Ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում բրիտանահայ համայնքի կողմից կազմակերպվեց ավանդական երթ Լոնդոնի կենտրոնական փողոցներով:
Բազմամարդ երթի մասնակցիները Հայդ Պարկի անկյունից Պիկադիլի փողոցով ուղևորվեցին դեպի «Ուայթհոլ» կառավարական շրջանում տեղակայված «Փառապանծ զոհերի» հուշարձանը, որտեղ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Հայաստանյայց առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Բրիտանահայ համայնքային խորհրդի ատենապետ Արմանդ Աբրահամյանը ծաղկեպսակներ զետեղեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ապրիլի 28-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցու սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Միացյալ Թագավորությունում Հայ համայնքային խորհրդի կողմից՝ ՄԹ–ում ՀՀ դեսպանության և Հայաստանյայց առաքելական եկեղեցու ՄԹ թեմի հովանավորությամբ։ Միջոցառմանը ներկա էին բրիտանահայ համայնքի կառույցների ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ:
Երեկոյի ընթացքում ներկաներին ուղղված իր խոսքում ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը նշեց, որ իր բազմադարյան պատմության ընթացքում հայ ժողովուրդը ծանրագույն փորձություն և մեծագույն ողբերգություն ապրեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ օգտվելով ռազմավարական իրավիճակի պայմաններից և նպատակ ունենալով վերջնականապես լուծել Հայկական հարցը՝ երիտթուրքական կառավարությունը ջարդի և տեղահանության միջոցով գործադրեց մի ողջ ժողովրդի բնաջնջման ծրագիր։
Երեկոյի ընթացքում Եղեռնի և սփյուռքահայության անելիքների մասին դասախոսությամբ հանդես եկավ նաև Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն տեղի ունեցավ նաև Դուբլինում՝ Քրիստոսի եկեղեցու տաճարում, որը կազմակերպել էր Իռլանդիայի հայ համայնքը: Միջոցառման մեկնարկին ընթերցվեց դեսպան Արման Կիրակոսյանի խոսքը:
Երեկոյին ներկա էին դուբլինահայ համայնքի, Իռլանդիայի դիվանագիտական կորպուսի, Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի, տարբեր երկրների, այդ թվում՝ Իռլանդիայի, Հունաստանի, Եթովպիայի եկեղեցիների բազմաթիվ ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում նաև տեղի ունեցավ Ցեղասպանության տարելիցին նվիրված լուսանկարների ցուցադրություն:
Ապրիլի 28-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Սուրբ Դեվիդ եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված էկումենիկ աղոթք-պատարագ, որը կատարեցին Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Սբ․ Դեվիդ եկեղեցու առաջնորդ Պատրիկ Թոմասը: