Մարտի 5-ին Պրահայի Ժոֆին շքեղ պալատում տեղի ունեցած EY միջազգային ձեռներեցության ՙՉեխիայի Տարվա գործարար 2018՚ հանդիսավոր մրցանակաբաշխության ժամանակ չեխահայ հայտնի գործարար , ՙՄառլենկա Ինթերնեշնըլ՚ ընկերության նախագահ Գևորգ Ավետիսյանն արժանացավ ՙՏասնամյակների ներշնչանք գործարարության ոլորտում՚ հեղինակավոր մրցանակին, որն առաջին անգամ էր տրվում Չեխիայում։ Ինչպես նշեց իր ելույթում չեխական ՙՖորբս՚ ամսագրի գլխավոր խմբագիր եւ ժյուրիի անդամ Պետր Շիմունեկը, այս մրցանակը հատուկ ստեղծվել է Գեւորգ Ավետիսյանի կատարած աշխատանքը գնահատելու համար ։ Նրա ասելով, ամեն տարի մրցանակաբաշխության ժամանակ ժյուրիի անդամները միշտ սուր բանավեճեր են ունեցել չեխահայ գործարարին պարգեւատրելու շուրջ, բայց այս տարի հատուկ որոշումով ընդգծել են այն մեծ ներդրումը, որ ունեցել է Գեւորգ Ավետիսյանն իր կատարած աշխատանքով Չեխիայի Հանրապետությունում եւ նրա սահմաններից դուրս։ ՙՆրա հաջողության պատմությունը եթե լիներ Ամերիկայում, կդառնար հոլիվուդյան ֆիլմի եւ ամերիկյան երազանքի մասին արժանի սցենար։ Հայ գործարարն եկել է պատերազմական շրջանից, անցել է կարիքի ու հուսահատության միջով, բայց գաղտնի ընտանեկան բաղադրատոմսը նրան բերել է քաղցր հաղթանակ եւ երազանքների իրականացում՚,- ասաց խմբագիրը։
Հանձնելով մրցանակը, Պետր Շիմունեկը շեշտեց, որ Գեւորգ Ավետիսյանի օրինակը անցած տասնամյակի ընթացքում ոգեշնչել է ոչ միայն Չեխիայում հաստատված օտարազգի շատ գործարարների, այլեւ չեխ երիտասարդներին։ Ստանալով պարգեւը, հայազգի գործարարն իր հերթին շնորհակալություն հայտնեց նման գնահատանքի եւ ջերմ խոսքերի համար, նշելով, որ այն ոչ միայն պարտավորեցնող է, այլեւ մեծ պատասխանատվություն է։ ՙԵս հպարտ եմ, որ իմ աշխատանքով կարողացել եմ Չեխիայի բարի անունը ներկայացնել աշխարհի 45-ից ավելի երկրներում, որտեղ վաճառվում են ՙՄառլենկա՚ ապրանքանիշի թխվածքները,- ասաց իր խոսքում Գեւորգ Ավետիսյանը։ Ի դեպ , թեեւ նա չէր մասնակցել այս տարվա մրցույթին, սակայն ժյուրին նրան ընդգրկել էր Չեխիայի բոլոր տարածաշրջաններից եզրափակիչ փուլ անցած 5 գործարարների թվում։ Այդ առիթով նա նույնպես արժանացավ գնահատանքի՝ պատվոգրի։ Մեծ էկրանին ցուցադրվեցին նաեւ ՙՄառլենկա՚ գործարանի մասին պատմող ֆիլմ,ինչպես նաեւ կարճ հարցազրույց հայ գործարարի հետ։ Տրվեցին նաեւ այլ պարգեւներ սկսնակ եւ արդեն տարբեր բնագավառներում հաջողության հասած գործարարների, իսկ Տարվա գործարար ճանաչվեց ՙԱլկա պլաստ՚ սանտեխնիկայի խոշոր ընկերությունը՝ հանձինս ամուսիններ Ռադկա Պրոկոպովայի եւ Ֆրանտիշեկ Ֆաբիցովիչի, ովքեր էլ Չեխիան կներկայացնեն Մոնակոյում կայանալիք EY –ի համաշխարահային ստուգատեսին։
Հատկանշական է նաեւ, որ ՙՖորբս՚ ամսագիրը, որը սովորաբար իր շապիկին պատկերում էր Տարվա հաղթողին, այս տարի հրատարակել էր ՙՄառլենկայի՚ նախագահ Գևորգ Ավետիսյանի լուսանկարը եւ ծավալուն հարցազրույց նրա հետ։ Իսկ ամսագրի խմբագրականը ամբողջությամբ նվիրված հայ գործարաի հաջողությանը։ Ինչն է հատկանշական, որ խմբագիրը շեշտում է, թե Գեւորգը աշխատում է ազնվորեն իր եւ իր ընտանիքի համար։ Հետեւաբար նրա օրինակը կարող է ներշնչել բազմաթիվ մարդկանց, ովքեր նոր են սկսում իրենց բիզնեսը եւ չունեն ապագայի մասին հստակ պատկերացումներ։
ՙՖորբսի՚ հարազրույցի առաջաբանում նշվում է, որ անցած տարիներին ընկերությունը հասել է մեծ հաջողությունների, արտադրանքի 70 տոկոսը արտահանվում է աշխարհի 45 երկրներ, 265 աշխատողներն էլ այլեւս չեն բավականացնում, ուստի նոր հոսքագծեր են տեղադրվում եւ նոր ներդրումներ են կատարվում ոչ միայն թխվածքի որակի բարձրացման, այլև տեսականին ընդլայնելու ուղղությամբ։ Արդեն կառուցվել է 40 մետր բարձրությամբ նոր պահեստը, որն աննախադեպ է իր հարմարություններով եւ մեծությամբ։ Տարեկան մեղրով տորթի արտադրանքի համար գնում են 150 տոննա մեղր՝ հիմնականում Սլովակիայից, ուր արտակարգ մեղր են արտադրում։ Միայն 2018 թվականին վաճառվել է 8.2 միլիոն տորթ, այն դեպքում, երբ 2012-ին այդ թիվն ընդամենը 2.1 միլիոն էր։
Հիշեցնենք, որ նախորդ տարիներին նույնպես Գևորգ Ավետիսյանը հաղթել է EY-ի տարածաշրջանային մրցույթներում՝ գրավելով առաջին տեղը, իսկ հանրապետական եզրափակիչում 2018-ին արժանացել էր Ժյուրիի Հատուկ մրցանակին։
EY Տարվա գործարար միջազգային մրցանակաբաշխությունը հիմնվել է 30 տարի առաջ ԱՄՆ-ում, համարվում է գործարարության ոլորտի համաշխարհային ամենահեղինակավոր մրցանակներից մեկը։ Չեխիայում անցկացվեց 19-րդ անգամ։ Արդեն 11 տարի շարունակ ձեռնարկը վարում է հայտնի չեխ հեռուստամեկնաբան Մարկ Էբենը, որն իրեն հատուկ նուրբ հումորով միշտ զարմացնում է ներկաներին։ Հանդիսությանը ներկա էին չեխական բիզնես աշխարհի ընտրանին՝ բանկերի ու խոշոր ընկերությունների նախագահներն ու գործադիր տնօրենները։
Հ.Ա. ՕՐԵՐ