Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ապրիլի 16-ին Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց նախորդ օրը հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճար:

Տեղի լրատվամիջոցների հետ զրույցում նախարար Մնացականյանը նշեց. «Ինչպես բոլորն աշխարհում, մենք Հայաստանում նույնպես խորապես վշտացած ենք հրդեհի լուրով, որը մեծ վնաս պատճառեց պատմական ժառանգության այս հսկայական կոթողին, ավելի քան 850 տարվա ժառանգությանը, որն այդքան մարդկանց է խորհրդանշում: Սա ֆրանսիական ներդրումն է մարդկության հավաքական քաղաքակրթության մեջ,  և ես վստահ եմ, որ բոլորիս աջակցությամբ Ֆրանսիան կկարողանա պահպանել այս անկրկնելի նմուշը, մարդկության պատմական, մշակութային և քաղաքակրթական ժառանգության այս հրաշալի կոթողը: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Ֆրանսիայի ժողովրդին, կառավարությանը: Այստեղ եմ եկել՝ վերահաստատելու մեր աջակցությունը՝ միասին աշխատելով նորից տեսնելու այս գեղեցիկ հուշարձանը լիովին վերականգնված, վերանորոգված, որպեսզի ապագա սերունդներին նույնպես հասանելի լինի հպարտության այն զգացումը, թե մարդկությունը ինչ ձեռքբերումներ է արձանագրել, թե ինչ ժառանգության մասին է խոսքը: Մենք ակնհայտորեն հանձնառու ենք համատեղ աշխատելու այս ուղղությամբ»:

 

Ֆրանսիական ժողովրդին եւ եկեղեցուն իր ցավակցությունն է հայտնել նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ 

,,Սրտի խորը ցավով ենք հետևում Փարիզում տեղի ունեցող ողբերգությանը։

Սուրբ Աստվածամոր տաճարը քրիստոնեական հավատի բազմադարյա վկայարաններից է, իր պատմական առաքելության հետ մեկտեղ մեր ժամանակներում նաև կարևոր խորհրդանիշը Ֆրանսիայի բարեկամ մեր երկրի։

Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն,,։

Ֆրանսիայի նախագահին ցավակցական հեռագիր է ուղարկել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

Փարիզի, ինչպես նաև ամբողջ աշխարհի քրիստոնեական խորհրդանիշներից և ճարտարապետական գլուխգործոցներից մեկում՝ Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին:

«Փարիզի Աստվածամոր տաճարը, որտեղ պահվող գանձերն ու արվեստի ստեղծագործությունները չափազանց արժեքավոր են, միշտ կանգուն է եղել՝ վեհորեն խորհրդանշելով ֆրանսիացի ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությունը: Իմ կարեկցանքն եմ հայտնում բարեկամ ֆրանսիացիներին՝ կիսելով նրանց զգացմունքները»,- ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձում։

ՆՍՕՏՏ Արամ Ա. Կաթողիկոս Փարիզի Նոթր Տամ Տաճարին մէջ ծագած մեծ հրդեհին համար իր խոր ցաւը կը յայտնէ Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Պապին, Տաճարի հոգեւոր դասուն եւ Ֆրանսայի պետութեան ու ժողովուրդին։
Վեհափառ Հայրապետը եղած է Նոթր Տամ տաճարէն ներս եւ ծանօթ է անոր ներկայացուցած հոգեւոր, միջ-եկեղեցական ու պատմական իւրայատուկ կարեւորութեան։