Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times



Ապրիլի 24-ի ԻԹ-ում ՀՀ դեսպանության անձնակազմը, Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տեր Շնորհք աբեղա Սարգսյանն ու իսպանահայ համայնքի ներկայացուցիչներն այցելեցին Տոլեդոյում բացված «Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» լուսանկարչական ցուցահանդես, իսկ այնուհետև՝ Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու Տոլեդոյի թեմի Կարիտաս կազմակերպության նստավայրում հանդիպում ունեցան կազմակերպության տնօրինության հետ և երախտագիտություն հայտնեցին Իսպանիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ վերոնշյալ ցուցահանդեսի կազմակերպման համար:

Կարիտասի ներկայացուցիչները ներկայացրին կազմակերպության գործունեության ոլորտներն ու հիմնական նպատակը: Վերջիններիս և Տեր Շնորհք աբեղա Սարգսյանի միջև արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի մայիսի 12-ին Տոլեդոյի Մայր տաճարում, ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների, Տոլեդոյի արքեպիսկոպոսի կողմից մատուցվելու է պատարագ, որին մասնակցելու է նաև Մադրիդի Հայ առաքելական եկեղեցու «Վերածնունդ» երգչախումբը, իսկ մայիսի 10-ին Կարիտասի ճեմարանի շենքում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության թեմայով կոնֆերանս:

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակման միջոցառումներ են տեղի ունեցել իսպանական մի քանի քաղաքներում՝ մասնավորապես, «Արարատ» հայկական միության և նրա նախագահ Արարատ Ղուկասյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Միսլատայում տեղակայված «Կենաց Խաչ» հուշարձանի մոտ, որտեղ հավաքված հայերն ու իսպանացիները ծաղիկներ են խոնարհել և խնկարկել Եղեռնի զոհերի հիշատակը։ Միջոցառմանը ներկա են գտնվել միության նախագահ Արարատ Ղուկասյանը, Միսլատայի քաղաքապետարանի Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները՝ Խայմե Բրոնչուդի գլխավորությամբ, «Կոնտիգո» կուսակցության և մի շարք կազմակերպությունների անդամներ, որոնք իրենց ելույթներում հորդորել են Իսպանիայի և Վալենսիայի կառավարություններին ճանաչել ցեղասպանությունը և դատապարտել մարդկության դեմ այդ ծանր հանցագործությունը։ Բարսելոնայում տեղի է ունեցել մոմավառության արարողություն խաչքարի հարևանությամբ, որտեղ մեծ թվով հայեր իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Կատալոնիայի Յորետ դե Մառ քաղաքում տեղի հայ համայնքը՝ «Հայկական ասոցիացիայի» նախագահ Սամվել Բադալյանի նախաձեռնությամբ, համախմբված հիշատակել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Քաղաքի կաթոլիկ եկեղեցում քահանա Մարտիրիա Բրուգադան ընթերցել է աղոթք՝ ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների: Արարողությունից հետո համայնքի անդամները հավաքվել են քաղաքապետարանի կողմից քաղաքի կենտրոնական մասում հատկացված վայրում, որտեղ շուտով պետք է կառուցվի Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված հուշակոթող: Հավաքվածները ծաղիկներ են դրել հուշակոթողի կառուցման փաստն արձանագրող հուշաքարին, որն այնուհետև օծվել է կաթոլիկ քահանայի կողմից: Միջոցառումն ավարտվել է Սանտա Կոլոմայի «Արարատ» միության նախագահ Սարգիս Հակոբյանի ելույթով, որը կատալոնացի հյուրերին իրենց մայրենի լեզվով ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ և նշել կատալոնյան այն քաղաքների անունները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ հույս հայտնելով, որ Յորետ դե Մառն էլ շուտով կհետևի նրանց օրինակին:

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակման միջոցառումներ տեղի են ունեցել նաև Ալիկանտեում՝ EL palmeral այգում տեղակայված խաչքարի մոտ: