Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 

Պրահայում է գտնվում Հայաստանի վաստակավոր արտիստուհի, հանրահայտ սոպրանո Էլլադա Չախոյանը։ 1970-80 ական թվականների հայ եւ օտար հանդիսատեսը նրան հիշում է Երեւանի ազգային օպերային թատրոնում  եւ միջազգային հեղինակավոր բեմերում նրա խաղացած համաշխարհային օպերային հայտնի ներկայացումների գլխավոր դերակատարումներով։ 1989 թվականից երգչուհին բնակվում է ԱՄՆ-ում։ Վերջին տարիներին զբաղվում է նաեւ մանկավարժական գործունեությամբ, վոկալի դասեր է տալիս երիտասարդ երգիչներին։

Այժմ նրա ստեղծագործական գործունեության 45 ամյակի առիթով ռեժիսոր Մարիկա Միրաքյանը նկարահանում է փաստավավերագրական ֆիլմ, որի շրջանակներում երգչուհին գտնվում է Եվրոպայում։  Նկարահանումներ են կատարվելու այն քաղաքներում, որտեղ Էլլադա Չախոյանը հանդես է եկել  ելույթներով։ 1970 ականների վերջերին իբրեւ մենակատար հանդես է եկել Հայաատանի պետական ակադեմիական երգչախմբի հետ՝ երբեմնի Չեխոսլովակիայի  15-ից ավելի քաղաքների գլխավոր բեմերում։ Չեխիայից նա մեկնելու է Իտալիա՝ Միլան, ուր հանրահայտ Լա Սկալա օպերայում նա ոչ միայն երգել է, այլեւ ժամանակին անցել է վերապատրաստման դասընթացներ։

 

Պրահայում երգչուհին հանդիպումներ է ունեցել նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգեւոր առաջնորդ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի հետ, իսկ ապրիլի 19-ին այցելել է նաեւ Հայաստանի դեսպանություն, ուր նրան ընդունեց Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։  Երգչուհին այցելել է նաեւ Օստրավա եւ Կարլովի Վարի քաղաքներ, ուր նույնպես ամանակին ելույթներ է ունեցել, եղել է Ֆրիդեկ Միստեկում գտնվող ,,Մառլենկա,, հանրահայտ գործարանում, ուր նրան ընդունել է  ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը։

 

Ապրիլի 21-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի կունենա Սուրբ Հարության տոնին /Սուրբ Զատիկի) նվիրված պատարագ, որի ընթացքում ելույթ կունենա նաեւ Էլլադա Չախոյանը։

Պրահայի երաժշտասերները բացառիկ հնարավորություն կունենան լսելու մեծանուն երգչուհու մի քանի կատարումներ։

 

Էլլադա Չախոյանի՝ ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագրին տված բացառիկ հարցազրույցը կարդացեք մեր առաջիկա համարում։

 

ՕՐԵՐ