Այս տարվա փետրվար ամսին Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանային ժողովի տրամաբանական շարունակությունն էր սույն թվականի փետրվար 19-20-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Բուխարեստում տեղի ունեցած ՀԵԵՄ Եվրոպայի տարածաշրջանային ժողովի առաջին փուլը, որին մասնակցում էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Ուկրաինայի Հայոց թեմերի, ինչպես նաեւ Ռումինիայի երիտասարդական միությունների, մասնավորապես Ռումինիայի Հայոց թեմի երիտասարդաց միության եւ Ռումինիայի Հայոց միության երիտասարդական թեւի տասնյակ ներկայացուցիչներ: Ժողովը նախագահում էր ՀԵԵՄ հոգեւոր պատասխանատու, Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ում գլխավորած պատվիրակության մեջ էին ՀԵԵՄ Եվրոպայի տարածաշրջանային պատասխանատու, Իտալիո Հայոց հոգեւոր հովիվ Հոգեշնորհ Տեր Թովմա աբեղա Խաչատրյանը եւ ՀԵԵՄ Կենտրոնական գրասենյակի տնօրեն Գեւորգ Մկրտչյանը: Ժողովի պաշտոնական բացմանը ներկա գտնվեց եւ ողջույնի խոսք ասաց Ռումինիայում ՀՀ դեսպան Տիար Համլետ Գասպարյանը: Երկօրյա ժողովը հյուրընկալեց Ռումինիայի Հայոց թեմը՝ առաջնորդությամբ Գերաշնորհ Տեր Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանի: