրադարձավ նաև Սուրբ Էջմիածնի խորհրդին ու առաքելությանը՝ մասնավորապես շեշտելով. «Շատ հաճախ են ասում, որ Էջմիածինն ունի առաքելություն. ստիպված եմ մի փոքր խմբագրել և ասել՝ Էջմիածինը չունի առաքելություն, Էջմիածինն ինքն առաքելություն է: Սուրբ էջմիածինը մեր ազգի խարիսխն է, մեր ինքնության կորիզը: Բայց հարց են տալիս մեզ՝ ինչու՞ է այդպես: Մենք աշխարհով մեկ ունենք հարյուրավոր և հազարավոր հրաշալի կոթողներ՝ տաճարներ, եկեղեցիներ, որտեղ բնակվում է Աստված, ուր մենք գնում ենք Իր հետ հանդիպման: Բայց Սուրբ Էջմիածինն ուրիշ նշանակություն ունի: Ինչու՞ է այդպես. որովհետև Տերն երկու անգամ իջավ աշխարհ՝ մեկը` Երուսաղեմ, իսկ մյուսը՝ Էջմիածին, որովհետև այս վայրն է, այս սրբությունն է, որ ընտրեց Աստծո Որդին իբրև հանդիպման վայր իր ընտրյալ ժողովրդի՝ հայերիս հետ: Դրա շնորհիվ է, որ մեզ համար մեծ սրբություն է Էջմիածնի խորհուրդը»:

«Աստծո կանչին անվերապահ հնազանդությունն ու վստահությունն է, որ մեզ բոլորիս՝ քրիստոնյաներիս, օգնում է աճել Ավետարաններում նկարագրված թթխմորի և սերմի օրինակներով և ներքին վերափոխություն ապրել: Ավետարանը նաև շատ հստակ է ասում, որ եթե մենք մեզ դնում ենք Աստծու ծառայության մեջ, նա մեր մեջ հրաշքներ է գործում:
…Արդարև, մենք ևս պատրաստ ենք մեր անձը դնելու Տիրոջ ծառայության գործին՝ անսալով Նրա խոսքին և վստահելով Նրան: Աստված էլ մեր մեջ կարող է հրաշքներ գործել: Միանշանակ է, երբ առանց տարակուսելու վստահում ենք մեր Աստծուն, Նա մեր հոգու մեջ նոր հորիզոններ է բացում` գործակիցը դառնալու իր սուրբ առաքելության»,- ընդգծեց Սրբազան Հայրը՝ հաստատելով, որ ամեն օր, ամեն վայրկյան Աստված կանչում է բոլորին, բայց ոչ թե ստանալու, ինչ-որ բան վերցնելու, այլ տալու համար ու տալիս է առատորեն և լավագույնը:

orer.eu