Հովսեփ Թոքատի «Ավերակ Քղին» պատկերագրքին ծանոթանալուց հետո, ցանկություն առաջացավ ուսումնասիրելու նույն հեղինակի ևս մեկ ստեղծագործություն՝ «Հայ արծաթագործ վարպետներ» պատկերագիրքը, քանի որ այս դեպքում ևս մենք գործ ունենք ոչ միայն պատկերագրքի, այլև հանրագիտարանային հետաքրքիր հրատարակության հետ: Այն նվիրված է հայկական արծաթագործությանը և ոսկերչությանը, որոնք կարողացել են ոչ միայն պահպանել ավանդույթները, այլև անընդհատ զարգացնել եղածը, ստեղծել նորը, դեռ ավելին բազմապատկել, անընդհատ ընդլայնել այդ ինքնատիպ արհեստի և արվեստի տարածման սահմանները՝ ինչպես կոնկրետ ստեղծագործությունների վաճառքով, այնպես էլ արհեստանոց խանութներ ստեղծելով տարածաշրջանի և աշխարհի տարբեր վայրերում։ Հայ արծաթագործ ոսկերիչների անունն իսկ նշանակում էր ստեղծագործական թռիչք և բարձր որակ: