Մայիսի 20, 2019, Երևան: Մայիսի 23-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) Հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական հանդիպումը՝ նվիրված ֆրանսիական շանսոնի հայազգի արքա Շառլ Ազնավուրին: Բանախոսությամբ հանդես կգա բանասեր, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Արծվի Բախչինյանը:
«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. ԱՐՏԻՍՏԸ ԵՎ ՀԱՅԸ» խորագիրը կրող բանախոսության ընթացքում բանախոսը կանդրադառնա Ազնավուրի կյանքի հայտնի և անհայտ դրվագներին՝ հանդիսականին նորովի ներկայացնելով Ազնավուր արվեստագետի դիմանկարը: Միջոցառման մասնակիցներին հնարավորություն կընձեռվի վայելել Շառլ Ազնավուրի լավագույն երգերը, բանաստեղծությունները և նրա մասնակցությամբ կինոնկարներից ծաղկաքաղ արված դրվագները: Անդրադարձ կկատարվի նաև Ազնավուրի գերդաստանի պատմությանը, մանկությանը, Հայ դատի և Հայաստանի հետ նրա ունեցած կապերին։
Միջոցառումը կմեկնարկի ժամը 19.00: Մուտքն ազատ է:
***
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր: