Ապրիլի 16-17-ը Պրահայում անցկացվեց Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության 10 ամյակին նվիրված համաժողով, որին մասնակցեց Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը։ Ինչո՞ւ Չեխիայում,քանի որ տասը տարի առաջ այդ ծրագրի մասին առաջին անգամ պաշտոնապես հայտարարվեց եւ սկիզբը դրվեց Եվրամիության Պրահայի համաժողովում։
Համաժողովի առաջին օրը ելույթ ունեցավ նաեւ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, տեղի ունեցան մտեքերի փոխանակումներ, իսկ երկրորդ օրը Գործընկերության ծրագրին մասնակից 6 երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելառուսի պաշտոնական պատվիրակները ներկայացրեցին իրենց երկրներում անցած տասը տարիներին տեղի ունեցած փոփոխությունները եւ ապագա համագործակցության հեռանկարները։
Ապրիլի 17-ին նիստը սկսվեց Հայաստանի ներկայացումով, որը բացեց Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարարի տեղակալ Յիրժի Հավլիչեկը, ով անդրադարձավ անցած 10 տարիներին Հայաստանի ու Չեխիայի միջեւ հաստատված առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, նշելով, որ վերջին 5 տարիներին 3 անգամ աճել է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը։ Նա մատնանշեց այն ոլորտները, որոնցում կա համագործակցություն, նախանշելով նաեւ այն ուղղությունները, որոնք աճելու մեծ պոտենցիալ ունեն՝ մասնավորապես տուրիզմը եւ էլեկտրաապրանքները, էներգետիկան եւ գյուղատնտեսությունը։
Փոխնախարար Մանե Ադամյանը ներկայացնելով հեղափոխությունից հետո հանրապետությունում ստեղծված բարենպաստ տնտեսական վիճակը, նշեց, որ Հայաստանի կառավարությունը տանում է բաց դռների քաղաքականություն, ստանձնել է Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրի իրականացումը, Հայաստանում ստեղծվել են Ազատ տնտեսական գոտիներ, երկկողմ համագործակցությունն ակտիվացել է 40-ից ավելի երկրների հետ։ Նա ներկաներին կոչ արեց ծանոթանալ Հայաստանի տնտեսական հնարավորություններին եւ այն ոլորտներին, որտեղ կարելի է ներդրումներ կատարել։
Հայաստանում Չեխիայի փոխդեսպան Յան Պլեշինգերն էլ տեղեկացրեց, որ Չեխիայից Հայաստան արտահանվող ապրանքների գնային ծավալն արդեն իսկ հավասարվում է Ադրբեջան արտահանվող ապրանքների ծավալին։ Այդ հարցում նա կարեւորեց վերջերս Չեխիայի պաշտպանության նախարարի Երեւան կատարած այցը եւ ստորագրված համաձայնագրերը ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին։ Միեւնույն ժամանակ մատնանշեց նաեւ Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության այցը Չեխիա եւ տրանսպորտային բնագավառում համագործակցություն սկսելու հեռանկարները։ Առաջարկեց նաեւ Չեխիայի առողջապահության մարմինների ներկայացուցիչների այց կազմակերպել Հայաստան՝ այդ ոլորտում համագործակցություն սկսելու նպատակով։
Չեխիայի առեւտրի պալատի փոխնախագահ Բորիվոյ Մինարն էլ խոսեց իրենց կազմակերպության կատարած աշխատանքի մասին, այն հնարավորությունների մասին, որ տալիս են անհատ ձեռներեցներին տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ բիզնեսային կապեր հաստատելու համար։ Այդ նպատակով կազմակերպվում են բազմաթիվ սեմինարներ, կլոր սեղաններ, համաժողովներ, բիզնես ֆորումներ։ Բայց նրա կարծիքով Հայաստան-Չեխիա առեւտրային կապերի մակարդակը մնում է ցածր, եւ մեծ պոտենցիալ ունի։ Զարմանալի համարեց նաեւ, որ հայկական կոնյակն ու գինիները Չեխիան են արտահանվում շատ քիչ քանակով, ինչը ընդլայնելու մեծ պոտենցիալ կա։ Պարոն Մինարը կոչ արեց գործարարներին կոնկրետ առաջարկներ ներկայացնել եւ համագործակցել Հայաստանի հետ։
Ընդհանուր նիստից հետո տեղի ունեցավ առանձին հանդիպում փոխնախարար Մանե Ադամյանի հետ, որի ընթացքում նա պատասխանեց ներկաների հարցերին։ Հանդիպումը վարեց եւ մեկնաբանություններով հանդես եկավ նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։
Մանե Ադամյանը խոսեց Հայաստանի էներգետիկ համակարգի, մասնավորապես այլընտրանքային էներգետիկայի զարգացման հնարավորությունների մասին։ Նա նշեց, որ Հայաստանի նոր կառավարությունը այդ ոլորտում մի շարք նախագծեր սառեցրել է, քանի որ կասկածներ են հարուցել թե մրցույթներում ընտրված ընկերությունները, եւ թե առաջարկված գները։ Այժմ հայտարարվել է բաց մրցույթ, որին կարող են մասնակցել բոլորը։ Նրա ասելով հեղափոխական բարեփոխումներ են սկսվել առողջապահության ոլորտում։ Արդեն իսկ սկսել է գործել շտապ օգնության ուղղաթիռ, որն արդյունքն էր Ֆրանկոֆոնիայի շրջանակներում անցկացված բիզնես ֆորումում կայացած համաձայնությունների։ Այս ոլորտում Հայաստանի կառավարության օրակարգում է նաեւ առողջապահական ապահաովագրության հարցը։ Մանե Ադամյանը խոսեց նաեւ նոր տեխնոլոգիաների ոլորտի, ԹՈՒՄՈ եւ այլ ստեղծարար կենտրոնների գործունեության մասին, որոնք արդեն Հայաստանից արտահանվում են։ Վերջում փոխնախարարը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին։
Մեզ հետ զրույցում Մանե Ադամյանը նշեց, որ Եվրամիության Արեւելյան գործընկերության 10 ամյակին նվիրված հիմնական միջոցառումները տեղի կունենան այս տարվա մայիսին Բրյուսելում։
Զրույցն ամբողջությամբ՝ ՕՐԵՐ-ի առաջիկա համարում։
Հ.Ա. Օրեր
Հ.Ա. Օրեր