2015 թվականի մարտի 22-ին Վարշավայի Ազգային ֆիլհարմոնիայի համերգասրահում պաշտոնապես մեկնարկեց Լյուդվիգ Վան Բեթհովենի անվան միջազգային 19-րդ երաժշտական փառատոնը, որն անցկացվում է Լեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնսիլավ Կոմորովսկու բարձր հովանու ներքո: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը և համերգին ներկա էր նաև Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը՝ տիկնոջ հետ: Փառատոնի շրջանակներում 2015 թվականի մարտի 28-ին հանդես եկավ «Հովեր» պետական կամերային երգչախումբը, իսկ 2015 թվականի մարտի 29-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Հիշյալ երկու համերգները կանցկացվեն Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանի հովանու ներքո: Փառատոնի շրջանակներում մարտի 23-ից մինչև ապրիլի 3-ը բազմաթիվ համերգներ կանցկացվեն Լեհաստանի տարբեր քաղաքներում, որտեղ հանդես կգան աշխարհի տարբեր երկրների տաղանդավոր երաժիշտներ և երաժշտախմբեր: «Հովեր» պետական կամերային երգչախումբը Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանի հովանու ներքո 2015 թվականի մարտի 31-ին համերգով հանդես կգա նաև Լյուբլինում, իսկ 2015 թվականի ապրիլի 1-ին Քշիշտով Պենդերեցկու անվան Եվրոպական երաժշտության կենտրոնում: Այս մասին հաղորդում է Վարշավայում ՀՀ դեսպանությունը։