Մարտի 19-ին Պրահայում բացված Ֆեբիոֆեստ 22-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում երեկ ցուցադրվեց ամերիկյան հայտնի դերասան եւ կինոռեժիսոր Ռասել Քրոուի ,,Ջրի մարգարեն,, /The water diviner/ ֆիլմը։ Չեխական հանդիսատեսին ֆիլմը ներկայացվել էր ,,Հույսի ճանապարհ,, վերնագրով։ Ֆիլմը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Գալիպոլիի ճակատամարտին մասնակցած երեք ավստրալիացի եղբայրների մասին։ Նրանց հայրը՝ ավստրալիական ֆերմեր Քոնորը գալիս է Անատոլիա՝ որդիներին գտնելու նպատակով։ Ռեժիսոր ու գլխավոր հերոսի դերակատար Ռասել Քրոուն երկարատեւ փնտրտուքներից հետո բացահայտում է , որ որդիներից երկուսը զոհվել են , իսկ մեկը ողջ է։ Նա թուրք հրամանատարների օգնությամբ գտնում է որդիների աճյունը եւ հուղարկավորում, իսկ ավագ որդուն գտնում է հեռավոր գյուղի վանքում աշխատելիս։ Ֆիլմը պատերազմի ու սիրո մասին է, ուր թուրքերը ներկայացված են իբրեւ բարի հրեշտակներ, որոնք օգնում են խեղճ հորը, իսկ հույները եւ կոալիցիոն ուժերը կոտորում են թուրքերին։ Ավելին, ավստրալիացին փրկում է թուրք հրամանատարի կյանքը։ Իրադարձությունները կատարվում են 1915-ի դեկտեմբերին, իսկ ֆիլմի վերջում գրվում է, որ այն նվիրվում է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում զոհված եւ անհետ կորած մարդկանց հիշատակին՝ առանց նշելու 1.5 միլիոն հայերի ոչնչացումը։ Փոխարենը նշվում է, որ 70 հազար թուրք է մահացել այս պատերազմի արդյունքում։