Ապրիլի 9-ին պաշտոնական այցով Երևան է ժամանել Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Չեխիայի պաշտպանության նախարարի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեխիայի պաշտպանական համագործակցության ընթացքը և հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է համագործակցության հիմնական ուղղությունները, որոնք առնչվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի և տեղեկատվության փոխանակմանը, ռազմաքաղաքական կանոնավոր երկխոսության անցկացմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Լյուբոմիր Մետնարը նշել է, որ այցի ընթացքում ձեռք բերվող պայմանավորվածությունները նոր լիցք կհաղորդեն պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանը: Երկուստեք կարևորվել է ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր։ Կողմերը համաձայնել են, որ մի շարք հարցերում երկու երկրներն ունեն միանման մոտեցումներ՝ անկախ նրանից, թե ինչ անվտանգային համակարգեր են ընտրել:
Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը և Լյուբոմիր Մետնարը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը, որը սահամանում է համագործակցության հիմական ոլորտներն ու ձևաչափերը:
Ինչպես հայտնում է Չեխիայի պաշտպանության նախարարության կայքէջը, միայն վերջին 3 տարիներին ռազմարդյունաբերության ոլորտում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը ավելացել է 300 տոկոսով։
ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ապրիլի 9-ին կայացած համատեղ ասուլիսի ընթացքում Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայ-չեխական երկկողմ պաշտպանական համագործակցությունը սկիզբ է առել 2010 թվականին և հիմնված է երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների, ժողովուրդների բարեկամության, փոխադարձ ըմբռնման և վստահության ընդհանուր արժեքների և մոտեցումների վրա և ունի լուրջ հեռանկարներ:
«Հայաստանի և Չեխիայի համագործակցության իրավական հիմքն է հանդիսանում 2010 թվականին երկու երկրների միջև ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագիրը և այսօր ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրով սահմանվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, համագործակցության ձևաչափն ու ընթացակարգերը»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարն իր հերթին նշել է, որ Հայաստանը Հարավային Կովկասում Չեխիայի կարևոր գործընկերն է և չեխական արդյունաբերությունը շատ բան ունի առաջարկելու Հայաստանի պաշտպանության ոլորտին: «Մենք միտված ենք խորացնելու երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը»,-ասել է Լյուբոմիր Մետնարը և նշել, որ երկու երկրների համագործակցության շրջանակում ՀՀ ԶՈՒ ռազմական բժիշկներին առաջարկվում է վերապատրաստում անցնել Չեխիայում, նաև՝ համագործակցությունը շարունակել ռազմակրթական ոլորտում:
Չեխիայի պաշտպանության նախարարը ողջունել է հայ խաղաղապահների մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղարարար առաքելություններին և շնորհակալություն հայտնել հայկական կողմին, ընդգծելով, որ չեխական կազմը նույնպես ծառայում է այդ տարածաշրջաններում:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Լյուբոմիր Մետնարն ընդգծել է, որ Չեխիան հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան սպառազինության մատակարարումների սահմանափակումներիքաղաքականությանը, և որոշ ժամանակ առաջ Ադրբեջանում հայտնված չեխական ռազմական տեխնիկան ներկրվել էր երրորդ երկրի կողմից: Չեխիայի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ աջակցում է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 9-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի նախարար Լյուբոմիր Մետնարին:
Վարչապետը նշել է, որ Հայաստանը և Չեխիան արդյունավետ համագործակցում են տարբեր ոլորտներում, այդ թվում նաև՝ պաշտպանության, և երկու երկրների հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է նաև Եվրոպական միությունում, և թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում բարձր մակարդակի գործակցությունը նպաստում է հարաբերությունների ամրապնդմանը:
Չեխիայի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ընդունելության համար՝ նշելով, որ առաջին անգամ է Հայաստանում և ուրախ է այցելել մեր երկիր: Նա շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում թավշյա հեղափոխության և ժողովրդավարական փոփոխությունների մեկամյակի կապակցությամբ և տեղեկացրել, որ այս տարի Չեխիան ևս նշելու է իր թավշյա հեղափոխության 30-ամյակը: Լյուբոմիր Մետնարը նշել է, որ Հայաստանը Հարավային Կովկասում Չեխիայի կարևոր գործընկերն է, և իր երկիրը հետաքրքրված է երկկողմ կապերի հետագա զարգացմամբ՝ պաշտպանության, նաև առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում:
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-չեխական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովումը:
Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Չեխիայի հավասարակշռված դիրքորոշման համար՝ ընդգծելով, որ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակում: Լյուբոմիր Մետնարն իր հերթին հավելել է, որ Չեխիան սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը և տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերին:
Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի ներդրումը երկու երկրների կապերի զարգացման գործում:
orer.eu