Մարտի 13-ին Պրահայի ՙԿյանք 90 ՚ կազմակերպության դահլիճում տեղի ունեցավ ՙՀայկական պատմություն՚ ձեռնարկը, որը վարեց կազմակերպության տնօրեն Յան Լորմանը։
Միջոցառման նպատակն էր կազմակերպության շրջանակներում ներկայացնել հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը՝ մարտի 30-ին կայանալիք ամերիկացի հայտնի գրող Ռիչարդ Կալինոսկու ՙԳազանը լուսնի վրա՚ պիեսի բեմականացման պրեմիերայի նախօրեին։
Ներկաներին նախ ողջունեցին ներկայացման ռեժիսոր Միխալ Տարանտն ու դերասանները։ Տարանտը 15 տարի առաջ նույն ներկայացումը բեմադրել էր Պրահայի Վինոհրադի հայտնի թատրոնում, որն ունեցել էր մեծ հաջողություն։
Ռեժիսորն անդրադարձավ նաեւ հայ, չեխ եւ հրեական սփյուռքներին,անդրադառնալով նաեւ պիեսին, որը թարգմանված է աշխարհի 20 լեզուներով եւ բեմարդվել է տարբեր երկրներում։
Ջենթլմենի դերակատար Իգոր Բարեշի ասելով, ինքը 53 տարեկան հասակում միայն իմացել է հայոց ցեղասպանության մասին՝ այս ներկայացման միջոցով։
Գլխավոր հերոսի՝ Արամի դերակատար Մարտին Կրաուսը խոսեց ռեժիսոր Տարանտի տաղանդի մասին, նշելով, որ նրա հետ աշխատանքն իր համար լուրջ դպրոց է, իսկ Արամի դերն իր համար իսկական թերապիա է, որի մեջ ներդրում է իր անձնական ապրումները։ Նա նաեւ ընդգծեց, որ իրենց նպատակն է ոչ թե սցենարին համապատասխան դերակատարում ներկայացնել, այլ Մարդուն, որն ավելի կարեւոր է, խաղի մեջ ներդնելով կյանք։ Նրա հետ լիովին համամիտ էր գլխավոր դերակատարուհուն՝ Սեդային մարմանավորող Դենիսա Լիցկովան։
Իրենց դերակատարումների մասին խոսեցին նաեւ մյուս դերակատարները։
Այնուհետեւ ՙԱրմենիա ակումբ՚ կազմակերպության նախագահ Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց հայ ժողովրդի պատմության կարեւոր դրվագները, ականավոր գործիչներին, իր խոսքը սկսելով նաեւ Չեխիայում Հայոց ցեղասպանության մասին առաջինը գրած Կարել Հանսայի ՙԱրևելքի սարսափները՚ գրքի եւ Վերֆելի ՙՄուսա լեռան 40 օրը՚ գրքերի մասին, որոնք մեծ ազդեցություն են ունեցել չեխական հասարակության վրա։ Նա նաեւ կարեւորեց այն հանգամանքը, որ Կալինոսկին չլինելով հայ, գրել է նման ստեղծագործություն՝ նվիրված հայ ողովրդին և նրա տառապանքներին։ Իր ելույթին զուգահեռ Տիգրան Աբրահամյանը նաեւ ցուցադրեց Հայաստանի պատմության հետ առնչվող կարեւոր լուսանկարներ, քարտեզներ եւ պատկերներ։
Հաջորդ զեկուցողը չեխ կինոռեժիսոր Մարտին Մահդալն էր, ով տասնամյակներ շարունակ նկարահանումեր է կատերլ Հայաստանում եւ Արցախում, ունի մի շարք ֆիլմեր, բայց այս ձեռնարկի ընթացքում ցուցադրեց հայ ժողովրդի ավանդույթներին, հետաքրքիր պատմաճարտարապետական հուշարձաններին նվիրված իր նկարահանումներից հատվածներ՝ դրանք համեմելով հետաքրքիր տեղեկություններով ու մեկնաբանություններով։
Վերջում ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը Յան Լորմանի խնդրանքով ներկայացրեց ՙՄառլենկա՚ ընկերության գործունեությունը եւ նրա հիմնադիր Գեւորգ Ավետիսյանի կատարած աշխատանքը։ Վերջում նա ունկնդիրներին հրավիրեց հայկական կոնյակի եւ Մառլենկա թխվածքի հյուրասիրության։
ՕՐԵՐ