ԼԻՍԱԲՈՆ- ՕՐԵՐ ԱՄՍԱԳԻՐ- Ապրիլի 26-ի առավոտյան Պորտուգալիայի խորհրդարանը՝ Հանրապետության Ժողովը / The Assembly of the Republic/ իր լիագումար նիստում առաջին անգամ ընդունել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հայտարարություն։ Այն ներկայացրել են տարբեր խմբակցությունների պատգամավորներ, որոնց թվում հատկապես նշանակալի է պատգամավոր Ռուբինա Բերարդոյի կատարած աշխատանքը։
Հայտարարությամբ Ազգային ժողովն իր հարգանքի տուրքն է մատուցում 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակին։ Ներկայացվել է նաեւ հայ ժողովրդի հետ կատարված ողբերգության մանրամասները, ինչպես նաեւ Հանրապետության ժողովը հաստատել է մարդու իրավունքների պաշտպանության իր հանձնառությունը։
,, Այս հիշատակի տուրքը՝ դաս է մեր ժամանակների համար, քանզի համաշխարհային մասշտաբի հասնող ազգայնականության, քսենոֆոբիայի եւ անհանդուրժողականության ներկայիս մակարդակի առկայության դեպքում՝ կարեւոր է հիշել անցյալի անդունդները,,- ասված է հայտարարության մեջ։
Այս մասին տեղեկանում ենք Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանի տարածած հաղորդագրությունից։ Վերջինս միության անունից ողջունել է Պորտուգալիայի Ազգային ժողովի ընդունած հայատարարությունը եւ հարգանքի հավաստիքը հայտնել պորտուգալացի պատգմավորներին։
Նշենք նաեւ, որ հայտարարությունն ընդունվել է ձայների մեծամասնությամբ, եւ ընդամենը 4 հոգի են ձեռնպահ քվեարկել։ Ըստ էության կարելի է համարել, որ Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, քանի որ տեքստում 4 անգամ հիշատակվել է ,,Հայոց ցեղասպանություն,, բառակապակցությունը։ Այլ հարց է, թե ինչ իրավական ուժ ունի այս հայտարարությունը։
Ստորեւ հրապարակում ենք նաեւ հայտարարության տեքստը։
ՕՐԵՐ