Մայիսի 31-ին Ռումինիայի Կոնստանցա քաղաքում տեղի ունեցավ տոնական համերգ` նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյակին: Տոնական երեկոն կազմակերպվել էր Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Օշական քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ, համագործակցությամբ տեղի ծխական խորհրդի և Ռումինիայի Հայոց միության Կոնստանցայի մասնաճյուղի` օրհնությամբ Ռումանիոյ Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի: Համերգը տեղի ունեցավ քաղաքի Արվեստի թանգարանի գեղեցիկ սրահում, ուր հավաքվել էին ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչները, այլև բազում ռումինացիներ, տեղական մամուլի և ռադիոյի ներկայացուցիչներ, Կոնստանցայի Մարզային Գրադարանի տնօրեն Կորինա Միհաելա Ապոստոլեանուն, ,,Անտիկուս,, բազմամշակութային ընկերակցության պատասխանատու Տաներ Մուրատը, հյուրեր և երաժշտության սիրահարներ: