Ապրիլի 24-ին Պրահայում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողությունները սկսվեցին Օպլետալովա փողոցում գտնվող Ֆրանց Վերֆելի տան մոտից։ Այստեղ Վերֆելին նվիրված հուշատախտակի մոտ ծաղիներ խոնարհեցին Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, ծխական խորհրդի անդամները եւ դեսպանության աշխատկիցները, որոնք հարգանքի տուրք մատուցեցեին նաեւ ոչ հեռու գտնվող ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի հուշարձանի մոտ։
Այնուհետեւ Երուսաղեմի փողոցի վրա գտնվող հայկական խաչքարի մոտ տեղի ունեցավ հիշատակի ձեռնարկ, որին ներկա էին եւ ելույթներ ունեցան Չեխիայի սենատի փոխնախագահ Միլան Շտյեխը եւ Պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյտեխ Պիկալը։ Նրանք անդրադարձան հայ ժողովրդի ցեղասպանությանը, կորուստներին, բայց նաեւ հավատով խոսեցին նոր Հայաստանի ապագայի մասին։
Ծաղկեպսակներ խոնարհեցին եւ մոմեր վառեցին ոչ միայն ներկա պաշտոնական անձինք, այլեւ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Այնուհետեւ ներկաները շարժվեցին Սուրբ Հոգի եկեղեցի, ուր Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը կատարեց Ցեղասպանության նահատակներին նվիրված Բարեխոսության կարգ, որից հետո ելույթ ունեցավ Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։ Նա նախ շնորհակալություն հայտնեց Չեխիայի Պատգամավորների պալատի ներկայացուցիչներին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, նաեւ հիշատակեց, որ կարեւոր բանաձեւ է ընդունվել վերջերս Իտալիայի խորհրդարանում։ Հատուկ հիշատակվեց նաեւ Ֆրանսիայի եւ նրա նախագահ Մակրոնի դերը՝ Ապրիլի 24-ը հիշատակի օր հռչակելու համար։ Ի դեպ, արարողությանը ներկա էր Չեխիայում Ֆրանսիայի փոխդեսպանը։
,,Մեր նպատակն է ոչ միայն Հայոց ցեղասպանության դատապարտումն ու հիշատակումը, այլ բոլոր ցեղասպանությունների կանխարգելումը,,- ասաց Հայաստանի դեսպանը, հիշատակելով, որ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացմամբ ընդունվել է ցեղասպանությունների կանխարգելման մասին բանաձեւ։
Դեսպանն իր խոսքն ավարտեց լավատեսական պատգամով., ,,Մենք կփորձենք այնպիսի Հայաստան կառուցել, որ աշխարհի բոլոր հայերը հպարատանան իրենց հայրենիքով,,։
Վերջում խոսք ասացին նաեւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան միջխորհդարանական բարեկամության խմբի նախագահ Մարեկ Բենդան եւ Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկան։ Նրանք խոսեցին հայ-չեխական կապերի, Հոլոքոսթի ու Հայոց ցեղասպանության նմանությունների, Վերֆելի Մուսա լեռան 40 օրը հայտնի վեպի թողած ազդեցության մասին։
Կարդինալ Դուկան իր խոսքն ավարտեց աղոթքով՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։
Ելույթներին հաջորդեց հիշատակի դասական համերգը՝ ջութակահարաներ Արմեն Սարգսյանը եւ Աննա Համբարձումյան, թավջութակահար Զախար Ֆյոդորովը, ալտահար Ռոբերտ Ստրիհավկան կատարմամբ։ Կոմիտասյան մեղեդիները հնչեցին Սուրբ Հոգի եկեղեցում։
Համերգի ավարտին հետեւեց մոմերով երթը՝ քաղաքի կենտրոնական հրապարակով ու փողոցներով մինչեւ Հայկական խաչքարի պուրակ։ Երթի կազմակերպիչն էր Չեխիայ հայ երիտասարդների միությունը։ Մասնակիցները տանում էին ոչ միայն մոմեր ու դրոշներ, այլեւ պաստառներ՝ կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ Չեխիային՝ շնորհակալություն հայտնելով ճանաչման համար։
ՕՐԵՐ