Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Մայիսի 7-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բեռլինում ներկա գտնվեց Հայնրիխ Բյոլլ հիմնադրամի կողմից կազմակերպված` «Հայաստան. «Թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց» խորագրով քննարկմանը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հիմնադրամի նախագահ Էլեն Ուբերշերը (Ellen Überschär)։ Բանախոսներն էին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը և Մարիա Կարապետյանը, լրագրող, «EVN Report»-ի հիմնադիր Մարիա Թիթիզյանը, իրավաբան, շրջակա միջավայրի պահպանության ակտիվիստ Արթուր Գրիգորյանը։ Քննարկման մոդերատորն էր ԳԴՀ Կանաչների կուսակցության Հայնրիխ Բյոլլ քաղաքական հիմնադրամի Հարավային Կովկասում տարածաշրջանային կենտրոնի նորանշանակ ղեկավար դր. Շտեֆան Մայստերը։

Բանախոսներն անդրադարձան ՀՀ-ում նախորդ տարի տեղի ունեցած խաղաղ հեղափոխության ընթացքին, իշխանափոխությունից հետո կայացած խորհրդարանական ընտրություններին, իրավական պետության, ժողովրդավարության, մարդու իրավունքների դերի ամրապնդմանը, տնտեսական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և այլն։

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցադրություն, որի ընթացքում ներկայացվեց 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում կայացած ժողովրդական շարժման ընթացքը։

Միջոցառմանը ներկա էին գերմանական քաղաքական, գիտական շրջանակների պաշտոնյաներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ։

orer.eu